Քեսաբի ազատագրման պայքարում հայ ազատամարտիկները հերոսացան

Հայկական Կիլիկիայի վերջին բնակավայր, չքնաղ Քեսաբի ազատագրությանը մասնակցեցին նաև հայ ազատամարտիկներ, ովքեր իրենց խիզախությունը, հայրենասիրությունը դրսեւորեցին: Ցանկության դեպքում, Մայր Հայրենիքից թե Սփյուռքից զինվորագրված հայ երիտասարդներ՝ կարող են հրաշքներ գործել, ինչպես արցախյան հերոսամարտի օրերին։ Արցախի հերոս, Շուշիի առյուծասիրտ հոգևոր Առաջնորդ Պարգև Արք. Մարտիրոսյանը ասել էր. «Երբ միաբան էինք, տարանք անհավատալի հաղթանակներ…»։ Հակառակ բոլոր խոչընդոտներին, հայերի կողմից դրված արգելքներին, իբր թե ժողովուրդը փրկելու ավելի մեծ արհավիրքներից, թուրքի յաթաղանից՝ Արցախյան ազատամարտի նահատակ հերոս Վալերի Վարդանյանի որդին Արթուրը, Իսպանիայից ժամանեց Սիրիա, ղեկավարելով սկզբում 20 հոգուց բաղկացած փորձառու մարտիկների ջոկատը, որոնց շարքում էին բազմաթիվ մարտերում թրծված «Քեռի»ն, «Վարպետ»ը, «Մհեր»ը, «Աւո»ն, «Լևոն»ը, «Սագո»ն, «Կիրակոս»ն ու ուրիշ հայազգի քաջազուններ, որոնց անունները անվտանգության հարցերից ելնելով չենք ցանկանում հրատարակել այժմ։

Ստանալով հատուկ առաջադրանք, Քեսաբի ազատագրությանը մասնակցող Սիրիայի ազգային բանակից և նրա դաշնակիցների հրամանատարությունից, հայ ռազմիկներին ծովի ճանապարհով ափ են իջեցնում Գալադուրանից 10 կլմ. առաջ, որ նրանք հետիոտն, արձակազենների ու դիպուկահարների կրակից խուսափելով, հասնում են ստրատեգիական մեծ կարևորություն ունեցող Մակլա սարի ստորոտին, որը գտնվում է Քեսաբին մոտ՝թուրքական սահմանի վրա։ Ապա, մութնուլուսին, յուրաքանչյուրը 50 քկ. ռազմական բեռով, մագլցում են սարը, անսպասելի խոյանքով հարձակվելով ոճրագործ նախահարձակների թաքստոցների վրա, որոնք խուճապահար փախչում են՝ ետին թողնելով բազմաթիվ դիակներ։ Հայ ազատամարտիկ սակրավորները վնասազերծում են ականները, մաքրագործում են ահաբեկիչների «բնակարանները» ու իրենց ձեռքը որպես ավար ընկած մոտոցիկլետներով հաղթական մուտք գործում ազատագրված Քեսաբ, 13 Հուլիսի 2014 թ.ին, առանց ոչ մի զոհ տալու…։

Սիրիական և դաշնակից ուժերի հրամանատարությունը շշմել էր հայ ազատամարտիկների քաջագործություններից՝լավ հասկանալով թե գործ ունի արցախյան մարտերում, թե Սիրիայի ու Լիբանանի քաղաքացիական պատերազմների դաժան մարտերում թրծված զինվորականների հետ, որոնք առյուծասիրտ հայ վրիժառուներ են, պատրաստ պաշտպանելու իրենց հայրենակիցներին աշխարհի որ ծայրամասում որ գտնվեն։ «Եթե այդ հրոսակները, որոնք զինված էին թուրքերի կողմից, հանկարծ զավթեին Լաթաքիան, ապա և ոչ մի հայ քրիստոնյա չեր փրկվելու իրենց զազրելի ոճիրներից։ Կոտորելու էին բոլորին…» համացանցային մեր հարցազրույցում ասաց հրամանատար Արթուր Վարդանյանը։

Հայ կնոջ հերոսական կերպարը մարմնավորեց նաև մեր օրերի «Սոսե մայրիկ» ու «Այծեմնիկ» Անին, որ իր բոլոր կարելի միջոցները ի սպաս դրեց հայկական ջոկատի ազատագրական մահու կենաց պայքարին, որ թեև այժմ ավարտվեց հաղթանակով, սակայն չգիտենք թե ապագան ինչպիսի արհավիրքներ է թաքցնում, որոնց դիմակայելու համար, պետք է պատրաստ լինենք։

Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ

(Visited 4 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *