08a621a4-e56f-4712-b8ce-98759d5ce16f

Քաղաքագետների գնահատմամբ ժողովուրդը տիրապետում է խաղաղ անհնազանդության տեխնոլոգիաներին

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում ժողովուրդը ցույց տվեց, որ տիրապետում է խաղաղ անհնազանդության տեխնոլոգիաներին և հասկացել է դրա հզորության ուժը. վստահեցնում են քաղաքագետները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Քննարկման մասնակից «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը ասում է, որ իրավիճակը բավականի լուրջ և խորն է:

«Նոր մտածողություն է առաջացել երիտասարդների մոտ, որը նոր որակ է բերել հասարակության մեջ: Այս ամենը միջազգային հնչեղություն է ստացել, որովհետև Հայաստանը ռազմավարական շատ կարևոր կետ է հանդիսանում: Համար մեկ հարցը նա է, որ Հայաստանում տնտեսական ոլորտը ոչ միայն մենաշնորհված է, այլև ստվերում է գտնվում, մոնոպոլիաներ են ստեղծվել և համատարած հանցագործություն է տեղի ուենում, որոնք հանրությունը չի կարողանում վերահսկել: Այժմ հանրությունը ընդվզել է, սակայն խնդիրները Քրեական օրենսգքրի համապատասխան չեն դրվել»,-ասում է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է քաղաքացիական հասարակությունը նստացույց է իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:

Հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող և նստացույց իրականացնող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունը կիրառել էր բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել են բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում:

Բռնություններից անմասն չէին մնացել որոշ լրագրողներ և օպերատորներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալել դեպքի վայրում:

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ իրավիճակը նրանով է լուրջ, որ գործող իշխանությունները փորձեցին միանգամից կոշտ վերաբերմունք ցուցաբերել, ինչը բերեց հակառակ էֆֆեկտի:

«Կոշտ ձևերով հարցը լուծել հնարավոր չէ: Հանրության կողմից գիտակցվում է մի շատ էական բան. այն ինչ կատարվում է էլեկտրացանցերում, համակարգային երևույթ է, որովհետև մինչ այդ եղել է գազի խնդիրը, Արմավիայի սննկացման և Նաիրիտի հարցը, և այս ամեն ինչը ժողովուրդը ընկալում է՝ որպես նույն պրոբլեմի մի շղթա: Համապետական նշանակության բոլոր հիմնարկների հետ կատարվում են նման խնդիրներ, որոնք բերում են սննկացման: Սա նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունեն քաղաքական և իրավական նվազագույն երաշխիքներ, որ նման խոշոր հիմնարկները անվտանգ գործեն»,-ասում է Սարգսյանը:

Նա հավելում է, որ երբ ժողովուրդը դուրս եկավ, պարզ ու հստակ դրեց իր խնդիրը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման դեմ, իշխանությունները արդեն հասկացան, որ ժողովուրդը ի վերջո ընդվզեց այս իրավիճակի դեմ:

«Որևէ քաղաքական ուժ այստեղ չկա: Իշխանությունը շատ կուզեր, որ այստեղ քաղական կուսակցություններ լինեին, որոնց հետ վաղուց գիտեն բանակցելու ձևերը: Բայց երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց բողոքավորներին հանդիպման, բոլորը միանգամից հրաժարվեցին: Սա է այն իրավիճակը, որի դեմ համակարգը դեռ չգիտի ինչպես վարվի: Իսկ վարչապետի այսօրվա հայտարարությունից պարզ երևում է, որ դա հստակ պատերազմ էր հայտարարված ժողովրդին»,-հավելեց Սարգսյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ Կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Կառավարությունը չի ցանկանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, բայց ստիպված են դա անել և նշել էր, որ ՀԷՑ-ի չարաշահումները հաշվարկված չեն բարձրացվող սակագնի մեջ:

Քննարկման մասնակից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ ցուցարարները այսօր իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը՝ նստացույց անցկացնելով Բաղրամյան պողոտայում:

«Մոտ 10 հազար մարդ, հիմնականում երիտասարդություն, շատ կրթված և գիտակցված դուրս է եկել փողոց՝ ցուցաբերելով քաղաքացիական անհնազանդություն: Քաղաքացիները խաղաղ, առանց զենքի, առանց ոստիկաններին վիրավորելու, առանց ագրեսիայի դրսևորման, որպես իրավատեր, իրացրեցին իրենց սահմանադրական իրավունքը, փակեցին Բաղրամյան պողոտան և հանրության անունից պահանջեցին չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Ոչ մի պաշտոնյա, հատկապես նրանք, ովքեր անմիջականորեն առնչվում են այս որոշման հետ՝ Ռոբերտ Նազարյանը և Երվանդ Զախարյանը, ի վիճակի չեղան դուրս գալ և քաղաքացիներին ներկայացնել իրենց դիրքորոշումը: Նրանք թաքնվեցին ոստիկանության ետևում և թողեցին իրավիճակը ինքնահոսի»,-նշեց Ղուկասյանը:

Անդրադառնալով միջազգային մամուլի լուսաբանմանը, հատկապես ռուսական լրատվամիջոցների կողմից ապատեղեկտվության տարածմանը վերջին օրերի զարգացումների վերաբերյալ, բանախոսները նկատեցին, որ տարիներ առաջ նույն խնդիրը ունեցել է նաև տեղական լրատվամիջոցները:

«Տարիներ առաջ, երբ Մաշտոցի պուրակի պայքարում քաղաքացիական նախաձեռնությունն իրեն դրսևորեց, մենք տեսնում էինք, որ տարբեր կուսակցական շրջանակներից բացասական վերաբերմուք էր գալիս, բայց տարիներ անցան և Հայաստանում թե մամուլը, թե կուսակցական համակարգը ընտելացան և հասկացան, թե ինչ է սա նշանակում: Բայց միջազգային ասպարեզում դեռ նույնն է մնում, հատկապես Ռուսաստանում, որտեղ ժողովուրդը ցույց է տալիս իր կամքը, անպայման պիտակավորում են: Բայց մեր ժողովուրդը ինչպես երկրի ներսում ստիպեց, որ իր հետ հաշվի նստեն, նույնը պետք է նաև աշխարհում անի»,-նշեց Սարգսյանը:

Ղուկասյանը հավելեց, որ հենց պետական պաշտոնյանները չպետք է թույլ տային ,որ նման ապատեղեկտվություն տարածվեր Հայաստանից դուրս և իրենց լծակներով պետք է հերքել տային նման խեղաթյուրված տեղեկատվության տարածումը:

Լիլիթ Առաքելյան «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *