«Սիրում եմ թևատակերիդ հոտը». Ազնավուրի` «տաբուները կոտրելու» մասին հարցազրույցը` The Guardian-ին

Բրիտանիայում ներկայացվել է Շառլ Ազնավուրի նոր ձայնասկավառակը, ինչի առիթով The Guardian-ը ծավալուն հարցազրույց -անդրադարձ է ներկայացրել լեգենդի հետ:

Աղբյուր Ազնավուրին անվանում է Ֆրանսիայի` երբևէ ունեցած մեծագույն երգիչ-երգահանը, մարդու, ով իր կարիերայի սկզբից ի վեր որոշել է ֆրանսիական փոփ մշակույթի զարգացման ուղիները, իսկ դրա պատճառը թերևս այն է, որ նրա երգերի տեքստերը միշտ էլ «ռիսկային» են եղել:

Անդրադառնալով Ազնավուրի նոր` 51-րդ ստուդիական ալբոմի թողարկմանը, աղբյուրը նկատում է, որ ալբոմի «Սիրում եմ թևատակերիդ հոտը» վերնագրով ստեղծագործությունը շոկի է ենթարկել Ազնավուրի 50 տարվա շվեդ կնոջը:

Սակայն ազնավուրը միշտ է այդպիսին եղել` իր երգերի համար անսպասելի թեմաներով: Աղբյուրի դիպուկ բնորոշմամբ` 1940-ականներին, երբ Ազնավուրը սկսում էր իր կարիերան, սեքսը մի բան էր, որը տեղի էր ունենում անջատված լույսերի պայմաններում: Բեմում կանայք կարող էին երգել իրենց կոտրված սրտերի մասին, բայց տղամարդկանց դեպքում նման բաները ընդունված չէին: Ազնավուրը, սակայն, փոխեց դա` բարձրաձայնելով առնականության ու լիբիդոյի, դեպրեսիայի ու սեքսի, նախապաշարմունքի ու բռնաբարության մասին: 1970-ականներին միասեռական տղամարդու մասին նրա բալլադը` What Makes a Man-ը, հիթ դարձավ, հետո նույնիսկ արգելվեց: Նույն շրջանում Ազնավուրը երգեց նաև մի տղամարդու զգացմունքների մասին, որի կինը գիրանում է (You’ve Let Yourself Go):

Այսօր էլ Ազնավուրը անհողդողդ է. «Ինձ համար հիվանդության պես է խոսել այն բաների մասին, որոնց մասին ընդունված չէ խոսել: Ես սկսեցի միասեռականությունից և ցանկանում էի կոտրել յուրաքանչյուր տաբու»:

Հետաքրքիր է,որ աղբյուրի գնահատմամբ այսպիսին Ազնավուրին կերտել են իր հայկական արմատները: Խոսվում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նրա ծնողների մասին:

Ինքը Ազնավուրը խոսում է նաև պլաստիկ վիրահատությունների մասին: Նա նկատում է, որ ժամանակին ինքը շտկել է իր մեծ քիթը, «կրակել» է մազերը, սակայն թողել է իր կնճիռները` այնպես ինչպես կան: «Եվ ես մյուսներից ավելի երիտասարդ տեսք ունեմ, քանի որ երբևէ չեմ ռետուշել բնության աշխատանքը», – սրամտում է ազնավուրը:

Խոսելով իր ազգային ինքնության մասին` Ազնավուրը կրկնում է, որ ինքը լիակատար ֆրանսիացի է: Եվ նշում, որ դա բարկացնում է Հայաստանի հայերին, չնայած այժմ նրանք սովորել են դրան:

Ազնավուրը խոսել է նաև Քիմ Քարդաշյանի մասին` որպես հայկական սփյուռքի ու փոփ մշակույթի միջազգային նոր սիմվոլի: Ազնավուրն ասել է, որ երբևէ չի հանդիպել Քիմին, չի նայել նրա շոուները և ոչինչ չի կարող ասել «դրա մասին, քանի որ դա կբարկացնի հայերի կեսին»: «Կարծեմ` հայերը խստաբարո են և չափազանց շատ մերկություն չեն սիրում», – այս թեմայով եզրափակում է Ազնավուրը:

Անձնական սկանդալի մասին խոսելով` նա հիշել է, որ 1970-ականներին կաշառք է տվել իր` հարկերից խուսափելու մասին գործով, ինչը խոստովանել էր տարիներ առաջ: Ազնավուրը, սակայն, հերքել է, թե ինքը «հարկային աքսորյալ» է` այսինքն՝ Շվեյցարիայում է ապրում Ֆրանսիայում հարկերի պատճառով ունեցած իր խնդիրների պատճառով:

Ամփոփելով Ազնավուրի վաստակն ու աշխատանքը` աղբյուրը արձանագրում է, որ նա 1200 երգ է գրել, վաճառել ավելի քան 100 մլն ձայնագրություն իր 70-ամյա կարիերայի ընթացքում: Այժմ նա իր 91-ամյակի նախաշեմին է և, ի դեպ, աշխատում է 52-րդ ալբոմի վրա: Այսօր Ազնավուրը, սեփական բնորոշմամբ, «դինոզավր» է, որը շահարկում է «չհնանալը»: Իսկ նրա համար թերևս ամենաատելի բառը «հրաժեշտի համերգային շրջագայությունն» է:
tert.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *