Սիրիահայ ընտանիքը Հայաստանում անտեսված է. երեխաներին անգամ մանկապարտեզ չեն ընդունում

«Չեմ գիտեր հայերեն, կուզեմ սովորիմ, բայց…»,- միտքը հայերեն լեզվով դժվարանում է ավարտել սիրիահայ Արմիկ Յակոբը: Նա իր 5 անչափահաս երեխաների հետ Հայաստան է եկել Դուբայից, մինչ Դուբայում հայտնվելը՝ ապրել են Սիրիայում: Հիմա, ինչպես ինքն է ասում, չնայած հայրենիքում են, բայց մեկուսացած են, այնպիսի դժվարություններով են ապրում, որ անգամ օտարության մեջ նման ծանր օրեր չեն քաշել: Արմիկն ասում է՝ շատ բան չի ուզում՝ հայերեն սովորել, մեկ էլ մի արհեստ, ասենք՝ վարսավիրություն սովորի, որ կարողանա աշխատել ու փոքրիկների հոգսը հոգալ: Արմիկի 4-ամյա երկվորյակները՝ Աննան ու Մերին, շատ են ուզում գնալ մանկապարտեզ, խաղալ իրենց հասակակիցների հետ, բայց, պարզվում է, նրանք զրկված են Հայաստանում կրթություն ստանալու իրավունքից, նրանց մանկապարտեզ չեն ընդունում. Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներն Արմիկին ասել են՝ չենք կարող երեխաներին ընդունել որեւէ նախակրթարան, մինչեւ փաստացի գրանցում չունենան: Երեխաների մայրը մտահոգված է՝ ով իրենց կգրանցի, իրենք վարձով են ապրում: Արմիկը 5 անչափահաս երեխաների հետ որեւէ կարգավիճակ չունի, նրա 9-ամյա Զեփյուռը, 6-ամյա Սարգիսն ու 5-ամյա Դանիելը սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան, այն էլ ֆրանսիական մի բարեգործական կազմակերպության միջամտությունից ու պայքարից հետո, թե չէ՝ այս 3 փոքրիկներն էլ էին զրկվելու կրթությունից:

Ընտանիքի վարձով բնակարանի վարձավճարը հոգում է «Առաքելություն-Հայաստան» կազմակերպությունը, որը նաեւ որոշակի գումար կհատկացնի՝ հագուստ ձեռք բերելու համար: Կենտրոն վարչական շրջանն էլ դպրոցահասակ փոքրիկներին պայուսակ ու գրենական պիտույքներ է տրամադրել: Արմիկը չի աշխատում. հարցնում եմ՝ ինչպե՞ս եք սննդի հարցը լուծում, դժվարությամբ բացատրում է՝ մոտ մեկ տարի առաջ, որ եկել էին Հայաստան, սիսեռ էր խաշում, առանց աղի ու յուղի ուտում էին, երեխաները սրտնեղած ասում էին՝ մամա, էս ի՞նչ ա: Մի օր՝ սիսեռով խաբելով, մի օր՝ կիսաքաղց, այսպես ամիսներով ապրել են, մինչեւ ընտանիքի հետ ծանոթացել է SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության սոցիալական աշխատող Տաթեւիկ Խաչատրյանը: Այս կազմակերպության շնորհիվ փոքրիկները հաճախում էին ամառային դպրոց, որոտեղ նաեւ սնվում էին, հիմա նույն կազմակերպությունը ֆինանսավորում է փնտրում՝ ընտանիքի սնվելու հարցը լուծելու համար. մինչ այս հարցը լուծվի, կազմակերպությունն ամեն օր հաց է ուղարկում նրանց: Սիրիահայ այս ընտանիքի հայրը հենց Դուբայից մեկնել էր Գերմանիա, որտեղ նրա ապագան անհայտ է, կարգավիճակ չունի, երբեմն, ինչպես Արմիկն է պատմում, ձեռքը որ մի քիչ գումար է ընկնում, ուղարկում է Հայաստան՝ ընտանիքին, բայց այդ եղած գումարով հազիվ են յոլա գնում, որովհետեւ համ գումարն է չնչին, համ էլ հաճախակի չի ուղարկում: Շուտով կլրանա մեկ տարին, որ Գեւորգների ընտանիքը Հայաստանում է, բայց պետական որեւէ կառույցից նրանց դուռը չեն թակել ու չեն հետաքրքրվել՝ ինչի՞ կարիք ունեն, սովա՞ծ են, կո՞ւշտ են:

Արմիկն ասում է՝ Աստված ինչպես կկամենա, ամուսինը, եթե գա Հայաստան, այստեղ կհաստատվեն: Մեկ էլ մի փոքր հետո ասում է՝ բայց որ գա, ի՞նչ պիտի անի, հույս չունեն, որ պետական աջակցություն կստանան: Ասում է՝ եթե պետությունը ձեռք մեկնի, աշխատանք ունենան, կմնան հայրենիքում: Արմիկի ամուսնու եղբայրը՝ Խաչիկը, մասնակցել է Սիրիայի պատերազմին, նա էլ Հայաստան է եկել այս տարեսկզբին: Փախստականի կարգավիճակ է ստացել, բայց ասում է, որ արդեն ամիսներ է՝ չի կարողանում անձնագիր ստանալ, որպեսզի կարողանա աշխատանք գտնել: Խաչիկը պատմում է, որ աշխատանք էր գտել ապակիների գործարանում, ամեն ինչ պատրաստ էր, որ աշխատանքի անցներ, բայց երբ հերթը հասել է նրան գրանցելուն, ու երբ պարզվել է՝ անձնագիր չունի, մերժել են: «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ձգձգում անձնագիր տալը, ի՞նչ բարդ բան է, Սիրիայում մի օրում անձնագիր են տալիս, այնտեղ, որպես հայ, ավելի շատ արտոնություններ ունեինք, շատ հարգանքով էին մեր հանդեպ: Էստեղ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, հայ ենք բոլորս, ի՞նչ կապ ունի՝ Սիրիայից, թե՞ ուրիշ տեղից, տվեք, էլի, հայկական անձնագիր»:

Երբ Խաչիկին հարցնում եմ՝ պետական կառույցներից որեւէ աջակցություն ստացե՞լ եք, ասում է՝ ինձ օգնություն պետք չէ, ես իմ արհեստով կարող եմ ապրել, միայն թե պետական կառույցները փաստաթղթերի հարցն արագ լուծեն: Գեւորգների փոքրիկ բնակարանում իրար հետեւից շարված էին ճամպրուկները. ասում եմ՝ ճամպրուկները չեք դատարկում, պատրաստվում եք լքե՞լ Հայաստանը, Արմիկն ասում է՝ չէ, ուղղակի, տեղ չկա իրերը դասավորելու համար, հետո տարակուսած ասում է՝ չեն հասկանում՝ ի՞նչ ապագա է իրենց սպասվում այստեղ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ «Առավոտ»

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *