Սիրիայում առաջիկայում զարգացումները կընթանան «բոլորը բոլորի դեմ» սկզբունքի հիման վրա

Սիրիայում «Ալ Կաիդայի» ճյուղավորումը հադիսացող «Ալ Նուսրայի ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամադ ալ Ջուլանին կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում բացառել է առաջիկա ժամանակահատվածում «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունը: Ալ Ջուլանիի կարծիքով՝ ԻՊ-ի ղեկավարության ձգտումը՝ ստեղծել պետական միավոր, «ապօրինի» է և «ոչ լեգիտիմ»: Նա նաև մեղադրել է կառույցի առաջնորդներին իսլամական իրավունքը սխալ մեկնաբանելու հարցում:

Առհասարակ, Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի որդեգրած գործելաոճը հաճախ է սուր քննադատության արժանանում այլ ծայրահեղական խմբավորումների առաջնորդների, նաև աստվածաբանների կողմից: Կառույցի իրականացրած վայրագությունները, զանգվածային սպանությունները, մահապատիժները, սրբավայրերի պայթեցումները, ավերածությունները շատ մահմեդական աստվածաբաններ որակում են որպես ոչ միայն իսլամի սկզբունքներին հակասող, այլև նաև դրանց դեմ իրականացվող գործողություններ:

Իսկ ինչ վերաբերում է Ալ-Ջուլանիի հայտարարությանը՝ Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների համատեքստում, ապա կարելի է կանխատեսել, որ գոնե առաջիկայում ուժերի hարաբերակցությունը սիրիական ռազմաճակատում հիմնված կլինի հակամարտ կողմերի ներկա տեղաբաշխվածությանը համապատասխան, այսինքն՝ «բոլորը բոլորի դեմ» սկզբունքի հիման վրա: Մինչդեռ ինչպես վերոնշյալ հայտարարությունն էր փաստում՝ առկա իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում, իսկ երկարաժամկետում՝ կախված զարգացումներից, բնականաբար չի կարող բացառել նաև իսլամականների միջև տարաբնույթ դաշինքների հնարավորությունը:

Արմեն Պետրոսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *