Տարածաշրջանին մոտենում է նոր տաք ալիք, օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 2–3 աստիճանով

Տարածաշրջանին մոտենում է նոր տաք ալիք, որն իր հետ կբերի նոր արեւադարձային տաք օդային հոսանքներ, ինչի հետեւանքով օդի ջերմաստիճանը մեր հանրապետությունում կբարձրանա եւս 2–3 աստիճանով։ Հուլիսին տեղումների քանակը նորմայից պակաս է եղել, կազմել է նորմայի ընդամենը 20–50 տոկոսը (այսօրվա դրությամբ)։

Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով։ Առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 10–ին, երբ օդի ջերմաստիճանը Երեւանում ստվերում բարձրացել է 40,5 աստիճան։

Ամսվա երկրորդ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ 41,1 աստիճան։«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ, այսպիսի շոգ ամառներ գրանցվել են 2000, 2006, 2010, 2011 եւ 2013 թվականներին։ Այս ամառներից ամենաշոգը եղել է 2006թ., երբ 20–25 օր անընդմեջ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը պահպանվել է 38-42 աստիճանի սահմաններում, իսկ հինգ օր անընդմեջ եղել է 40 աստիճանից բարձր:

Վերջին օրերին առավելագույն ջերմաստիճանները մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում տատանվել են 38-39 աստիճանի սահմաններում, եւ միայն Ուրցաձորում գրանցվել է 40 աստիճան։ Մայրաքաղաքում վերջին 3-4 օրերին 40 աստիճանի շեմը չի գերազացվել։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *