Սփյուռքահայ Յոհաննա Էքմեքջյանը հայ ուսանողներին Ֆլամենկո է սովորեցնում

Իսպանիայից ժամանած Յոհաննա Էքմեքջյանը Ֆլամենկո պարի մասնագետ է: Յոհաննան բնակվում է Սեվիլիա քաղաքում, որը համարվում է ֆլամենկոի մայրաքաղաքը: Պարում է մանկուց:«Մանկուց սիրել եմ պարել: Տարբեր ոճերի պարերի եմ տիրապետում, բայց ինձ համար հոգեհարազատը ֆլամենկոն է: Ես դասավանդում եմ ֆլամենկո, բայց ինքս էլ հաճախում եմ ֆլամենկոի դասերի»,- ասաց Յոհաննան:Նա առաջին անգամ Հայաստանում եղել է փոքր հասակում: Սա իր երկրորդ այցելությունն է հայրենիք:

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, հիմա էլ բնակվում եմ Իսպանիայում, բայց իմ ծնողները ծնվել են Հայաստանում և խոսում են մաքուր հայերենով: Ես ինքս շատ լավ չեմ խոսում, բայց հասկանում եմ հայերեն»,- նկատեց նա:
Յոհաննան, լինելով Հայաստանում, ցանկություն է հայտնել ֆլամենկոի դասեր անցկացնել հայ պարողների հետ:
Սեփական փորձն իր հայրենակիցների հետ կիսելու նպատակով էլ Սփյուռքի նախարարության աջակցությամբ և միջնորդությամբ օգոստոսի 1-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում կայացավ հանդիպում:
Յոհաննան արժանացավ ջերմ հյուրընկալության պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի, ինչպես նաև ուսանողների կողմից:
Պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց իրենց հյուրնկալվելու համար:
«Շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել: Կարծում եմ՝ մեր ուսանողները ոգևորությամբ կսովորեն ֆլամենկոն: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարությանը այս հանդիպումը կազմակերպելու համար» ,-նշեց Կ. Գևորգյանը:
Մինչ գործնական մասին անցնելը՝ Յոհաննան ուսանողներին պատմեց, թե ինչ է ֆլամենկոն և որտեղից է առաջացել :
«Ֆլամենկոն գալիս է Իսպանիայի հարավային շրջաններից: Այն մշակութային խառնուրդների արդյունք է: Կազմված է երեք կարևոր հիմքերից: Առաջին հիմքը երգն է, երկրորրդը՝ պարը, իսկ երրորդը՝ կիթառը: Ֆլամենկոն ներկայացնում է մարդկային բոլոր զգացումները: Առանց զգացմունքի անհնար է պարել»,- ավելացրեց նա:
Յոհաննան շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
Դասընթացները կտևեն երկու օր:

hayernaysor.am

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *