Փակման եզրին կանգնած բանկ մեզ մոտ չկա . Վստահեցնում է Հայաստանի բանկերի միության նախագահը

Հայաստանում փակման եզրին կանգնած բանկ գոյություն չունի, բոլոր բանկերն էլ աշխատում են բնականոն հունով՝ երկրի տնտեսությանը համահունչ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման բնորոշում տվեց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ անդրադառնալով կենտրոնական բանկի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի 1—ից 30 միլիարդ դրամ սահմանելու որոշմամբ պայմանավորված գործընթացին։ «Բոլորիդ էլ հայտնի է, որ երկու գործարք չորս բանկերի միջեւ կայացել է. «Ինեկոբանկի» կազմի մեջ մտավ «Պրոկրեդիտ» բանկը, իսկ «Հայէկոնոմբանկի» կազմի մեջ՝ «ԲՏԱ» բանկը։ Ես գիտեմ, որ բանակցություններ են տարվում եւս 4 բանկերի միջեւ՝ իրար միանալու կամ կլանվելու առումով։ Սա նորմալ գործընթաց է։ Քանի որ բանկերի վարքագիծը շատ հանգիստ է, մենք էլ ենք հանգիստ ու կարծում ենք, որ բանկերն ուղղակի կգնան նրան, որ բաժնետերերը կավելացնեն կապիտալը»,—ասաց Ճզմաչյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա բանկերի խոշորացման ազդեցությանը, ապա Սամվել Ճզմաչյանի դիտարկմամբ՝ միշտ էլ խոշոր բանկն առավելություն ունի փոքր բանկի նկատմամբ։ «Ինչու, որովհետեւ փոքր բանկը կարող է փոքր վարկեր տրամադրել ու վարկավորել միայն փոքր ու միջին բիզնեսը, իսկ մեծը՝ կարող է վարկավորել եւ ՓՄՁ—ները, եւ խոշոր հատվածը։ Դրանով էլ այն ունի առավելություն»,—ասաց բանախոսը։ Բանկերի միության նախագահի խոսքով՝ իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ բանկերի կապիտալը ԿԲ կողմից ընդունված որոշման արդյունքում կավելանա 250—300 միլիոն դոլարով։ «Դա մեծ լիցք կլինի բանկերի համար ու կհաղորդվի նաեւ տնտեսությանը, քանի որ բանկերն այդ կապիտալը տնտեսության մեջ են ներդնելու»,—հավելեց Ճզմաչյանը։
Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի բացառում, որ վերջին շրջանում արտարժույթի որոշակի անկումը Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների շնորհիվ է. «Մեր շուկան այնքան փոքր է, որ Նովրուզը Հայաստանում տոնելը կարող է բերել այդպիսի փոփոխությունների։ Ես համոզված եմ, որ դա իր ազդեցությունը միանշանակ թողնելու է։ Մյուս կողմից՝ կենտրոնական բանկի կողմից դեռեւս 2015—ին տարվող դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ դրամի առանձնակի անկում տեղի չունեցավ ողջ 2015—ին ու նաեւ այս տարվա ամիսներին, դեռ մի բան էլ դոլարի կուրսի անկում եղավ»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք զբոսաշրջիկների հոսքի դադարեցումից հետո դոլարը կրկին կթանկանա՞, Ճզմաչյանը նկատեց, որ դրամավարկային քաղաքականության արդյունքը միանգամից տեսանելի չի լինում, դրա համար որոշակի ժամանակ է պետք։ Նա չբացառեց, որ ԿԲ նախորդ տարվա վարած քաղաքականության պտուղներն ենք այսօր քաղում, երբ դրամն արժեւորվում է։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *