Տոնդ շնորհավո´ր, Հայաստա´ն աշխարհ. Շահե Աճեմյան

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձությունը մեծ ու պանծալի հոբելյան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի համար, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության:

«Հայերն այսօրը» ներկայացնում է Հայաստանի և Սփյուռքի ճանաչված գործիչների շնորհավորական խոսքը տոնի կապակցությամբ:

Կյանքում ամենահզոր անձնավորությունն իր անձնական կյանքի նեղության ժամանակ իր ժպիտը, հույսը և հավատքը չկորցնողն է: Նույնը՝բոլոր ազգերը: Իսկ դու, ես, քո և իմ պապերը 600-ից 1000 տարի առանց Հայրենիքի անկախության, սեփական իշխանության` արաբի, բյուզանդացու, պարսիկի, թուրքի, քրդի, ռուսի լծի տակ ապրածները, այսօրվա մեր ունեցած Հայաստանի համար աղոթել են ու երազել:

Սիրելի՛ հայեր, այսօրվա մեր 25-ամյա Անկախ Հայաստանի համար դուք քանի՞ անգամ եք գիշերները աղոթել, քանի՞ անգամ եք աղոթել, որ մեր ղեկավարը կամ իշխող ղեկավարությունը և Հայրենիքը ճշմարիտ ճամփով ընթանան: Իմ հայրը,մայրը, նաև պապերս առիթ չեն ունեցել, իսկ մենք այսօր մեր ուսերին մեր նախնիների խաչն ենք տանում՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԳԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ` ՈՐՊԵՍ ՈՒԽՏԱՆՈՐՈԳՆԵՐ:

Ի՞նչ եք ուզում, ինչի՞ց եք գանգատվում, ի՞նչ եք արել 25 տարվա ընթացքում: Ուզում եք ԱՄՆ-ին և Եվրոպային 25 տարվա ընթացքում հասնե՞լ: Չէ՛, դեռ 25 տարի էլ ունենք միջազգային հանրության բարձր ասպարեզներում գտնվող ազգերին և պետություններին հասնելու համար: Ասելիքս` այսօրվա ունեցածին փառք տանք, հավատքով և հույսով ընթանանք՝ հանուն ապագայի: Մի կողմ դնենք մեր այսօրվա անձնասիրությունը, ընդունենք մեր ներկան, հիշենք մեր դարերի խավար անցյալը, համբերությամբ ու հավատով օրինակ դառնանք ներկայիս սերնդին մեր այսօրվա զոհաբերություններով, ապագայի նկատմամբ ունեցած մեր զորեղ հավատքով:

Մեր սերունդը հզոր Հայաստանի համար զոհաբերվում ու չարչարվում է, մենք դժվար ապրեցինք: Սակայն գալիք սերունդները, վստահ եմ, լավ կապրեն, կապրեն այն Հայաստանում, որն այսօր, ժամանակից առաջ ընկած, մենք ենք ուզում: Մոռանանք այսօրվա մեր անձնասիրությունը, բարօրությունը, հավատանք վաղվա մեր սերունդների և մեր հայոց պատմության ու Հայաստանի շարունակությանը՝ նաև որպես մեր նախնիների մեղքի պարտքը վճարողներ:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԸ:

Շահե Արշակի Աճեմյան

Արցախի պատերազմի հերոս-ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, Արցախի Արիության մեդալակիր

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *