«Ստեղծել ենք հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել։ «Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում ստեղծել ենք համապատասխան պաշտպանական միջավայր, ինչպես նաև հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ենք ստեղծել:

Հակառակորդի բոլոր դիվերսիոն գործողությունները հասել են մինչև մեր ստեղծած այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել, չեն կարողացել առաջ գնալ»,–ասաց նախարարը։ Նախարարը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ սահմանը հատում են և պատասխանեց իր իսկ հարցին. «Մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել: Որոշ տեղերում կան բաց տարածքներ, այդ տեղերում կան համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը որոշակի մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ էին և ուշադրություն չեն դարձրել այդ նշաններին»:

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ԶՈՒ զարգացման մեջ 2014-15 թվականներն առանձնահատուկ տարիներ են. «Մենք սկսում ենք մեր պատմության մեջ պաշտպանական ուժի երկրորդ վերանայումը: Մենք այսօր ուշադրություն ենք դարձնում նաև «ղեկավարում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ձևավորմանը»: Նրա խոսքով՝ հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել և որդեգրել է քաղաքականություն, որ բանակցային գործընթացին զուգահեռ լարվածություն ստեղծի: Բայց, ըստ նախարարի, դա հակառակորդին չի հաջողվել: «Այս ամբողջ գործընթացի ընթացքում ստեղծել ենք պայմաններ, որ այլևս Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է»,-ասաց նա՝ շեշտելով, որ Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա։

«Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած այսօր բազմապատկվում են»,–շեշտեց նախարարը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ համալսարան եկել համալսարանական զինվորների հետ և երեք զինվորի 10 օրյա խրախուսական արձակուրդ նշանակեց։

Artsakhpress.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *