17281

Ստեփանակերտում տեղի է ունեցել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ստեփանակերտի պետական պատմա-երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը, ով, ողջունելով, ներկաներին մի քանի նախադասությամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Այսօր հայ ժողովուրդը թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհի տարբեր հատվածներում աշխարհի մարդկության առավել առողջ դատող հատվածը մեծ ցավով նշում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,-ասել է Մ. Բալայանը և հավելել, որ յուրաքանչյուր անգամ, անդրադառնալով Ցեղասպանության թեմային, ևս մեկ անգամ փաստում ենք, որ մենք հիշում, հիշեցնում և միաժամանակ պահանջում ենք Ցեղասպանության մեղավորներին՝ այսինքն թուրքական իշխանություններին՝ խոնարհվել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ իրենց կատարած այն մեծ մեղսագործության համար, ինչը սակայն ամենանվազագույնն է, ինչը կարող է թեթևացնել հայ ժողովրդի վիշտը։

Այնուհետև Մ. Բալայանը, ցուցադրելով Ցեղասպանության փաստերն արձանագրող նկարները, պատմել է՝ թե հայ ժողովրդի հանդեպ ինչպես է իրականացվելՑեղասպանությունը։Լրագրողների հետ ճեպազրույցում ֆրանսիահայ զբոսաշրջիկ Արաքսի Նաջարյանը նշել է, որ ինքը առաջին անգամ է Արցախում, և որ իր նախնիներն ևս զոհ են գնացել Ցեղասպանությանը։
Զբոսաշրջիկի խոսքով՝ եկել են այստեղ հիշելու և հարգելու 1915 թվականի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը:

«Շատ կուզենայի, որ ամեն ինչ լավ լինի, սակայն, դժբախտաբար հայ ժողովուրդը միշտ եղել է լքված, բայց հուսանք, որ մի օր աշխարհը արդարացի կգտնվի հայ ժողովրդի հանդեպ»,-նշել է Ա. Նաջարյանը և ավելացրել, որ անշուշտ, ողջ հայերի երազանքն է, որ ոճրագործ ազգը ճանաչի 1915 թվականին իրականացրած սպանդը։

Լիբանանահայ Երջանիկ Մաքասչյանն էլ իր խոսքում նշել է, թե Հայոց ցեղասպանությունը մեծ աշխատանք է պահանջում ողջ աշխարհից։

«Ես շատ հպարտ եմ, որ, ապրելով Բեյրութում, մենք հայոց լեզուն չենք մոռացել և մեր ընտանիքում միշտ խոսել ու խոսում ենք հայերենով»,- ընդգծել է զբոսաշրջիկը։

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներ, սփյուռքահայ զբոսաշրջիկներ։

Artsakhpress.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *