ՏՏ ոլորտի մրցակցությունը կմեծանա. Սիլիկոնյան հովտում կանցակցվի «Հայաստան.ՏՏ ֆորումը»

ՀՀ կառավարության, ՀԲ—ի, եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից եւ «Սինոփսիս Արեմենի» ընկերության աջակցությամբ այս տարի «ԱրմԹեք» համաժողովի շրջանակներում ԱՄՆ—ի Սիլիկոնյան հովտում կանցակցվի «Հայաստան.ՏՏ ֆորումը»։ Այն կմեկնարկի հունիսի 10—ին, «Սինոփսիս» ընկերությունում։
Ֆորումի առաջնահերթ նպատակն է լինելու ներկայացնել եւ քննարկել հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումները, զարգացման միտումները, դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ խթանել միջազգային համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը։ Բացի այդ, ֆորումը նպատակ ունի նաեւ նպաստել ոլորտի մասնագետների միջեւ համագործակցության կայացմանը։

Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին միջոցառման կազմակերպիչները՝ վստահեցնելով, որ ֆորումը կլինի արդյունավետ ու նպատակային։ Իսկ համաժողովը հատկանշական կլինի այն առումով, որ նվիրված է հայկական ստարտափերին, եւ ֆորումին կմասնակցեն հաղթող ճանաչված 5 աքսելարցիոն ծրագրերի ընկերությունները։
Սովորաբար «ԱրմԹեք» համաժողովն անցկացվում է եւ Հայաստանում, եւ ԱՄՆ ում։ Այս տարի հերթը ԱՄՆ—ին է, ուստի Էմիլ Տարասյանի տեղեկացմամբ, կանցկացվի նաեւ վերոնշյալ ֆորումը, որին ներկա կլինեն հայաստանաբնակ եւ օտարերկյա ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ու մասնագետներ։
«Այս ֆորումը եւս մեկ նախաձեռնություն է ՏՏ ոլորտում եւ ոլորտն իրեն սպասեցնել չի տալիս անակնկալներով, իր նոր ու ավանդական միջոցառումներով»,–նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։
«Հայաստանն արդեն աշխարհի համար այն կարեւոր երկրներից մեկն է, որտեղ կան միջազգային ասպարեզում ՏՏ ոլորտի առաջատար եւ հայտնի կազմակերպություններ։ Այս հանգամանքով էլ պայմանավորված է, որ «ԱրմԹեք» համաժողովի շրջանակներում այս տարի շեշտադրում է արվելու ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին»,–նկատեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նրա մատնանշմամբ, երկու կարեւոր թեմաների շուրջ է լինելու շեշտադրումը՝ համաշխարհային շուկայում ՏՏ ոլորտի առաջխաղացման եւ կրթության դերի մեծացման։ Այս երկու կարեւոր թեմաների շուրջ քննարկումները, բանախոսի վստահեցմամբ, հնարավորություն կտան մեծացնելու աշխարհում մեր երկրի մրցակցային առավելություններն ու ներկայացնելու ոլորտում առկա մարդկային ներուժը։
Զեկուցումներով հանդես կգան օտարեկրացի բանախոսներ, հայտնի կազմակերպության ղեկավարներ, ովքեր կներկայացնեն, ոլորտում առկա մարտահրավերն ու Հայաստանում դրանք իրականացնելու հնարավորությունները։ Կլինեն այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ ծանոթանալու Սիլիկոնյան հովտի վերջին զարգացումներին։
«Հայաստան.ՏՏ ֆորումի» ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կամփոփվեն Հայաստան— ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրերի արդյունքները։ Կստեղծվեն նախադրյալներ նաեւ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։

Միջոցառման շրջանակներում, բացի Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները եւ հաջողված պատմությունները ներկայացնելուց, կքննարկվեն նաեւ թեմաներ, որոնք վերաբերում են նորաստեղծ ընկերությունների, գլոբալ էկոհամակարգերի ստեղծմանը եւ համաշխարհային շուկայի հետ դրանց կապին, մարտահրավերներին եւ ներդրումային հնարավորություններին, նորաստեղծ ընկերությունների ներուժի բացահայտմանը, կրթության դերի մեծացմանը ոլորտում եւ այլն։
Տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի դիտարկմամբ, «ԱրմԹեքի» շրջանակներում կազմակերպվող հանդիպումները միշտ եղել են արդյունավետ։ «Այս տարվա համաժողովը նշանավորվելու է այն առումով, որ Հայաստանը ներկայանալու է ոլորտում՝ պատրաստ իր թռիչքաձեւ զարգացումներով, որում հաշվի են առնվելու նաեւ Սիլիկոնյան հովտի հնարավորությունները։ Բավական կարեւոր են նաեւ կրթական ծրագրերը նման հարթակում ներկայացնելը, մասնավորապես՝ ներկայացվելու է մեր նոր նախաձեռնություններից մեկը՝ Երեւանում տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը»,–նշեց Արմեն Բալդրյանը։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարեւորեց, որ միջոցառումն անցկացվում ՏՏ ոլորտի ամենամեծ գործատուն համարվող ընկերությունում։ Նա անդրադարձավ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կազմակերպության կողմից Հայաստանում արված ներդրումներին եւ լայնամասշտաբ կրթական ծրագրերին, որոնց միջոցով հայաստանյան ընկերությունը պատրաստել է բազմաթիվ որակյալ մասնագետներ։ «Բավական հետաքրքիր կլինի մասնակիցների համար հենց այդ միջավայրում մեր ընկերության ինովացիոն ծրագրերը ներկայացնելը»,–նշեց Հովիկ Մուսայելյանը՝ անդրադառնալով նաեւ հանրակրթական ծրագրերում միկրոէլեկտրոնիկայի պարտադիր ուսուցանվող առարկայի ներդրմանն ու դասավանդման առավելությանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *