13907102_773331606141713_6004091817371260895_n

Վահան Բադասյան. « Եթե ուզում ենք խաղաղություն հաստատվի, պետք է շուտափույթ ետ վերցնենք կորցրածն ու նոր տարածքներ գրավենք»

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը ծնվել է 1968թ. Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարարպետա-շինարարական ֆակուլտետը, 1986-1988 թթ. ծառայել Խորհրդային Միության բանակում: Ծառայությունից հետո վերադարձել է հայրենի գյուղ, մասնակցել Արցախյան հերոսամարտին: 1994թ.պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, 2000թ.` «Արիության մեդալով»:

– Պարոն Բադասյան, ինչպիսի՞ մասնակցություն եք ունեցել Արցախյան ազատամարտին:

1991թ., երբ իրականացվեց տխրահռչակ «Օղակ» օպերացիան, իմ նախաձեռնությամբ կազմավորվեց ջոկատ, որի հրամանատարությունը ինքս ստանձնեցի: Նույն`1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրեցինք Տող գյուղը: Մի շարք պարտիզանական մարտեր մղեցինք Խանձաձորում, Սարիմշենիում, Ծամձուում: Նոյեմբերի 15-ին ազատագրվեց նաև Սարիմշենը:

Այնուհտեև սկսեցինք պաշտպանություն իրականացնել Հադրութի տարբեր դիրքերում: 1992թ. հունվարի 8-ին ադրբեջանցիները լայնամասշտաբ հարձակում էին կազմակերպել Հադրութի ուղղությամբ: Իմ հրամանատարության ներքո գտնվող ջոկատը ևս Հարդրութում էր: Մեզ հաջողվեց ետ մղել թշնամու առաջխաղացումը, և Ղարաբաղում առաջին անգամ մեզ հաջողվեց առգրավվել թշնամու երկու զրահամեքենա: Հիշում եմ, թե դա ինչպիսի մեծ ոգևորություն առաջացրեց հադրութցիների շրջանում: Ամբողջ 1992 թ. ընթացքում իմ գլխավորած ջոկատը մասնակցել է Հադրութի գրեթե բոլոր պաշտպանական մարտերին: Բանակի կազմավորումից հետո նշանակվեցի Հադրութի առաջին գումարտակի հրամանատար: 1993 թվականին իմ գլխավորած ջոկաատը մասնակցեց Քարվաճառի ազատագրմանը: Նույն թվականին գումարտակը` Հադրութի գնդի հետ միասին ազատագրեց Քարագլուխ գյուղը, ապա Ծամձուն: Շարունակեցինք մեր ազատագրական ընթացքը դեպի Ջաբրայիլ: Ազատագրվեցին նաև Արևշատ և Խանձաձոր գյուղերը: Գումարտակը մասնակցել է նաև Կուբաթլուի ազատագրմանը: 1993 թվականին կազմավորվեց ավելի մեծ գումարտակ. 6-րդ գումարտակը միացվեց առաջինին:

Նոր գումարտակը, հասանելով Արաքսի հովիտ և ազատագրելով մի շարք բնակավայրեր, հասավ Զանգելան: 1994 թվականին ծանր վիրավորվել եմ:

-Ինչպիսի՞ գործունեություն ծավալեցիք պատերազմից հետո:

1994 թվականի վերջին նշանակվել եմ Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ, 1995 թվականին ժամանակավորապես զբաղեցրել եմ վարչակազմի ղեկավարի պաշտոնը: Այնուհետև սկսել եմ զբաղվել ավերված Խանձաձորի վերակառուցման աշխատանքերով և, ստանալով պետության աջակցությունը, իմ հիմնադրած շինարարական կազմակերպության միջոցով Խանձաձոր գյուղն ամբողջովին վերականգնելենք: Մասկնակցել եմ մյուս ավերված բնակավարերում իրականացվող վերակառուցման աշխատանքներին: 1999թ. նշանակվել եմ Հադրութի վարչակազմի ղեկավարի պաշտոնում` պաշտոնավարելով մինչև 2001 թվականը: 2010թ. ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընտրվել եմ ԼՂ Ազգային Ժողովի պատգամավոր:

Ի՞նչ ցույց տվեց Քառօրյա պատերազմը և ինչպիսի՞ դասեր պետք է քաղենք այդ ռազմական գործողություններից հետո:

– Անշուշտ հարկավոր է դասեր քաղել տեղի ունեցածից, քանզի հակառակ պարագայում դա մեզ համար կործանարար կլինի: Տեղի ունեցածից հետևություններ պետք է անեն և՛ բանակը և՛ քաղաքացիները` մենք բոլորս: Պետք է մեր տեղը հստակ իմանանք և գիտակցենք մեր անելիքը: Եթե ինչ-որ հարցերում թերացել ենք, սխալ ենք գործել, մեղավոր ենք բոլորս, թեև ոչ հավասարաչափ: Հակառակորդին հաջողվել է մի պահ կոտրել զգոնությունը և նա կարողացել է մեր դիրքերը վերցնել:

Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում համապատասխան հետևություններ անելուց հետո մենք վերադարձնելու ենք կորցրածը: Շատ մեծ ցավ եմ ապրում մեր կորցրած լավագույն տղաների ու ընկերների համար:

– Ին՞չ կարծիքի եք ապրիլյան պատերազմի ընթացքում մեր ժողովրդի դրսևորած միասնականության և կամքի մասին:

– Հուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան լարվածության ընթացքում մի աննախադեպ երևույթ էր մեզ համար և ուրախալի, որ այդ ծանր պահին համախմբվեց ամբողջ հայ ժողովուրդը ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Սա է մեր առաջնահերթ զենքը ցանկացած, նույնիսկ ամենուժեղ հակառակորդի դեմ: Շատ ուրախ եմ, զգացված և հուզված այդպիսի միասնություն տեսնելով:

– Սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Սարգսյան – Ալիև հանդիպումը: Որքանո՞վ են միջազգային հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և բարձր պաշտոնյաների հանդիպումները նպաստում հակամարտող երկրների միջև փոխադարձ վստահության առաջացմանը և դրանց ազդեցությամբ հնարավո՞ր է որևէ դրական տեղաշարժ ակնկալել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում:

– Նախ նշեմ, որ ոչ մի փոխադարձ վստահության մասին խոսք գնալ չի կարող: Մենք չենք կարող ակնկալել, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության պահպանմանը և 1994 թվականի զինադադարի համաձայնագրին: Խորապես համոզված եմ, որ եթե ճիշտ չգնահատենք երևույթը, ապա ծանր հետևանքներ կարող ենք ունենալ:

Հարկավոր է ճիշտ գնահատելով իրավիճակը, ընդունել, որ թշնամին շարունակելու է հարձակվել, դիմել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչին հարկավոր է պատրաստվել: Պաշտոնական Բաքվին ոչ մի պարագայում չպետք է վստահել և հարկավոր է միշտ պատրաստ լինել պատերազմի: Եթե մենք ուզում ենք, որ խաղաղություն հաստատվի, պետք է շուտափույթ կերպով ետ վերցնենք կորցրածը և ավելին, նոր տարածքներ գրավենք: Դրանից հետո է միայն խաղաղությունը հնարավոր կլինի: Ունեալով ուժեղ, կազմակերպված, լավ սպառազինությամբ հագեցած բանակ` կկարողանանք ապահովել մեր խաղաղությունը:

Հարցազրույցն  ամբողջությամբ կարդացեք՝ Armenia-Artsakh-Diaspora

համահայկական ամսագրում

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *