DSCN5634

Սրտացավ մոտեցում՝ առողջ միջավայրում

Միայն դպրոցի միջանցքով շրջելիս, կարելի է պատկերացում կազմել՝ որքան նշանավոր շրջանավարտներ ունի Նոր Խարբերդի միջնակարգ դպրոցը: Ցանկն ընդլայնվելու է, որովհետեւ այս պահին էլ դպրոցում կրթություն են ստանում ապագայի նշանավոր դեմքեր: Կանխատեսման հիմքում աշակերտների ջանասիրաբար աշխատելու հանգամանք է: Այս պահին դպրոցի աշակերտների թիվը 630 է:

654446

«Տաղանդավոր երեխաներ շատ ունենք: Բոլոր մրցույթներում պարտադիր առաջին, երկրորդ տեղերի մրցանակակիրներ ենք ունենում: Մեզ մոտ ե՛ւ մոտեցումն է սրտացավ, ե՛ւ միջավայրն է առողջ: Երեխաներն ազատ ստեղծագործելու, սովորելու նպաստավոր միջավայրում են»,-նշում է Նոր Խարբերդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանը՝ պատմելով հաջողությունների մասին: Այսպես, օլիմպիադաների փուլը նոր է ավարտվել: Մարզային փուլում 10 հաղթող ունեն: Հանրապետական փուլում եւս, վստահ է, որ հաջողություն կունենան: Բացի այդ, նախորդ տարի հանրապետության մակարդակով լավագույն է ճանաչվել նաեւ իրենց աշակերտուհու շարադրությունը՝ եղեռնի մասին: «Այնքա՜ն գեղեցիկ է հաղթանակի բերկրանքը ապրելու պահը»,-ասում է մեր զրուցակիցը:

Դպրոցի սաները սպորտում էլ հետ չեն մնում: Շախմատի մարզային օլիմպիադայում երկրորդ տեղն են գրավել: Առհասարակ, դպրոցում շախմատին մեծ ուշադրություն են դարձնում: Ջրացատկի չեմպիոն ունեն: Համոզված են՝ չեմպիոնի անունը դեռ էլի կլսենք: Աշակերտներից երկուսը Սոչիում սուսերամարտի մրցմանն են մասնակցել: Մարինե Սարգսյանը պատմում է.«Այնտեղից եկել են ու վազել-գնացել օլիմպիադայի: Տաղանդավոր երեխաները ամեն ինչում տաղանդավոր են, ամեն ինչում ուզում են առաջինը լինել»: Խոսելով աշակերտների տաղանդի ու ընդունակությունների մասին, դպրոցի տնօրենը բարձրաձայնում է, որ այսօրվա երեխան պահանջկոտ է: Նրան ո՛չ կվախեցնես, ո՛չ կզարմացնես: «Պետք է հետաքրքրություն առաջացնես: Նրանք ուսուցչից ավելին են պահանջում: Հետեւաբար, ուսուցիչը ժամանակի պահանջներին համապատասխան պետք է առաջ ընթանա, որովհետեւ մի պահ, եթե կանգ առավ, երեխայի պահանջները չի բավարարի»,-հավատացնում է նա ու ավելացնում, որ մանկավարժները հինգ տարին մեկ վերապատրաստվում են: Բայց իրենք ինքնազարգացման պլան ունեն: Յուրաքանչյուրն աշխատում է իր գիտելիքների վրա:

Այս դպրոցում մասնագետների պակաս չունեն: Տնօրենը նկատում է.«Ուսուցիչները շատ էին: Բայց ես կողմ եմ նրան, որ ամեն ուսուցիչ բավարարված լինի ժամերով, գոնե կարողանա այնպիսի աշխատավարձ ստանա, որ շահագրգռված լինի, նվիրվի դպրոցին, թեեւ նվիրումը ներսից է լինում: Հնարավոր է մարդը գերազանց հանձնի թափուր տեղը զբաղեցնելու համար նախատեսված համապատասխան քննությունները, բայց չկարողանա հասկանալ երեխային, դասը վարել: Պետք է սիրես այն, ինչ անում ես: Եթե սիրով չանես, պարզապես չի ստացվի» : Ինքն իր գործը սիրում է: Նույն սիրով էլ իրականացնում է մանկավարժի առաքելությունը: Դպրոցում է արդեն ավելի քան 20 տարի: Դպրոցը ղեկավարում է 5 տարի: «Երբեք չեմ մտածել տնօրեն դառնալու մասին, բայց կյանքիս ճանապարհը թեքությամբ դեպի վերեւ է, ահա թե ինչու երկար ժամանակ նույն տեղում մնալով, առաջ չգնալ չէի կարող»:

Ասում է, որ աշխատանքն ու ընտանիքը իր դեպքում միմյանց չեն խանգարում: Հաջողությամբ կարողանում է համատեղել.«Երբ ամեն ինչ սիրով ես անում, ամեն բան հասցնում ես, նույնիսկ ավելին ես անում»: Նրա ղեկավարման տարիներին դպրոցում դրական տեղաշարժ է եղել: Արդեն ճաշարան ունեն: Դպրոցում հաճախակի վերանորոգման աշխատանքներ են տարվում՝ հին շենք է, առանց դրանց չի լինի:

Շատ են ուզում նորակառույց շենք ունենալ, որովհետեւ անընդհատ վերանորոգելով, երկար չեն կարող շարունակել: Իսկ ԾԻԳ-ի հետ համագործակցության արդյունքում 13 նոթբուք ու էլեկտրոնային գրատախտակ են նվեր ստացել: Տիկին Սարգսյանն ասում է, որ դպրոցի լավ նախադրյալներն իրենից առաջ էլ են եղել: Ինքը փորձել է ավելի զարգացնել, դրականն էլ ավելի շատացնել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *