ԿԱՐԵՎՈՐ
Search
main20151218_4 (1)

Վրաստանի հայության մայր թերթը

Հայ մամուլի տարեգրության մեջ իր մնայուն տեղն ունի «Վրաստան» թերթը։ Այն արդեն շուրջ մեկ դար առանց ընդհատումների, անխափան պարբերականությամբ լույս է տեսնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում եւ տարածվում այդ հանրապետության հայաբնակ քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաեւ առաքվում հայաշատ այլ վայրեր։
Գոյության բոլոր շրջափուլերում, անկախ այն բանից, որ հանդիսացել է Վրաստանի կուսակցական–պետական պաշտոնաթերթերից մեկն ու միշտ ենթակա վերադաս ղեկավար մարմիններին, հնարավորություններ է ստեղծել եւ իր էջերում լայն տեղ է հատկացրել ոչ միայն Վրաստանի, այլ անդրկովկասյան հանրապետությունների ու սփյուռքի հայության տնտեսական, հասարակական–քաղաքական ու մշակութային կյանքին, արծարծել է հայ ժողովրդին հուզող խնդիրները, անդրադարձել է անցյալի մեր պատմության լուսավոր ու մռայլ էջերին եւ մշտապես քարոզել է ժողովուրդների համերաշխություն։ Այդ ընթացքում թերթը լույս է ընծայվել հինգ տարբեր անվանումներով։

«Վրաստանը» ասպարեզ է իջել մենշեւիկյան կարգերի օրոք եւ, որպես կոմունիստական օրաթերթ, ունեցել է ընդհատակյա տարածում։ Նրա անդրանիկ համարը՝ «Կարմիր աստղ» վերտառությամբ, լույս է տեսել 1920թ. դեկտեմբերի 15—ին եւ 5 համար տպագրվելուց հետո ոստիկանության կողմից հայտնաբերվել ու արգելվել է։ Ընդհատակում տպագրված այդ համարների անվանական խմբագիրն է եղել Սմբատ Դովլաթյանը։

«Կարմիր աստղ» թերթի հրատարակությունը վերսկսվել է Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո միայն՝ 1921թ. փետրվարի 26—ից։ Այն սկզբում լույս է տեսել փոքր ծավալով, որպես Վրաստանի հեղկոմի պաշտոնաթերթ, իսկ մարտի 20—ից հրատարակվել է մեծադիր տեսքով, արդեն որպես Վրաստանի կոմկուսի կենտկոմի եւ Թիֆլիսի կոմիտեի օրգան։ Նրա նոր խմբագիրը Սուրեն Երզնկյանն էր, իսկ խմբագրական խորհրդի անդամներն էին Հ. Սուրխաթյանը, Հ. Հակոբյանը եւ Ա. Շահվերդյանը։ 1921թ. վերջերից կազմվել է խմբագրական նոր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաեւ Գարեգին Մելոյանը, Արշավիր Մելիքյանը եւ Սարգիս Կասյանը։ Վերջինս նշանակվել է թերթի պատասխանատու խմբագիր։
1922թ. ապրիլի 22—ից «Կարմիր աստղը» դարձել է ՎԿ/բ/Կ Կենտկոմի եւ Թիֆլիսի կոմիտեի, Վրաստանի բանվորագյուղացիական եւ զինվորական պատգամավորների խորհուրդների կենտգործկոմի օրգանը, իսկ ապրիլի 27—ից՝ ՎԿ/բ/Կ Կենտկոմի որոշմամբ Ս. Կասյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է խմբագրի պարտականություններից եւ նրան փոխարինել է Սարգիս Խանոյանը։

Անդրկովկասյան երեք հանրապետությունների կոմկուսները միավորվում եւ 1922թ. փետրվարին ՌԿ/բ/Կ Կովկասյան բյուրոյի փոխարեն ստեղծում են ՌԿ/բ/Կ Անդրերկրկոմը, իսկ մարտին ձեւավորվում են Անդրկովկասյան Դաշնությունը եւ նրա ղեկավար մարմինները՝ խորհուրդների կենտգործկոմն ու ժողկոմխորհը։ Առաջնահերթ խնդիր է դառնում անդրկովկասյան կենտրոնական մամուլի ձեւավորումը։ Ալ. Մյասնիկյանի առաջարկությամբ 1923թ. սկզբին ստեղծվում են ՌԿ/բ/Կ Անդրերկրկոմի օրգան «Մարտակոչ» հայերեն եւ «Զարյա Վոստոկա» ռուսերեն թերթերը, որոնք այդուհետեւ դառնում են անդրկովկասյան հանրապետությունների բազմալեզու մամուլի առաջատար օրգաններ՝ Ալ. Մյասնիկյանի խմբագրությամբ։ «Մարտակոչը» 1923թ. մարտի 16—ից փոխարինում է «Կարմիր աստղ» թերթին։ Նույն կարգավիճակն է ունենում նաեւ «Զարյա Վոստոկան»։ Անդրկովկասի մամուլը ենթակա էր այս երկու թերթերին։
Ալ. Մյասնիկյանի մահից հետո «Մարտակոչի» խմբագիրներ են դարձել Աշոտ Խումարյանը (1925—1926թթ.) եւ Սարգիս Խանոյանը (1926—1927թթ.)։ Թերթը ունեցել է նաեւ «Մարտակոչ» հասարակական–քաղաքական եւ գրական–գեղարվեստական հավելվածը, որը խմբագրել է նշանավոր գրականագետ Հ. Սուրխաթյանը։

1927թ. հոկտեմբերից «Մարտակոչը» վերանվանվել է «Պրոլետար»։ Գոյության 11 տարիներին թերթը խմբագրել են նշանավոր հրապարակախոսներ ու գրողներ, կուսակցական ու պետական անվանի գործիչներ, որոնց թվում՝ Աղասի Վարդանյանը, Երվանդ Ասրիբեկյանը, Վահան Գրիգորյանը, Վարդան Ատրյանը, Հովհ. Պողոսյանը, Աշոտ Մարգարյանը, Արշավիր Գասպարյանը եւ այլք։ «Պրոլետարը» աչքի է ընկել նաեւ իր գրական–գեղարվեստական եւ հասարակական–քաղաքական հավելվածներով ու «Պրոլետարի» գրադարան» մատենաշարով։ Հավելվածներն են «Արվեստ, գրականություն, գիտություն», «Պրոլետար», «Գրական շաբաթ», «Վերելք», «Կարիճ», «Գրական արշավ», «Գրոհ», «Բարձունքներ» եւ այլն, որոնք հրատարակվել են 1928—1935 թթ. թերթին զուգընթաց եւ իրենց էջերում լայնորեն արծարծել են ժամանակի գրականության ու արվեստի, գիտության ու լուսավորության խնդիրներ ու միաժամանակ ներկայացրել Վրաստանի խորհրդահայ գրողների ստեղծագործությունները։
1938թ. օգոստոսի 12—ից «ղեկավար օրգանների որոշման համաձայն» «Պրոլետարը» վերանվանվել է «Խորհրդային Վրաստան», իսկ 1940թ. հոկտեմբերից՝ «Սովետական Վրաստան» եւ այդ վերտառությամբ տպագրվել է մինչեւ 1989թ. օգոստոսի 18—ը, որից հետո կրել է դարձյալ «Խորհրդային Վրաստան» անունը, իսկ 1990թ. դեկտեմբերի 15—ից անվանվել է «Վրաստան» եւ այդ վերտառությամբ լույս է տեսնում մինչեւ այժմ։

Հայրենական պատերազմին հաջորդող ծանր տարիներին շուրջ երկու տասնամյակ թերթի խմբագրի պարտականությունները պատվով է կատարել անվանի հրապարակախոս Զավեն Պողոսյանը, որին 1959թ. սեպտեմբերի 1—ից փոխարինել է Հակոբ Բլրցյանը եւ այդ պաշտոնը վարել մինչեւ 1987թ. սեպտեմբերի 1—ը։ Նրա խմբագիր եղած շուրջ երեք տասնամյակների ընթացքում «Սովետական Վրաստանը» ամրապնդել է իր դիրքերը, դարձել է հանրապետության չորս առաջատար թերթերից մեկը ոչ միայն որպես Վրաստանի կոմկուսի Կենտկոմի, Վրացական ԽՍՀ Գերագույն սովետի եւ Մինիստրների խորհրդի օրգան, այլ նաեւ որպես հայերեն լույս տեսնող միակ պետական թերթը Վրաստանում։
Թերթը մեծ ներդրում է կատարել նաեւ հայ եւ վրաց գրականությունների զարգացման գործում։ Նրա էջերում են տպագրվել Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Դ. Դեմիրճյանի, Ա. Բակունցի, Ստ. Զորյանի եւ շատ այլ հեղինակների լավագույն ստեղծագործություններից շատերը։ Նրա էջերում կարելի է գտնել նաեւ Շոթա Ռուսթավելու, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Իոսեբ Գրիշաշվիլու, Գալաքտիոն Տաբիձեի, Սիմոն Չիքովանու, Իրակլի Աբաշիձեի, Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Մորիս Փոցխիշվիլու եւ շատ ուրիշների լավագույն գործերի հայերեն թարգմանությունները։ Այս թերթի էջերում են աճել խորհրդահայ գրողների ու լրագրողների մի քանի սերունդ, եւ թերթը այժմ էլ շարունակում է իր այդ հայրենանվեր գործունեությունը վրաց հողում։

«Վրաստանի» ներկայիս խմբագիրը հասարակական–քաղաքական ու մշակութային հայտնի գործիչ Վան Բայբուրթյանն է։ 1987թ. երբ նա ստանձնել է խմբագրի պարտականությունները, «Սովետական Վրաստանի» տպաքանակը եղել է ընդամենը 27 հազար օրինակ, մեկ տարի էլ չանցած այդ թիվը դարձել է 40 հազար, իսկ երկու տարի հետո՝ 1990—ին արդեն հասել է 55 հազարի։
Վ. Բայբուրթյանը նախորդ 18 խմբագիրների մեջ միակն է, որ ունի մասնագիտական բարձրագույն կրթություն. 1967թ. ավարտել է Թբիլիսիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո աշխատել է մի շարք թերթերի խմբագրություններում, եղել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» սեփական թղթակիցը Հայաստանում եւ Վրաստանում, ապա Մոսկվայի «Մամուլի նորություններ» գործակալության թղթակիցը Վրաստանում։ Իսկ 1987–ի սեպտեմբերի 1—ից առ այսօր «Վրաստան» թերթի խմբագիրն է։ Անցած շուրջ երեք տասնամյակների ընթացքում շարունակել եւ հարստացրել է ստեղծված լավագույն ավանդույթները, խմբագրությունը համալրել է կարող ուժերով եւ ԽՍՀՄ փլուզումից հետո կարողացել է ապահովել թերթի անխափան հրատարակությունը՝ նրա շուրջ համախմբելով թղթակցական լայն ակտիվ, ապահովել է Վրաստանի խորհրդարանի պաշտոնաթերթի բարձր դիրքն ու հեղինակությունը։
Վրաստանի հայկական համայնքը ներկայումս այդ թերթի միջոցով է ծանոթանում երկրի նախագահի հրահանգներին, խորհրդարանի ընդունած օրենքներին ու կառավարության որոշումներին, հայ բնակչության շրջանում լուրջ աշխատանք է կատարում այդ օրենքների ու որոշումների պարզաբանման ուղղությամբ։ Թերթի միջոցով է վրացահայությունը հաղորդակցվում վրաց պետականության վերադաս մարմինների հետ եւ ծանոթանում նրանց գործունեության տարբեր կողմերին։ Եվ իզուր չէ, որ ներկայումս շուրջ կես միլիոնանոց վրացահայ համայնքը «Վրաստանը» համարում է իր մայր թերթը։
Հուսով ենք, որ թերթը իր բազմահազար ընթերցողներին հուսախաբ չի անի եւ այսուհետեւ էլ կմնա իր դավանած սկզբունքներին հավատարիմ։

Վ. ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *