ԿԱՐԵՎՈՐ
Search
30

Տարածքների վերաբնակեցումը՝ գերխնդիր. Կոչ հայրենասեր երիտասարդին

Հերթական անգամ ռադիո էի լսում ավտոմեքենայում, երբ լսվեց Հայաստանի և Սփյուռքի միասնությանն առնչվող «Կամուրջ» ծրագիրը, որը ստեղծված է՝ օգնելու համատեղ ուժերով երկիր կերտելու գաղափարի իրագործմանը: Այս գաղափարն ինձ շատ հոգեհարազատ է, ուստի ես, ինքս ինձ հարց ուղղեցի, թե որն՞ է իմ՝ Հայաստանում բնակվող քաղաքացու երազած Հայաստանը:

Մի ներքին ձայն հուշեց, որ իմ երազած Հայաստանը՝ դա «Ազատ», «Անկախ», «Լուսավոր», «Հպարտ» ու «Միացյալ» Հայաստանն է՝ երկիր, որտեղ պետք է մեկտեղվեն ու բնակություն հաստատեն աշխարհի բոլոր հայերն անխտիր: Եվ ես, ոգևորված այս գաղափարով, մշակեցի իմ՝ հայրենիքը հզորացնելու եւ շենացնելու տեսլականը: Այն մշակելիս չէի կարող հաշվի չառնել մեզ շրջապատող դառն իրականությունը, մասնավորապես, երբ տարածաշրջանում ոչ բոլորն են մեզ բարեկամ: Այս պարագայում հարց է ծագում՝ որն՞ է ելքը, երբ օրեցօր խելագարվող աշխարհում մեզ սահմանակից պետություններից երկուսը թշնամական երկրներ են:

Ակամայից, ետադարձ հայացք նետեցի ԽՍՀՄ տարիներին, երբ երիտասարդները, իրավամբ, կարողանում էին իրացնել իրենց գաղափարներն ու կարողությունները: Նրանց համատեղ ուժերով ծրագրված պետական նախագծերը կյանքի էին կոչվում: Թերեւս, ամենաուշագրավը Բայկալ-Ամուրյան տրանսպորտային հանգույցի շինարարությունն էր, որն ինձ տեղի տվեց մտածելու, իսկ ինչո՞ւ, իսկապես, համայն հայության ուժերով չիրականացնենք նման մի խոշոր ծրագիր: Այնուհետեւ միտք ծագեց՝ ազգովի մեկնարկել դրամահավաք՝ կառուցելու համար, օրինակ՝ ՀՀ-Իրան երկաթուղին կամ սկսել աշխատանքներ նոր քաղաքի կառուցմամբ, որում կընդգրկվեն աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայ երիտասարդները: Չի բացառվում, որ երիտասարդները, լծված լինելով այդ նախաձեռնությանը, հետագայում ցանկություն հայտնեն ստեղծելու իրենց օջախը հենց հայրենիքում:

Այդ գործընթացը կլինի ապացույց այն բանի, որ հայ ազգն ունի անկոտրում կամք, տեր է դարավոր նախնիների հողին եւ դեռ ավելին՝ պատրաստ է, վերաբնակեցնելով այդ տարածքները, նոր շունչ տալ պապենական հողին ու ջրին: Որպես <<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> կայքէջի առաջին այցելուներից՝ առաջարկում եմ ստեղծել գաղափարների բանկ եւ սկսել գործընթացը մի քանի հզոր նախագծերի ընտրությունից, օրինակ՝ դրանք մշակելուց:

Պատկերացնենք՝ ստեղծում ենք մեր ապագայի վերնագրված Համերաշխության քաղաքը՝ հայերի Ոստանը, որն իր մեջ կներառի այնպիսի զորեղ կառույցներ՝ ինչպիսիք են ապագա տիեզերակայանը, օլիմպիական ավանները, երիտասարդական բանավանները, իսկ նրանց շուրջ կշատանան գյուղական համայնքները, որոնք էլ, հավելյալ եկամուտներ ստանալով, կապահովեն հարակից քաղաքների բարեկեցությունը: Համերաշխության քաղաքի շինարարությանը զուգահեռ, կարելի է համատեղ սկսել նաև Երևանից դեպի Թավրիզ ձգվող երկաթուղու շինարարությունը, որը կդառնա ՀՀ-ից Իրան մեծ բեռնափոխադրում ապահովող շահութաբեր հանգույցը:

Փորձենք հզորացնել Մայր Հայաստանը՝ զորավիգ կանգնելով Արցախին և Սփյուռքի բոլոր գաղթօջախներին: Այսպիսով այս նախագծի մեկնարկը համարենք բացված: Մեկտեղենք աշխարհասփյուռ հայության ուժերը եւ նոր անուն կերտենք այդ քաղաքի համար, որը աչքի կընկնի իր շատրվաններով, լայն պողոտաներով, զբոսայգիներով եւ օրինակ՝ ասենք կկրի Նոր Արշակավան անունը՝ ի պատիվ հայ Արքայի:

Արժե հիշատակել մեծն Արշակ արքայի այն ձեռնարկը, որով նա փորձել է համախմբել հարուստների ու աղքատների, չքավորների ու պալատականների, օրինախախտների ու հալածվածների՝ կառուցելու համար արդարամիտ, բարի, համերաշխ մարդկանց քաղաք: Պատկերացրեք՝ բազում շինհրապարակներ, որտեղ ձեռք-ձեռքի տված կաշխատեն Մերձավոր Արևելքից, Ամերիկայից, Եվրոպայից, ՌԴ-ից ու Սկանդինավիայից ներգաղթած հայ պատանիները, երիտասարդները, իսկ երեկոյան հանգստյան օրերին նրանք կմրցեն դիվանագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, բնական գիտությունների, մշակույթի ոլորտներում, կզրուցեն, կարտասանեն և կերգեն՝ ուխտ անելով հավերժ հավատարիմ մնալ իրենց մեկնարկած համահայկական սուրբ գործին:

Այպիսով, հրավիրում եմ հայ բոլոր գաղթօջախներին մրցույթի՝ օր առաջ, ժամ առաջ սկսելու մեր միասնական մեծ գործը, որը շոշափելի կդարձնի մեր ուխտի ճանապարհը՝ «Ազատ», «Անկախ», «Լուսավոր», «Միացյալ» ու «Հպարտ» Հայաստանի կառուցման մեկնարկը: Շնորհավոր ծնունդդ, <<Արցախ-Հայաստան-Սփյուռք>> կայքէջ, թող քո ծնունդը բարի լինի և թող այս կայքէջը նպաստի համայն հայության համախմբմանը՝ հանուն <<Հայաստանի, Արցախի և Սփյուռքի>> զորության և բարօրության:

Հովհաննես ԴԱՎԹՅԱՆ

<<Արարատից մինչև Ֆուձիյամա>> Հ/կ նախագահ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *