ՎԻՏԱԼԻ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Ծնվել է 1959թ. մարտի 5-ին ք. Ասկերանում (ԼՂՀ): 1977-79թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Մի քանի հարյուր հայորդիների հետ 1988թ. կարողացել է հետ մղել դեպի Ստեփանակերտ շարժվող ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի առաջխաղացումը եւ կանխել սպասվող արյունահեղությունը: 1992թ. հունվարից մասնակցել է Ասկերանի (Խրամորթ, Փրջամալ,Դահրավ), Աղդամի (Ջինլի, Աղդամ, Գալայչիլաք, Գյուլուջա, եւն.), Մարտակերտի շրջանների բնակավայրերի, Ամարասի հովտի, Լաչինի («Մարդասիրական միջանցք») ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1989-91թթ. եղել է կամավորական ջոկատի, ապա` գումարտակի, 1992-96թթ.` Ասկերանի պաշտպանական շրջանի, 1996-98թթ.` ՊԲ միավորման հրամանատար, 1998-99թթ.` ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999-2005թթ.` ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2005-2006թթ.` Արցախի պատերազմի վետերանների միության նախագահ: ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (2000): Արցախի հերոս (2002): Պարգեւատրվել է ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:
2000-2005 եղել է «Արցախի պատերազմի վետերանների միությունե հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է ՀՅԴ-Շարժում-88 խմբակցության կազմում։ 2007-2010 եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Դարձել Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և Դաշնակցություն խմբակցության անդամ։ 2012թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է Դաշնակցություն խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ 2011 թվականից Հավատք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Զինվորական որևէ կրթություն չունեցող Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։ Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բնագիծ ուներ՝ ձախից Խաչեն գետը, ձգվելով մինչև Վազգենաշեն (Ավդալ-Գյուլափլի), որը հարակից էր Աղդամ քաղաքին և շրջանին, իսկ արևմտյան մասից՝ Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի շրջանը), քանի որ Ասկերանի շրջանը հարակից էր Լաչինի և Աղդամի շրջաններին։ Ասկերանի պաշտպանական շրջանի վաշտերի մեծամասնությունը մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը։ Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից։ Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին։ 1993 թ. ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվաճառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն)։ 1994, երբ Ադրբեջանը հակագրոհով մտավ Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրագործվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։ 1993թ. հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրամանատարն է եղել։ Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով։ Տարբեր ժամանակներում գնդի մի մասը Բալասանյանի հրամանատարությամբ մասնակցել է Հորադիզի ուղղությամբ պաշտպանողական և հարձակվողական մարտերի։ Նշված բոլոր ուղղություններում գունդը գրանցել է մշտական հաջողություններ։

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *