03.12.11-8139Սիրիա ՄԱԿ

Սիրիայի հյուսիսում, հնարավոր է, ականատես լինենք մեր ժամանակների ամենաարյունալի ճակատամարտին

Թուրքիային սահմանակից սիրիական Ազազ քաղաքի համար քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) և Թուրքիայի ու Պարսից ծոցի արաբական միապետությունների հովանավորությամբ գործող սիրիական հակակառավարական խմբավորումների միջև, արդեն նաև Թուրքիայի ուղղակի միջամտությամբ, ակնկալվող հնարավոր զինված առճակատմանը միտված նախապատրաստական գործընթացները սիրիական հակամարտության ողջ ընթացքում օրինակը չունեցող «կենաց և մահու» ճակատամարտի տպավորություն են ստեղծում:

Եթե սիրիական կառավարական ուժերի հետ փաստացի պայմանավորվածության հանգած քրդերը գրավեն Ազազն, ապա ընդդիմադիրները Հալեպում կհայտնվեն կրկնակի շրջափակման իրավիճակում, ինչը կնշանակի մի կողմից վերջինների լիակատար տապալում, մյուս կողմից՝ նրանց հովանավորող վերոնշյալ արտաքին դերակատարների ծրագրերի ամբողջական ձախողում: Միաժամանակ պետք է նշել, որ Ազազի հետ կապված խաղադրույքների լրջությունը գիտակցում են նշված բոլոր խաղացողնները, և կարծես, հավուր պատշաճի նախապատրաստվում հնարավոր դիմակայությանը: Մասնավորապես, նախօրեին տեղեկատվություն տարածվեց առ այն, որ սիրիական զինված ընդդիմությունը Հալեպի արևմտյան հարևան Իդլիբ նահանգից Թուրքիայի տարածքով շուրջ 500 զինյալ է տեղափոխել Ազազ:

Իսկ այսօր արդեն, մի քանի տեսանյութ է շրջանառվում Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կողմից մոտ 2000 զինյալների Ազազ տեղափոխելու վերաբերյալ (նշված տեսանյութերից մեկը կցված է գրառմանը): Այսպիսով, եթե այնուամենայնիվ, քրդերը հարձակվեն Ազազի վրա (ինչին գործնականում կողմ են նաև Բաշար ալ-Ասադի վարչակարգն ու Ռուսաստանը: Մինչդեռ Ազազի վրա հարձակումը կարող է նաև տեղի չունենալ՝ առաջիկա օրերին Սիրիայում ամբողջական զինադադարի հաստատման վերաբերյալ Մյունխենյան պայմանավորվածությունների կեսագործման արդյունքում նաև քրդերի վրա գործադրվելիք ճնշման հետևանքով), ապա ականատես կլինենք մեր ժամանակների ամենաարյունալի ճակատամարտին, որին, մեծ հավանականությամբ, ուղղակիորեն կարող է մասնակից դառնալ նաև Թուրքիան՝ դրանով իսկ հիմք ստեղծելով առավել գլոբալ միջազգային առճակատման:

Ի դեպ, ի տարբերություն նախկինի, Անկարան Սիրիայում YPG-ի դեմ պայքարելու հարցում արդեն ունի անհրաժեշտ իրավական հիմնավորում. նախօրեին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվության սլաքը թուրքական իշխանություններն ուղղում են դեպի վերոնշյալ քրդական կառույցը: Իսկ թե ինչպիսին կլինի Սիրիայի հյուսիսում մղվող մարտերում Թուրքիայի ուղղակի ներգրավման ձևաչափը, ցույց կտան արդեն շատ մոտ ապագայում ակնկալվող զարգացումները…

Արմեն Պետրոսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *