Սփյուռքում, այդ թվում և Թուրքիայում հետզհետե պակասում է հայերեն խոսող հայերի թիվը

Հայկական ստամբուլի հետ ծանոթությունը սկսվում է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունից: Շենքի մուտքի մոտ` հատակին տեղադրված սև սալիկը տեղեկացնում է, որ հենց այդտեղ է 2007-ին սպանվել Հրանտ Դինքը: Նեղլիկ, գրքերով ու թերթերով բեռնված սենյակներից անմիջապես հասկանալի է, որ վայրը մտավոր գործունեության կենտրոն է, այս պարագայում` խմբագրություն: Սենյակներում հայկական քթի արձանը, Արցախի դրոշը, հայոց տառերով պաստառները հուշում են, որ խմբագրությունը հայկական է, չնայած այստեղ աշխատող 25 հոգուց միայն կեսն են հայեր: Թուրքերեն ու հայերեն հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը հիմնադրվել է 1996-ին:

Թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով` Սփյուռքում, այդ թվում և Թուրքիայում հետզհետե պակասում է հայերեն խոսող հայերի թիվը: Մարդիկ գիտակցությամբ ու ինքնությամբ հայ են, բայց չեն տիրապետում հայերենին: «Ակոսի» թուրքերեն լինելն էլ այս հանգամանքով է պայմանավորված: Էստուկյանը նշում է, որ թերթի հրատարակությամբ պարզվեց` մեծ է նաև ազգությամբ ոչ հայերի թիվը, որոնք հետաքրքրված են հայկական համայնքի կյանքով: Ներկայումս շաբաթաթերթը լույս է տեսնում 5 հազար տպաքանակով, և բաժանորդների թվում կան և՛ հայեր, ո՛չ հայեր:

6602_medium

Ստամբուլ Էստուկյանը նշում է, որ այժմ «Ակոսն» ունի ընդդիմադիր ոճ և հատկապես Դինքի սպանությունից հետո քաղաքականացված է: Ապրում են գովազդներից և հայտարարություններից ստացվող միջոցներով, բայց մերժում են նվիրատվությունները, որոնք կարող են խոչընդոտել իրենց անկախությունը: Տարիներ առաջ անգամ թուրքական կառավարությանն են մերժել, որը փորձել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել թերթին: Հայկականության հաջորդ օազիսը Ստամբուլում Կեդրոնական վարժարանն է: Հիմնական փողոցից ներս ընկած, մտնողին թուրքական դրոշով և աթաթուրքի կիսանդրիով դիմավորող շենքում իրականում փորձում են հային հայ պահել (վարժարանին ու Ստամբուլում հայկական կրթական հաստատություններին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում): Քաղաքի հայկական շունչը հատկապես զգացվում է Բոսֆորի նեղուցով անցնելիս: Բարեբախտաբար, այս մի հարցում թուրքական ժխտողականությունը տեղի է տվել ու զբոսավայրը զբոսաշրջիկներին պատմում է, որ Բոսֆորի երկայնքով տեղակայված շքեղագույն կառույցները հայկական Պալյանների գերդաստանի գործերն են: Հատկապես մանրամասն է ներկայացվում XIX դարի կեսերին կառուցված Դոլմաբահչե պալատը, որը հեղինակել է Կարապետ Պալյանը:

Շենքի ներքին հարդարանքի վրա ծախսվել է շուրջ 14 տոննա ոսկի: Պալատի պատերը զարդարում են Հովհաննես Այվազովսկու կտավները: Հիացմունք ես ապրում, երբ տեսնում ես հայակերտ հանրահայտ դղյակներն ու ցավ ապրում, որ բոլորի վրա ծածանվում է թուրքական կիսալուսնով կարմիրը: Իսկ միակ շենքը, որի վրա ծածանվում է հայկական դրոշը, որի ներսում մտնողին ողջունում են հայկական գերբն ու դրոշը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հայկական ներկայացուցչությունն է: 1992 թ. ստեղծված այս տնտեսական կառույցին 2001-ից անդամակցում է նաև Հայաստանը:

Մեր երկիրը Թուրքիայում ներկայացված է երկու հոգանոց անձնակազմով` ներկայացուցչության ղեկավար Միքայել Վարդանյանը և նրա օգնական Իգոր Մարտիրոսյանը: Եվ չնայած այն դիվանագիտական կառույց չէ, միևնույնն է, Թուրքիայում խնդրի դեմ առած ամեն հայի միակ հույսն ու ապավենն է:

Հայկուհի Բարսեղյան 

Ստամբուլ-Երեւան

Ankakh.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *