«Քորոնա»-ով Հիւանդացած Բժշկի Փորձը՝ «Քորոնա»-ի Դէմ Պայքարում

Իրանի բժշկական շաբաթաթերթի մարտի 19-ի համարում հրատարակուել է Սինա հիւանդանոցի շտապօգնութեան բաժանմունքի ղեկավար դոկտ. Հոսեյն Քերման Փուրի գրառումները «Քորոնա»–ի դէմ իր անձնական պայքարի ընթացքի մասին, որը կարծում ենք հետաքրքիր կը լինի “Քորոնա»յով վարակուած բոլոր հիւանդների ու հայ բժիշկների համար: Դոկտ. Հոսեյն Քերման Փուրը բժշկական համակարգի առաջին մարդկանցից էր, որ “Քորոնա»-ով հիւանդացաւ: Նա հարցազրոյց է տուել նաեւ Իրանի յայտնի «Շարղ» օրաթերթին, որը համառօտ ձեւով ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:

Հարցում.- Ի՞նչպէս եղաւ, որ վարակուեցիք:

Պատասխան.- Ես առաւօտները գնում էի Իրանի Բժշկական արհմիութեան կազմակերպութիւն եւ ճաշից յետոյ Սինա հիւանդանոցի շտապօգնութեան բաժնում հերթապահում էի: Քանի որ Սինա հիւանդանոցը մեծ քանակութեամբ «Քորոնա»-ով դիմող հիւանդներ ունէր հիւանդանոցի շտապօգնութեան բաժնի մթնոլորտը այնքան էր տարածուած այդ վիրուսով, որ կարող էր բոլորին վարակել: Առաջին օրերին էլ «Քորոնա» հիւանդութիւնը այսօրուայ նման լուրջ չէինք ընդունում եւ հնարաւորութիւններն էլ անբաւարար էին: Բոլոր այս պայմանները պատճառ դարձան, որ ես «Քորոնա»-ով հիւանդանամ:

Հ.- Ի՞նչպէս հասկացաք, որ վարակուած էք:

Պատ.- Զբաղուած էի աշխատանքով, ընդհանրապէս ես ներուժով մարդ եմ: Կարողացայ հասկանալ, որ լաւ չեմ զգում: Մի պահ զգացի, որ շատ եմ քրտնում եւ շնչահեղձութիւն ունեմ ու ստիպուած նստեցի եւ զգացի, որ հանգստանալու կարիք ունեմ: Նստելով եւ պառկելով իմ յոգնածութիւնը չանցաւ եւ զգում էի, որ աշխատելու կարողութիւն չունեմ: Սկսեցի հազալ: Այս երեք նշանները` չափից աւելի յոգնածութիւնը, շատ քրտնելը եւ չոր հազերն ու մարմնացաւը պատճառ դարձան, որ գործընկերներս ուշադրութիւն դարձնեն ինձ: Նրանք առաջարկեցին թոքերի «Սի. Թի. Սքանինկ» (CT Scaning) կատարել, որը ցոյց տուեց, որ երկու թոքերիս յատակի մասերը բռնուած են եւ խօսում են «Քորոնա»-ի մասին եւ վերջապէս առաջարկուեց, որ հիւանդանոց տարուեմ:

Հ.- Հիւանդութեան ընթացքի մասին բացատրէք: Հիւանդանոց փոխադրուելէ ետք արդեօ՞ք դուք «Քորոնա»-ի ուժեղ տեսակով էիք վարակուել:

Պատ.- Չգիտեմ, որն էք համարում ուժեղ ձեւը: Ես պէտք է մնայի ու բուժուէի հիւանդանոցում, սակայն նկատի առնելով հիւանդանոցի հիւանդների ծաւալն եւ մահճակալների քիչ լինելը եւ միւս կողմից հաւատալով իմ ընտանիքի անդամների կարողութեանը՝ առաջարկեցի, որ ինձ իրաւունք տան տնային քարանթինայում մնամ եւ բուժուեմ: Բնականաբար, հիւանդութեան առաջին օրը, որ կարիք ունէի հանգստանալու որեւէ դժուարութիւն չունեցայ, սակայն «Քորոնա»-ի վատ ախտանիշները սկսուեցին երկրորդ օրուանից եւ մի քանի անգամ որոշեցի գնալ ու մնալ հիւանդանոցում, սակայն կրկին դիմադրեցի ու չգնացի: Ջերմութիւն ունէի, որը սովորական ջերմիջեցնող դեղորայքով չէր իջնում եւ ստիպուած էի ընտանիքիցս խնդրել, որ մարմինս շփեն եւ այդ ձեւով կարողացանք ջերմութիւնը որոշակի չափով իջեցնել: Այդ ջերմութիւնը իր հետ առաջացնում էր անքնութիւն, անդադարութիւն եւ մղձաւանջ: Այս բոլորը պատճառ է դառնում, որ մարդը կորցնի իր ինքնակառավարումը, եւ հիւանդի շրջապատը պէտք է հսկեն նրան: 38 եւ երբեմն 40 աստիճանից բարձր ջերմութիւնը յանգեցնում էր զառանցանքների եւ տանջանքի: Ջերմութիւնը ինքը շատ բաների պատճառ է դառնում: Մարմնի համար եւ՛ լաւ է եւ՛ վատ: Վատ կողմը այն է, որ առաջացնում է զառանցանքներ, ընկճուածութիւն եւ անկարողութիւն, նուազում է ինքնակառավարումը: Իմ երկրորդ ախտանիշը «Քորոնա»-ի ժամանակ ուժեղ գլխացաւերն էին եւ ցաւի զգացումը աչքերիս խոռոչում, որոնք սովորական ցաւազրկողներով չէին վերանում:

Երրորդ ախտանիշը ինձ մօտ դողն էր: Գիտէք, որ դողալը մարմնի համար վատ չէ, եւ այն երեւոյթի արտացոլումն է, որ տոքսինը կամ վիրուսի թոյնը անցել է արեան մէջ եւ մեր օրկանիզմը դրա դիմաց հակազդեցութիւն է ցոյց տալիս: Այս դողի զգացումը շատ անդուր է այն հիւանդի համար, որ տանն է բուժւում, իսկ սովորական ծածկոցով հիւանդը չի տաքանում: Բարեբախտաբար, ընտանիքս կարողացաւ ելեկտրական ներքնակներով կամ տաք ջրի տիկով հսկի մարմնիս դողը: Գիտահետազօտողները այն արդիւնքի են հասել, որ «Քորոնա» վիրուս 19-ը այնքան էլ իրեն լաւ չի զգում ջերմութիւն ունեցող մթնոլորտում: Այսինքն երբ սենեակը սառը լինի վիրուսը ուրախ է, իսկ սենեակի ջերմութեան բարձրացմամբ անկարող է դառնում ու պակսում է նրա ուժը:

Յաջորդ ախտանիշը, որ ինձ գժուեցրեց` սրտխառնոցն ու փսխումն էր, որը ոչ մի ձեւով չէինք կարողանում հսկել: Այս սրտխառնոցը եւ փսխումը ինձ այն տեղն էր հասացրել, որ բարձր ձայնով գոռում էի, որովհետեւ ոչ մի բան չկար փսխելու կամ հետ տալու համար: Երբ սրտխառնոցից յետոյ փսխում լինի ստամոքսը եւ աղիքները կը դատարկուեն ու հիւանդը կը թեթեւանայ, սակայն եթէ անընդհատ սրտխառնոց ունենաս եւ որեւէ բան ստամոքսում չլինի` գոռում ես ու տանջւում:

Իմ գործընկերների խորհրդների ու իմ փորձից ելնելով շատ դեղեր փորձեցի օգտագործել, սակայն ամենայարմար եւ օգտաւէտ դեղը` «Դիֆենհիդրամին»-ի օշարակն էր (Diphenhydramine syrup)` առանց կողմնակի ազդեցութիւնների, եւ ամենակարեւորը` հակավիրուսային դեղորայքի օգտագործման հետ հակասութեան մէջ չէր: Իւրաքանչիւր ուտելուց կէս ժամ առաջ ընդունում էի 10 միլիլիթր, այն օգնում էր, որ կարողանամ ուտել եւ ուտելու ընթացքում դեղերս ընդունել:

Յաջորդ մեծ դժուարութիւնը այն էր, որ անթիվիրալ կամ հակավիրուսային դեղորայքը որոշակի հիւանդների համար յարմար չի, ու չեն կարող ընդունել: Ընդհանրապէս մի քանի դեղորայքի միատեղ օգտագործումը աղեստամոքսային տրակտի հակազդեցութիւն է առաջացնում, որտեղ ամենաբարդը փսխումն է, որը պատճառ է դառնում հիւանդը դեղորայքը հետ տայ, ու այդ դէպքում դեղորայքը որեւէ ազդեցութիւն չի կարող ունենալ: Այս կապակցութեամբ, ես որպէս բժիշկ, երկու գործ կատարեցի` տիֆենհիտրամին օշարակը օգտագործելով կարողացայ սնունդ ընդունել եւ առաջին դեղը հացի մէջտեղում օգտագործեցի, երկրորդ դեղը ուտելուց մէկ ժամ անց եւ երրորդը` ուտելուց երկու ժամ յետոյ: Հնարաւոր է նաեւ այս դեղորայքը հակասրտխառնոցային դեղորայքի հետ օգտագործել նաեւ, սակայն իմ դէպքում տիֆենհիտրամինը շատ օգնեց:

Հ.- «Քորոնա»-ն ձեր դէպքում ուրիշ ախտանիշներ էլ ունեցա՞ւ:

Պատ.- Այո՛, դժբախտաբար, դեղորայքը օգտագործելուց յետոյ ինձ մօտ առաջացաւ լուծ: Լուծը «Քորոնա»-ով հիւանդների մօտ հնարաւոր է պատահի, որը շատ տանջալի է: Մենք խորհուրդ ենք տալիս այս հիւանդութեան ընթացքում հեղուկ շատ օգտագործել, բայց խուսափել քաղցր հեղուկներից: Նոր «Քորոնա»-ի ժամանակ առաջանում է ուժեղ այրոցներով լուծ եւ փորացաւ: Լուծի ժամանակ լինում է միայն լուծելու զգացում եւ որեւէ արտահոսք չի լինում աղիներից եւ դա ցաւերի պատճառ է դառնում: Դու ուզում ես հանգստանալ, սակայն միշտ զգում ես, որ զուգարան գնալու կարիք ունես: Լուծի դէմ շատ դեղորայք կայ, բայց ոչ մէկը խորհուրդ չեմ տալիս, որովհետեւ լուծի պատճառը անյայտ է: Ամենալաւ հեղուկը, որ կարող է մարմնի ջուրը աւելացնի խմելու ջուրն է: ORS-ն (լուծի փոշի է) էլ եթէ խառնեն խմելու ջրին, վատ չի լինի: Այս փոշին դեղ չի համարւում եւ միայն կարգաւորում է օրկանիզմի հեղուկը: Այս փոշու մէկ երրորդը լցնում էք կէս լիտր ջրի մէջ, որ երբ ծարաւում էք` խմէք:

«Քորոնա» վիրուսը թոքերի վրայ յարձակուելուց յետոյ յարձակւում է երիկամների վրայ: Այստեղ երիկամների հարցը շատ կարեւոր է, որովհետեւ, եթէ նրանք որպէս օրկանիզմի զտարան գործից ընկնեն ու չաշխատեն, այլեւս չի լինի «Քորոնա»-ի դէմ որեւէ դեղ նշանակել: Ինչքան հեղուկ շատ օգտուենք` մեր օրկանիզմը աւելի առողջ կը մնայ: Մենք պէտք է բաւարար չափով հիւանդին հեղուկ տանք, որպէսզի նրա երիկամները գործից չընկնեն:

Հ.- Ինչպէ՞ս կարելի է այս հարցը տան պայմաններում լուծել:

Պատ.- Շատ սովորական է, ես որպէս բժիշկ, որ վարակուել եմ «Քորոնա»-ով ձեզ խորհուրդ եմ տալիս մի ապակէ որեւէ շիշ վերցնել եւ կապ չունի վարակուած ես, թէ` ոչ եւ այնքան հեղուկ օգտուել, որ օրական 500-800 միլիլիթր կամ էլ ամենաշատը մէկ լիթր մէզ ունենաք: Եթէ ձեր մէզի գոյնը մի քիչ դեղին է, նշանակում է, որ բաւարար չափով հեղուկ չէք օգտագործել եւ պէտք է շատացնել հեղուկի օգտագործումը, որպէսզի ունենաք առողջ երիկամներ: Եթէ շատ հեղուկ օգտագործէք ձեր օրկանիզմից թոյները կը զատուեն:

Հ.- Արդեօք շնչահեղձութիւն կամ հազ ունէի՞ք:

Պատ.- Յաջորդ ախտանիշը, որ «Քորոնա»-ով հիւանդներին շատ է նեղացնում շնչահեղձութիւնն ու հազն է: Որպէսզի հիւանդը դժուարութեան չհանդիպի եւ գիտակցութեան կորուստ չունենայ, անհրաժեշտ է հանգստի ժամանակ հաշուել շնչելու քանակը մէկ րոպէի ընթացքում: Եթէ մէկ րոպէում հիւանդը 24 անգամ է շնչում` վտանգաւոր է, եւ բացի դա, ունի ջերմութիւն ու հազ, արդէն շուտ պէտք է դիմի հիւանդանոց (հարկ է նշել, որ բնական ժամանակ մարդը 12-16 անգամ է շունչ քաշում մէկ րոպէում): Ես, որովհետեւ բժիշկ էի, կարողացայ այս հարցը տանը հսկել: Ովքեր շնչահեղձութիւն ունեն, պէտք է իմանան, որ այս վիրուսը սիրում է թոքերի յատակին նստել: Լաւ կը լինի թոքերը օդով լցնելու փորձ կատարել, սկզբից խորը ներշնչել մինչեւ այն չափի, որ հազ է առաջանում եւ ամէն օր այդ ներշնչելու չափը աւելացնել: Երեք վայրկեանից յետոյ խորը արտաշնչէք եւ, եթէ օրական 28 անգամ այս փորձը կատարէք, թոքերի ծաւալը կը լցուի եւ վիրուսին նստելու համար տեղ չի մնայ ու թոքերից դուրս կը գայ: Այս գործողութիւնը նրա համար է, որ հսկուի շնչահեղձութիւնը:

Հ .- Հոտառութեան դժուարութիւն չառաջացա՞ւ ձեր մօտ:

Պատ.- Ինձ մօտ չառաջացաւ, բայց որոշ հիւանդների մօտ առաջանում է, որը բնական է եւ ինֆլուանզաների դէպքում էլ կարող է պատահի ու տեւի մի քանի ամսից մինչեւ մէկ տարի եւ յետոյ անցնի, սակայն հազուադէպ է հնարաւոր, որ անվերադարձ լինի այն:

Հ.- Ե՞րբ զգացիք, որ լաւանում էք:

Պատ.- Դուք հիւանդութեան վեցերորդ օրը արդէն պէտք է սպասէք, որ դեղերի օգտագործումից եւ օգնութիւններից յետոյ պէտք է լաւ զգաք եւ պէտք է իմանաք, որ հիւանդութեան բարդ շրջանը անցել էք եւ մտել էք ապաքինման շրջան: Շնչառութիւնը լաւանում է, ջերմութիւնն էլ հսկողութեան տակ է գտնւում եւ դողն էլ ամբողջովին վերանում է: Ապաքինման փուլը սկսում է հինգերորդ կամ վեցերորդ օրուանից եւ տեւում է մինչեւ 14-րդ օրը եւ սպասւում է, որ բարդութիւնները հասնեն զրոյի: Սնուելու մէջ որեւէ սահմանափակում չկայ, սակայն շեշտը դրւում է աւելի շուտ հեղուկների օգտագործման վրայ, ջրալի սուպ է առաջարկւում սպիտակուցի հետ միասին: Ընդհանրապէս հիւանդը ինչ սիրում է կարող է ուտել: Ես իմ հիւանդութեան ընթացում եօթ քիլոկրամ քաշ կորցրեցի, որը «Քորոնա»-ով հիւանդութեան ժամանակ բնական է համարւում:

Հ.- Ի՞նչպէս ապահովեցիք ձեր ընտանիքի անվտանգութիւնը:

Պատ.- Քարանթինէի ընթացքում շատ կարեւոր է անձնական մաքրութեան պահպանումը ընտանիքի անդամների կողմից: Այս վիրուսը երեք թոյլ կէտեր ունի, եւ, եթէ այս երեք կէտերը իմանանք, կարող ենք անվտանգութիւնը ապահովել: Առաջինը այն է, որ այս վիրուսը զգայուն է 28 աստիճանից բարձր ջերմութեանը եւ լաւ կը լինի, բացի նրանից, որ օրը 4-5 անգամ սենեակի օդը փոխում ենք, կրկին սենեակի ջերմութիւնը հասացնենք 28-ից բարձր ջերմութեան: Երկրորդը` եթէ վիրուսը տան մակերեսների վրայ նստի եւ տուեալ մակերեսին ձեռք չդիպչի` հեշտ կարելի է հականեխել: Վիրուսը շատ զգայուն է ժաւելի` մէկը չորսի յարաբերութեամբ լուծոյթի (մէկ բաժակ ժաւել ու չորս բաժակ ջրի խառնուրդ) նկատմամբ: Տան ամէն տեղը պէտք է հականեխել, իսկ հագուստեղէններն էլ 40-60 ջերմութեամբ լուանալ լուացքի մեքենայով: Ձեռքերի անընդհատ լուանալն ու ձեռնոց-դիմակով քարանթինէի սենեակ մտնելն էլ պարտադիր է:

22 մարտ 2020, Թեհրան

Թարգմանեց ու պատրաստեց` ԴՈԿՏ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐԵԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *