Սփյուռքի լավագույն հայազգի քանդակագործներից՝ Ռաֆֆի Թոքաթլյան. հանդիպում հայ արվեստագետի հետ

Ռաֆֆի Թոքաթլյանը որպես Սփյուռքի լավագույն հայազգի քանդակագործներից մեկը, վերջին տարիներին արժանացել է բազմաթիվ լիբանանյան եւ միջազգային մրցանակների: Իր ստեղծագործությունները ցուցադրված են Վենետիկի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Տոկիոյի, Մոսկվայի եւ այլ ոստանների մէջ։ Շուտով պետք է հանդես գա միացյալ ցուցահանդեսով գեղանկարիչ Փիերո Մասչեթիի հետ: Ստորեւ ներկայացնում ենք Համո Մոսկոֆյանի հարցազրույցը քանդակագործի հետ:

Պրն. Թոքաթլյան, Ձեր միացյալ ցուցահանդեսը Իտալական մշակույթի ինստիտուտի կողմից՝ գեղանկարիչ Փիերո Մասչեթիի հետ ինչպե՞ս կգնահատեք։

-Այս տարի առաջին անգամն է, որ ցուցահանդես  կազմակերպեցինք Connaissance Des Arts ցուցասրասրահի մեջ՝ իտալացի նշանավոր գեղանկարիչ Փիերո Մասչեթիի հետ միասնաբար։ Իր պաստառները եւ իմ քանդակներս միասնաբար պիտի ներկայանան արվեստասեր ընտրանիին՝ առաջիկա դեկտեմբեր 6-ին։ Բացման հանդիսության հետ, մեր ստեղծագործությունները պիտի ցուցադրվեն մինչեւ հունվարի 15-ը: Հուսով  ենք, որ այն արվեստի հաջող իրադարձություն կլինի:

Իտալական գեղարվեստի հանդեպ Ձեր սերը բացահայտ է  Ռաֆֆի Թոքաթլյանի քանդակների նկատմամբ։ Վենետիկի Փալացիո Զենոպիոյի դահլիճներում  Ձեր ստեղծագործությունների ցուցադրումը եւ նկարահանումները մեծ արձագանգ գտան: Ինչպէ՞ս եք պահպանում Ձեր արվեստի մերձեցումը Իտալիայի հետ։

– Մարդկային քաղաքակրթության օրրան Իտալիայի հանդեպ սերս փոքր տարիքից է սկսել զարգանալ։ Նախկինում Լիբանանի Իտալիայի դեսպանատան մշակույթի կցորդի հետ բավական ցուցահանդեսներ էինք կազմակերպում։ Քանդակներս 2 տարի ցուցադրվել են  Իտալիայի դեսպանատանը, նաեւ իտալացի լուսանկարիչ Ալիտորս Քաթուչիի հետ էլ այլ ցուցահանդեսներ ենք ունեցել կազմակերպած: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսի մի տարբերակի բացումը տեղի  կունենա Հռոմում՝ 2015 թ.ին, տաղանդավոր գեղանկարիչ Փիերո Մասչեթիի հետ։

-Ինչպես որ Ձեր արվեստով հիացած ընտրանին, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցները, չկարողացան չնկատել, որ 2014 թ.ին ցուցահանդեսների մասնակցությունը պասիվ էր: Ի՞նչ ծրագրեր ունեք գալիք տարում, հատկապես  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ:

-Այս տարվա ընթացքում սահմանափակվեցինք վերոնշյալ ցուցահանդեսով, բայց 2015 թ.ին մեծ ծրագրեր կան, որոնց  նախապատրաստման համար օրնիբուն աշխատում ենք։ 2015 թ.ին այդ կարեւոր իրադարձության բացումը տեղի պիտի ունենա։ Դա  էր գլխավոր պատճառը, որ ձեռնպահ մնացի անցնող տարվա ընթացքում միջազգային ցուցահանդեսների մասնակցելուց, որի մասին առաջինը դուք պիտի իմանաք…։

Այսօր երեւի միակ հայ քանդակագործն էք Սփյուռքի մեջ, ուր Ձեր անունը քաջածանոթ է Իտալիայի, Ամերիկայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի արվեստի ակադեմիական բազմաթիվ շրջանակներին։ Ինչպե՞ս կբացատրեք այս  ձեռքբերումների գաղտնիքը:

– Այն, ինչ որ  ստեղծագործում եմ ինձ համար եմ անում…։ Դուք միայն լավագույններն եք  ճանաչում…։ Եթե արվեստագետը անկեղծ լինի իր ստեղծագործություններում, ապա հայտնի կդառնա, իսկ եթե առեւտրական միտումներով է ստեղծագործում, ապա ոչ: Ամեն անգամ, երբ քանդակում եմ, նոր մի բան եմ սովորում: Ջանում եմ կատարելության հասցնել աշխատանքներս եւ ինձ գոհացնել նորանոր ստեղծագործություններով:

Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ 

Բեյրութ, Նոյեմբերի 28

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *