11889672_851377538310113_9012394571766378347_n

Փառքի սյունը` թուրքական խոնարված թնդանոթներից.

.. Մի հետաքրքիր եւ ուսանելի պատմություն, թե ինչպես են փոխվում հաղթանակների արժեքները տարիների ընթացքում: Նկարում պատկերված է Սանկտ-Պետերբուրգում տեղադրված Փառքի սյունը` ի նշանավորումն 1877-1878 ռուս-թուրքական պատերազմում Ռուսական կայսրության հաղթանակի: Հուշարձանը կանգնեցվել է 1886 թ. ճարտարապետ Դավիդ Գրիմի նախագծով, իսկ բացումը կատարել է անձամբ կայսր Ալեքսանդր 3-ը։ Այն 28 մետր բարձրությամբ սյուն է, որն ամբողջությամբ կազմավորված է թնդանոթների հինգ շարքից, որոնք այդ պատերազմի ընթացքում գրավվել են ռուսների կողմից՝ պարտված թուրքերից։ Սյան վերեւում հաղթանակի աստվածուհի Նիկեն դափնեպսակով օրհնում է հաղթողներին։ Արձանի պատվանդանը ունի վեց ու կես մետր բարձրություն, այստեղ 8 թնդանոթներով շարքից վերեւ գրված են 8 գրավված կարեւորագույն ամրոցների անունները (նրանց թվում նաեւ Կարսը):

1877-1878 թթ. պատերազմն ավարտվեց ռուսական զինուժի լիակատար հաղթանակով: Թուրքական լծից ազատագրվեց սլավոնական Բուլղարիան` փաստացի զրոյից ստանալով անկախություն եւ բավականին ընդարձակ տարածք, եւ դրա համար ռուսներն արեցին ամեն հնարավորինն ու անհնարինը: Տարածքային զգալի ձեռքբերումներ ունեցան նաեւ Սերբիան ու Ռումինիան: Դա այն դեպքում, երբ գրավված Արեւմտյան Հայաստանից Ռուսաստանի կազմի մեջ մտավ միայն Կարսի մարզը: Եւ ահա 1920-ական թվականներին, Սովետական Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի աննախադեպ մերձեցման ֆոնին, ընդառաջելով թուրք ղեկավարների կտրուկ հորդորներին, որոնք ոչ հարիր էին համարում «եղբայրական» Թուրքիային իբր «վարկաբեկող» Սանկտ Պետերբուրգի այդ հուշարձանը` այն ամբողջությամբ ապամոնտաժվեց, իսկ թնդանոթները՝ ձուլվեցին:

Սակայն հուշարձանի հետ կապված զարգացումները դրանով չեն ավարտվում, եւ 2005 թվականին հուշարձանը  նորից է վերականգնվում նույն տեսքով` նույն տեղում:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *