big_7b414e5666706330fd64122e0fdf3267

Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախ վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս փոփոխությամբ գործադիրը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն և նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը: Ուստի ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից: Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար:

Հաշվի առնելով այս հանգամանքը և ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը, վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:

Հիշեցնելով, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տալու հանձնարարություն էր ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունը, կառավարության ղեկավարը ամբիոնի մոտ է հրավիրել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է հատկապես Հալեպում ստեղծված դրությանը և այն միջոցներին, որ սփյուռքի շատ կազմակերպություններ ձեռնարկում են տեղի հայերին օգնելու համար: Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ:

Նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Նախարարը հանդիպել է նաև բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների գործերի հանձնակատարի ներկայացուցչի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար: Նշելով, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, նախարարը վստահեցրել է, որ հնարավոր է 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում: Վարչապետն առաջարկել է նաև համապատասխան նախարարություններին՝ համակարգել այդ աշխատանքը և առավելագույն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *