Opening ceremony of a new building named after Professor R. Yolyan took place at the Center of Hematology

Տարածաշրջանում միակը. Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում է իրականացվում

Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը, որոնց բուժման արդյունավետ տարբերակ է արյան փոխներարկումը։ Արյունը անփոխարինելի է եւ շատ հաճախ փրկության միակ միջոցն է տարբեր արյունաբանական հիվանդությունների, վթարների, այրվածքների, ծննդօգնության եւ այլ բժշկական միջամտությունների իրականացման ժամանակ։ Եթե նախկինում արյան փոխպատվաստման համար հայ քաղաքացիներից շատերը արտերկիր էին մեկնում, ապա այժմ արդեն բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում հնարավոր է ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով իրականացնել ժամանակակից բուժում։ Արդեն իրականություն է դառնում հիվանդների եւ բժիշկների կողմից երկար սպասված այս մեթոդի կիրառումը։
Հայաստանը գտնվելով տարածաշրջանային շրջափակման եւ դեռեւս չավարտված պատերազմային իրավիճակում, ինչպես նաեւ սեյսմիկ բարձր ռիսկի գոտում, կարիք ունի մշտապես լրացնելու արյան պաշարները։ Այդ իսկ պատճատով անհրաժեշտ են արյան դոնորներ, որոնք պարբերաբար կատարելով արյունատվություն, երկրում կլրացնեն արյան անհրաժեշտ քանակությունը։
Նշենք, որ Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ։ Ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների, օրինակ՝ սուր լեյկոզների, լիմֆոմաների, որոշ տեսակի սակավարյունությունների, ինչպես նաեւ կրծքագեղձի, սերմնարանի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, բնածին եւ ձեռքբերովի իմունային անբավարարության, ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների բուժման ժամանակ՝ հիվանդության որոշակի փուլերում։

Ինչպես են մասնագետները գնահատում կատարված ոսկրածուծի փոխպատվաստումները, եւ ինչպիսին են կենտրոնի հնարավորությունները, զրուցեցինք ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության եւ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ներդրած միջոցների ու ջանքերի շնորհիվ արյան չարորակ հիվանդությամբ՝ միելոմային հիվանդությամբ տառապող մեր 2 հայրենակիցները (ՀՀ—ից եւ Արցախից) հնարավորություն ունեցան Հայաստանում ստանալու բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ, ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով ժամանակակից բուժում՝ դրանով իսկ հիմք դնելով հայկական արյունաբանության ոլորտի զարգացմանը։
Նշենք, որ տարածաշրջանում կենտրոնը եզակի է, նախորդ տարի շահագործման է հանձնվել նոր մասնաշենքը, ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք եւ ցողունային բջիջների լաբորատորիա։ Երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում կենտրոնը արձանագրում է ակնառու հաջողություններ։
Ինչպես «ՀՀ»–ի հետ զրույցում նշեց Սմբատ Դաղբաշյանը, փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլերով։ Դրանում ներառվում են քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը եւ ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը։ Թանկարժեք նյութերի եւ նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարող է տեւել մինչեւ 1 ամիս։

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ բուժման այս մեթոդի ներդրումը կբարձրացնի բուժման արդյունավետությունը նաեւ բժշկության մի շարք այլ ոլորտներում՝ ակնաբուժություն, նեյրովիրաբուժություն, ռեգեներատիվ բժշկություն։ «Բազմաթիվ փոքրիկների եւ նրանց ծնողների տառապանքն ու անելանելի վիճակը միավորեցին բոլորիս՝ հիվանդության դեմ պայքարի նոր ուղիներ փնտրելու գաղափարի շուրջ։ Առաջնորդվելով հիվանդ փոքրիկների կյանքերը փրկելու մղումով՝ սկիզբ դրվեց Հայաստանում արյան քաղցկեղի բուժմանն ուղղված արդյունավետ, ժամանակակից մեթոդների ներդրման աշխատանքներին։ Այսօր հպարտությամբ պիտի փաստեմ, որ մեր նախաձեռնությունը պսակվեց հաջողությամբ, արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն՝ համալրված արյան քաղցկեղի բուժման համար այդքան կարեւոր ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքով եւ ցողունային բջիջների լաբորատորիայով»,–նշեց Սմբատ Դաղբաշյանը՝ հիշեցնելով, որ դեռեւս 1994—ին կենտրոնի բժիշկները արյունաբանական կենտրոնում ներդրեցին մանկական քաղցկեղի բուժման գերմանական BFM ծրագիրը։ «Այն օրերին, էլեկտրաէներգիայի բացակայության եւ ցրտի պայմաններում, դժվար էր պատկերացնել նմանատիպ, բարդություններով լի թերապիայի իրականացումը։ Այնուամենայնիվ, Հայաստանում գերմանական, այնուհետեւ միջազգային այլ բուժական սխեմաներ կյանքի կոչվեցին, ինչի արդյունքում այսօր ունենք մոտ 600 բուժված երեխաներ, ովքեր ընտանիք են կազմել, աշխատում եւ ապրում են լիարժեք կյանքով»,–ասաց Ս. Դաղբաշյանը։
Ամերիկյան եւ եվրոպական լավագույն կլինիկաներում վերապատրաստված մասնագետները, օգտագործելով նորաբաց կենտրոնի հնարավորությունները, ներկայումս կիրառում են բարձր դեղաչափային քիմիաթերապիայի ծրագրեր արյան քացկեղով տառապող մեծահասակ հիվանդների շրջանում։ Բարձր արդյունավետության շնորհիվ կենտրոնի տնօրենն ուրախությամբ է նշում, որ արդեն իսկ կան արձանագրված ռեմիսիաների դեպքեր։

«2017թ. ապրիլի 10—ը հայաստանյան արյունաբանության օրացույցում նշանավորվեց որպես գլոբալ բարեփոխումների օր։ Առիթը Հայաստանում առաջին ոսկրածուծի փոխպատվաստման իրականացումն էր, որով սկիզբ դրվեց արյունաբանության նոր դարաշրջանին։ Առաջին փոխպատվաստումներն իրականացվեցին միելոմային հիվանդությամբ տառապող 2 հիվանդի մոտ, որոնց հետփոխպատվաստումային շրջանը ընթացավ հարթ։ Հիվանդները ներկայումս գտնվում են տանը եւ ամեն շաբաթ այցելում են արյունաբանական կենտրոն հետագա հսկողության նպատակով»,–ասաց կենտրոնի տնօրենը։
Հիվանդների բուժման մարտավարությունը եւ հսկողությունը իրականացվում են «Համբուրգ Էպենդորֆ» կլինիկայի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար, գործընկեր Նիկոլաուս Կրյոգերի հետ համատեղ, ով իր գիտելիքներով եւ փորձով աջակցում է կենտրոնի մասնագետներին բուն փոխպատվաստման գործընթացի մեկնարկից սկսած։
«Իրավամբ, ոսկրածուծի փոխպատվաստումը մեծ իրադարձություն էր ինչպես արյունաբանության, այնպես էլ հայաստանյան ողջ բժշկագիտության համար։ Մեր երկրում ներկայացվեց ժամանակակից բժշկության կարեւորագույն ուղղություններից մեկը՝ բջջային թերապիան. բուժական անփոխարինելի նշանակություն ունեցող մեթոդ, որը կարեւոր է ե՛ւ արյունաբանության, ե՛ւ բժշկության այլ բնագավառներում»,–ասաց Ս. Դաղբաշյանը։
Արյան հավաքագրման հիմնահարցերը մշտապես արդիական են, եւ արյան պաշարները երկրում լրացվում են կադրային դոնորների կողմից իրականացվող արյունատվությունների եւ պարբերաբար կազմակերպվող կամավոր արյան դոնորության ակցիաների շնորհիվ։ Հայաստանում, զրուցակցիս գնահատմամբ, դոնորական արյան դեֆիցիտ չի դիտվում, սակայն արյան կամավոր դոնորության ցուցանիշներով Հայաստանը զիջում է այլ երկրներին։
Արյունաբանական կենտրոնում դիսպանսեր հսկողության տակ է առնված 6000 հիվանդ, որոնցից 1000—ը երեխաներ են։ Միջազգային չափանիշներին համապատասխան ստեղծված փոխպատվաստման բաժանմունքը հնարավորություն է ընձեռում առաջիկայում ստանալ բջջային թերապիայի ոլորտում միջազգային ամենաբարձր վարկանիշ ունեցող JACIE եւ հիվանդանոցային ծառայության մասով JCI հավատարմագրերը՝ այդ կերպ նպաստելով տարածաշրջանում կենտրոնի առաջատար դիրքերի նվաճմանն ու բժշկական տուրիզմի զարգացմանը։
Նշենք, որ ոսկրածուծի փոխպատվաստումը ցուցված է մի շարք արյունաբանական հիվանդությունների դեպքում բուժման որոշակի փուլում։
«Նախկինում անբուժելի համարվող արյան հիվանդությունները այլեւս դատավճիռ չեն, քանզի արյունաբանությունը օրեցօր զարգանում է՝ իր հետ բերելով նոր դեղամիջոցներ եւ բուժման մեթոդներ։ Հիվանդի մոտ գենետիկ մակարդակով շեղումների հայտնաբերումը եւ թիրախային թերապիայի (target therapy) իրականացումը հանգեցնում են բուժման արդյունավետության բարձրացմանը եւ անհատական բժշկության (personalised medicine) զարգացմանը՝ ապահովելով հիվանդների կյանքի բարձր որակը։
Համոզված եմ, Հայաստանում ժամանակակից սարքավորումներով համալրված արյունաբանական կենտրոնի առկայությունը հնարավորություն կընձեռի մեր հիվանդներին ստանալու բարձր մակարդակի բուժօգնություն եւ հարթակ՝ նորանոր հաջողությունների համար»,–վստահեցրեց ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավարը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *