Կարեւորվել են Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը և հայապահպանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը. ստորագրվել է հուշագիր

Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը և Դավթեան – Մարիամեան կրթական հաստատությունը` կարևորելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը, մշակութային, կրթական, դաստիարակչական և քարոզչական ծրագրերի իրականացումը, կնքեցին համագործակցության հուշագիր
Բարձր գնահատելով կրթական հաստատության ազգանպաստ գործունեությունը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը և հայապահպանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց նաև ԱՄՆ կառավարությանը՝ հայոց լեզվի դասընթացների ծրագիրը 7 քաղաքների 29 դպրոցներում իրականացնելու համար: Նա մասնավորապես նշեց. «Դավթեան – Մարիամեան կրթական հաստատությունը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն է՝ ամերիկյան պետական դպրոց հաճախող շուրջ 10 հազար հայ աշակերտներին հայեցի կրթությամբ և դաստիարակությամբ հայի ոգի սերմանելը: Շնորհակալ եմ նաև ծնողներին ոգևորության և ակտիվության, այս կառույցի նկատմամբ ունեցած հավատի, սիրո համար Միայն Ջեֆերսոնի դպրոցում 300 հայ երեխա է սովորում: Դավթեան – Մարիամեան կրթական հաստատությունը Կալիֆոռնիայի 29 դպրոցներում հայոց լեզվի և հայապահպանության խնդիրներով է զբաղվում: Արդեն 6 տարի է ակտիվ համագործակցում ենք և այս համաձայնագրով պարզապես ամրագրում ենք այն ինչ արել ենք ու փորձենք առաջ գնալ: Շարունակելու ենք համագործակցել հայապահպանության, հայոց լեզվի պահպանման խնդիրների լուծման և նախարարության ծրագրերին ավելի ակտիվ մասնակցելու ուղղությամբ: Ուզում եմ մաղթել, որ հաստատության դպրոցների թիվն ավելանա, կրկնապատկվի»:
Շնորհակալություն հայտնելով վստահության և բարձր գնագհատականի համար՝ պարոն Ծատուրյանը նշեց. «Ուզում եմ, որ մեր աշխատանքն այսուհետև ավելի զորավոր լինի, որ կարողանանք ավելի մեծ թվով երեխաներ ներառել մեր կրթական ծրագրերում»:
Նշենք, որ Դավթեան – Մարիամեան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1987 թվականին Իրանի Քուշեշ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մի խումբ շրջանավարտների կողմից:
Այժմ ԱՄՆ-ի յոթ տարբեր քաղաքներում գործում է մոտ 30 կրթական հաստատություն, որոնցից ամենախոշոր մասնաճյուղը Գլենդելում է: Կրթօջախում դասավանդում են մշակույթ, հայոց լեզու, հայոց պատմություն: Հայկական երգի, պարի, ասմունքի խմբակներում աշակերտները ծանոթանում են հայ մշակույթին, արվեստին և ավանդույթներին: Դասընթացները կազմակերպվում են ամերիկյան պետական դպրոցներում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *