ԿԱՐԵՎՈՐ
Search
Կորած-թռչուներ

Ցեղասպանության մասին Թուրքիայում նկարահանված առաջին ֆիլմը կցուցադրվի ապրիլին

Ապրիլի 1-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորած թռչուններ» գեղարվեստական ֆիլմը: Երիտասարդ ռեժիսորներ Արեն Փերդեջիի և Էլա Ալյամաչի ֆիլմը պատմում է հայ երեխաների` քույր ու եղբայր Մարիամի և Պետոյի մասին, ովքեր 1915 թվականին կորցրել են իրենց ընտանիքը: «Կորած թռչուններ»-ը 1915 թ․ իրադարձությունների մասին Թուրքիայում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմն է: Հեղինակներն ու դերասանները Ստամբուլի հայկական Սահակյան-Նունյան վարժարանում պատմեցին ֆիլմի ստեղծման ընթացքի մասին: Հիմնականում հայազգի դերասանական խումբը միաբերան փաստեց, որ ֆիլմում տեսել է իր ընտանիքի, նախնիների պատմությունը:

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է անցած տարվա նոյեմբերին` Միացյալ Նահանգներում, «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակներում` արժանանալով երեք մրցանակի: Ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Արեն Փերդեջին «Ազատության» հետ զրույցում նշեց, որ «Կորած թռչուններ»-ի նպատակն է՝ կամուրջ ստեղծել 1915-ի դեպքերի շուրջ շարունակ բանավիճող կողմերի միջև: «Կորած թռչուններ» ֆիլմը պատմում է 1915 թվականին պատահած ողբերգության, վշտի ու սարսափի մասին` երկու երեխայի աչքերով: Ֆիլմը մեզ հիշեցնում է այն ամենը, ինչ կորցրել ենք:

Ֆիլմի նպատակն է միավորել այս հարցում քաղաքական տեսանկյունից հակադիր բևեռներում գտնվող մարդկանց: Ամերիկայում ֆիլմի ցուցադրության ժամանակ զգացինք, որ հասել ենք մեր դրած նպատակին: Այնտեղ շուրջ 800 հոգանոց հանդիսատես ունեինք, շատերը հեռվից էին եկել: Բոլորը մեզ ասացին, որ ֆիլմը դիտող յուրաքանչյուր մարդ, լինի նա սփյուռքից, ամերիկացի, թուրք, թե հայ, ստացել է մեր ուղերձը: Բոլորը լաց էին լինում, գրկախառնվում և այս խոսքերն էին ասում, շատ ուրախացանք»,- azatutyun.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Արեն Փերդեջին:

Ի դեպ, ֆիլմի նկարահանմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Հեղինակների խոսքով` նախարարության օժանդակությունն ընդունել են՝ սցենարին չմիջամտելու պայմանով: Շուրջ երկու տարվա աշխատանքի արդյունքում ստեղծված ֆիլմը քաղաքական ենթատեքստ չի պարունակում և ներկայացնում է հարյուր տարվա վաղեմություն ունեցող զգացմունքային հավաքական մի պատմություն:

Երիտասարդ ռեժիսորները հույս ունեն, որ ֆիլմը կսիրի նաև թուրք հանդիսատեսը: Բացի այդ, հրավեր են ակնկալում նաև Հայաստանից: «Եթե Հայաստանից հրավեր ստանանք, շատ կուզենք մեր ֆիլմով կիսվել նաև այնտեղի հանդիսատեսի հետ»,- ասում է Էլա Ալյամաչը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *