timthumb_4_

Փաստեր են հավաքվում Բաքվի դեմ գործընթաց սկսելու նպատակով

Ադրբեջանի զինուժի եւ դրա կազմում հանդես եկող ահաբեկիչ վարձկանների կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած գործողությունները ռազմական հանցագործություն են։ Դրանք այդպիսին ճանաչելու ուղղությամբ ՀՀ—ն աշխատանք է կատարում։
Երեկ ԱԺ—ում ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ ձեւավորել թղթածրար, որի կետերից մեկն էլ նրանց իրականացրած ռազմական հանցագործության վերաբերյալ փաստերի հավաքագրումը կլինի. «Այդ թղթածրարն առնվազն երկու մաս պետք է ունենա, շատ հստակ ամրագրվի, թե ով սկսեց ու նախաձեռնեց այս նոր հարձակումը եւ ըստ այդմ՝ հստակ անվանվի ագրեսորը, որ Ադրբեջանն է։ Դրան պետք է հետեւեն ագրեսորին սանձելու մեխանիզմները, որոնք կիրառվում են ամենատարբեր եղանակներով. էմբարգո, ազդեցության այլ մեթոդներ։ Երկրորդ՝ պետք է հավաքվեն փաստեր, որոնք հաստատում են Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունը։ Ամենավայրագ գործողությունները՝ մարդկանց գլուխ—ականջները կտրելը, կանանց, երեխաներին խոշտանգելը, արգելված զենքերի կիրառումը, որը մասսայական ոչնչացման նպատակ է հետապնդում։ Այս բոլոր փաստերը մեկ փաստաթղթում պետք է խորությամբ մշակվեն ու պատրաստվեն մեր կողմից»։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս նոր թղթածրարը հնարավորություն կտա դիմակայելու Ադրբեջանի խեղաթյուրումներին, որոնցով մինչ այժմ դիվանագիտական հարթությունում փորձել է հաջողություններ գրանցել. «Մենք համարում ենք, որ այս ընթացքում Ադրբեջանը, եթե դիվանագիտական հաջողություններ է արձանագրել, դա եղել է այն պատճառով, որ խեղաթյուրում էր փաստերն այն աստիճան, որ, լինելով ագրեսոր, ներկայանում էր զոհ ու տարածքների պահանջատեր։ Հիմա գլխիվայր շուռ տված պատկերացումը պետք է վերականգնվի մեր օգտին։ Պետք է ամուր փաստերով հիմնավորված թղթածրար ձեւավորենք»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքը, որպես ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն իսկ իր մոտ եղած տեղեկատվությունը փոխանցել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարին. «Ապրիլյան նստաշրջանին, որը կմեկնարկի ապրիլի 18—ին, մեր հիմնական օրակարգային խնդիրներից մեկը լինելու է նաեւ Ադրբեջանի զինուժի ու վարձկանների իրականացրած հանցագործության փաստերը ներկայացնելը։ Փաստերը բազմաթիվ են, որ Ադրբեջանի զինուժի շարքերում կռվել են իսլամիստ վարձկաններ, դրանք տրամադրված են նաեւ Կարմիր խաչին»։ Զոհրաբյանի խոսքով՝ այդ ամենն ապացույց է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն ճանաչելու, իսկ նրա իրականացրած գործողությունները ռազմական հանցագործություն որակելու բոլոր հիմքերը կան. «Այս առնչությամբ մեծ աշխատանք ունեն թե՛ քաղաքական ուժերը, թե՛ պատկան կառույցներն ու այդ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն առաջին իսկ օրերից հավաքում են բոլոր փաստերը գործընթաց սկսելու համար։ «Դրանք չեն հավաքվում արխիվում պահվելու համար»,—ընդգծեց նա։

Անհրաժե՞շտ են արդյոք խաղաղապահներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, DW—ի համար մեկնաբանելով հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը, հայտարարել էր, որ Հայաստանը երբեք դեմ չի արտահայտվել դրան, սակայն կարծում է, որ մինչ այդ հակամարտությունը լիովին եւ վերջնակապանապես պետք է կարգավորվի։
Խորհրդարանական ուժերը երեկ նշեցին, որ նույնպես դեմ չեն քննարկելու խաղաղապահների տեղակայման հարցը՝ հակամարտության լիակատար լուծման դեպքում։
«Միանշանակ, մենք կողմ ենք եղել խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Եթե լինում է հիմնախնդրի կարգավորում, ուրեմն պետք է լինեն նաեւ խաղաղապահ զորքեր»,–հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Եթե հակամարտության կարգավորման այնպիսի ծրագիր ընդունվի, որը, ըստ Զուրաբյանի, ընդունելի լինի հայկական կողմի համար, ապա խաղաղապահ զորքերի տեղակայումը դրա «անհրաժեշտ բաղադրիչը պետք է լինի, առանց դրա ուղղակի ոչ մի պլան չի կարող գործել»։
Զուրաբյանը հիշեց 90—ական թվականները, երբ ինքը ՀՀ առաջին նախագահի օգնականն էր, այնուհետեւ՝ մամուլի խոսնակը, բանակցային գործընթացներում խաղաղապահներ տեղակայելու հարցը մշտապես եղել է, եւ այդ հարցի վերաբերյալ ոչ մի քննադատություն չի եղել։
Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերում Թուրքիայի ներկայությանը, Զուրաբյանն ասաց, որ այդ հարցում իրենք «կատեգորիկ են արտահայտվել»։
«Լեւոն Տեր—Պետրոսյանն էլ հայտարարություններ արել է՝ ասելով, որ Թուրքիան չի կարող մաս կազմել խաղաղապահ ուժերի, այն պարզ պատճառով, որ, ըստ էության, հակամարտության կողմ է, քանի որ իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանին, անգամ անցել է թշնամական գործողությունների՝ իրականացնելով շրջափակում Հայաստանի նկատմամբ»,—հիշեցրեց նա։
«Քանի դեռ մենք կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը, եւ վստահ եմ, որ կարող ենք շարունակել մենք մեզ պաշտպանել, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա»,—ասաց Արմեն Ռուստամյանը։
Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այդ հարցը մշտապես եղել է, այնպես չէ, որ դա նոր դետալ է. «Հակամարտության կարգավորումը միասնական փաթեթ է, եւ այդ փաթեթի մեջ խաղաղապահների տեղակայման խնդիրը մշտապես քննարկվել է»։
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հույսը պետք է դնենք հայ ժողովրդի վրա, հայկական բանակի, մեր մոբիլիզացիայի վրա։ «Նման ոգեւորություն, որ ունի հայ ժողովուրդը հիմա, երբեւէ չի ունեցել»,–նկատեց նա։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ քնարկումներ եւ առաջարկություններ կան, սակայն իմպերատիվ պնդում չկա»,–հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ եթե ՄԽ—ն, միջազգային կառույցները կպնդեն, որ դրա անհրաժեշտությունը կա, այդ ժամանակ միայն հարցին անդրադարձ կլինի. «Մենք պարզապես դեմ չենք արտահայտվել, բայց առանձնապես ոգեւորված էլ չենք այդ հարցի շուրջ»։

Ֆաշիստական ձեռագիրը կրկնվեց

«Մեր բանակը, մեր տղաները ռազմաճակատում կռվեցին հերոսաբար, վերցրին առաջին հարվածը հետ մղելու ամբողջ բեռն իրենց վրա՝ ցավոք, տալով նաեւ զոհեր,–ասաց Լեւոն Զուրաբյանը։–Ահավոր ծանր փորձություն էր մեզ համար Ադրբեջանի կողմից ապրիլի մեկի գիշերը սանձազերծված ագրեսիան, որին ազգովի հետեւում էինք։ Մեր զինվորները հերոսաբար կռվեցին ու անմիջական վտանգը չեզոքացրին։ Այս մի քանի օրերին մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, ապահովեց անհրաժեշտ միասնականությունը, ոգին»։

«Որեւէ զենք, որեւէ զինանոց չի կարող հայ ոգու հետ պատերազմել։ Հենց այս պահին մեր բանակը հաղթանակած է, եւ մեր հաղթանակի երաշխիքը եղել է հայ ժողովրդի միասնականությունը»,—ասաց Վահրամ Բաղդասարյանը։
«Ադրբեջանի ագրեսիայի ու «բլիցկրիգի» ծրագրի ձախողման ամենամեծ պատճառն այն է, որ հայկական բանակն ամեն պահի պատրաստ էր Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի,–նշեց Արմեն Ռուստամյանը։–Առաջին հերթին մեր հաջողությունն ապահովեցին առաջինը հարվածն իրենց վրա ընդունած զինվորները, ում ոգին հակառակորդին պարզապես ապշեցրել է։ Նրանց թվացել է, թե կիրառելով ժամանակակից տեխնիկայի բոլոր նվաճումները, կարող էին հանկարծակիի բերել մեզ ու հասնել ինչ—որ արդյունքի, սակայն ձախողվեցին»։
Անդրադառնալով մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի մարտավարությանը՝ Արմեն Ռուստամյանը համեմատություն արեց Իլհամ Ալիեւի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ՝ նշելով, որ Ալիեւը նմանվել է Հիտլերին՝ կրկնելով ֆաշիստական ձեռագիրը. «Բայց նույն վախճանը ունեցավ ու պիտի ունենա, ինչպես ժամանակին Ադոլֆ Հիտլերը»։
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ պետք է զգոն լինել, քանի որ անգամ հարաբերական անդորրի պայմաններում Ադրբեջանը տեղ—տեղ կրակում է ու լարում իրավիճակը. «Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության. այդ իմաստով է կատարվել նախագահի հայտարարությունը, որ հակառակորդի կողմից մենք տեսնում ենք լայնամասշտաբ պատերազմ հրահրելու հավանականություն։ Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում միջազգային նորմերի, չափանիշների մեջ։ Ադրբեջանը հրաժարվում է առաջնորդվել միջազգային չափանիշների համապատասխան համակեցության նորմերով, իսկ նման երկրից ամեն ինչ սպասելի է»։

Նա ընդգծեց, որ հայկական կողմն այժմ առավել պատրաստված ու կազմակերպված է գործում. «Հիմա ավելի պատրաստված ու միահամուռ ենք, կարծում եմ՝ որքան նրանք փորձեն արկածախնդիր մեթոդներ կիրառել իրենց ծրագրերն իրականացնելու համար, նույն ճակատագրին են արժանանալու եւ ավելի վատ վիճակի մեջ են հայտնվելու»։
Պատգամավորներն անդրադարձան նաեւ միջազգային հանրության՝ մեր կարծիքով ոչ ադեկվատ արձագանքին եւ հակառակորդին ռուսական զենքի վաճառքին։
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ թեպետ մենք հովանավորներ չունենք, եւ ավելին՝ դրանց կարիքն էլ չենք զգում, սակայն մասնավորապես ՀԱՊԿ—ի արձագանքը չարդարացրեց սպասելիքները. «ՀԱՊԿ—ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարությունները հեղինակազրկում են այդ կառույցը։ Հորդորել եւ հորդորում ենք, որ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ են այդ կառույցն ու նրա հեղինակությունը»։
Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին նա նշեց, որ, միեւնույն է, Ադրբեջանը պետք է ձեռք բերի զենք, եթե ոչ ՌԴ—ից, ապա Իսրայելից, Պակիստանից. «Մենք դատապարտում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, որ զենք չպետք է վաճառվի։ Բայց եթե կա գումարը, որով մեր թշնամին պետք է զենք գնի, Ռուսաստանից չգնի, պետք է գնի այլ երկրներից, ամբողջ աշխարհը զբաղվում է զենքի վաճառքով»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների մեջ մեղադրում է ոչ միայն այն նախաձեռնած Ադրբեջանին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. «Տեղի ունեցածի մեջ պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որովհետեւ երբ Ադրբեջանը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ էր անում, միջազգային հանրությունը որեւէ կերպ չէր արձագանքում։ Երբ Ալիեւը սելֆի էր անում ռազմատեխնիկայի հետ, որի ձեռքբերման իրավունքը չուներ իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերով, միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը շարունակում էին իրենց լռությունն ու հավասարության նշան դնում կողմերի միջեւ՝ անելով անհասցե ու անդեմ հայտարարություններ՝ ի դեմս վերջին հայտարարության»։
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նկատեց, որ Մինսկի համանախագահող երկրների արտաքին հետախուզության տվյալները հստակ են. հարձակվողական գործողությունները սկսել է Ադրբեջանը։ «Անգամ տիրապետելով այդ փաստական տեղեկություններին՝ նրանք հավասարության նշան դրեցին կողմերի միջեւ, ես իրենց համարում եմ մեղսակից տեղի ունեցած ողբերգական դեպքերին»,—ասաց նա։
Իսկ ապրիլի 7—ին Երեւանում ՌԴ վարչապետի այն դիտարկմանն ի պատասխան, թե «հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե զինվորականները», Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Միանգամայն տեղին հայտարարություն, բայց որպեսզի համակարտության կարգավորմամբ զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե զինվորականները, անհրաժեշտ է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դադարի Ադրբեջանին վաճառել հարձակողական զենք։ Որպեսզի հակամարտության կարգավորմամբ զբաղվեն քաղաքական գործիչները, անհրաժեշտ է, որ ԵԱՏՄ անդամ Բելառուսն էլ հրաժարվի Ադրբեջանին վաճառել հարձակողական զենք, եւ նրա արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարություններում լինի զուսպ ու հակակշիռ»։
«ՌԴ—ին միանշանակ ձեռնտու չեն սրացումները այս տարածաշրջանում»,–կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։ Նա հիշեցրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետերի հանդիպումը Մոսկվայում, ինչն էլ, ըստ նրա, ցույց է տալիս, որ ՌԴ—ն շահագրգիռ է, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի։
«Իմ համոզմամբ՝ միայն մեկ երկիր՝ Թուրքիան, հրապարակայնորեն հայտարարեց իր աջակցության մասին Ադրբեջանին»,–ասաց նա եւ հավելեց, թե մեծ խաղացողներին էլ նպատակահարմար չէ այս պատերազմի վերսկսումը։

Լիլիթ Ասատրյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *