pepe 4

Քրիստինե Պեպելյան «Մի քիչ տխուր պատմություն է»

Արտասահմանում կազմակերպվող հայկական մրցանակաբաշխությունների թիվը կավելանա եւս մեկով. «Armenian Europe Music Awards Paris» -ն առաջին անգամ կանցկացվի 2017 թվականի մարտին: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է Քրիստինե Պեպելյանը, որը եւս մասնակիցների թվում է:

Քրիստինե Պեպելյանը

«Փարիզի հայտնի «Զենիթ» համերգային սրահում կհավաքվենք հայկական երաժշտության շուրջ: Նախապատրաստական աշխատանքները վաղուց են սկսվել, այժմ արդեն կարող ենք խոսել այդ մասին: Կարծում եմ` աշխարհի շատ հայեր ներկա կլինեն, եւ ոչ միայն երգիչներ, դերասաններ, այլեւ բոլոր նրանք, ովքեր կարեւոր ու նշանակալից գործ են արել», -ասել է երգչուհին:

Քրիստինեն նշել է, որ ցանկացած նախագծի պատասխանատվությամբ է մոտենում, այս մեկն էլ բացառություն չէ. «Ես էլ մինչ այդ պետք է աշխատեմ, որպեսզի աչքի ընկնեմ եւ, ինչու չէ, մրցանակի արժանանամ:)»:

Ամառը երգչուհու համար մեծամասամբ կլինի աշխատանքային. «Նոր երգերի ձայնագրություններից բացի պատրաստվում եմ հանդիսատեսիս ներկայանալ նոր տեսահոլովակով: Պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի առաջարկով կներկայացնեմ Ժակլին Թադեւոսյանի հեղինակային «Հավատա» երգը` դանդաղ, ռոմանտիկ, մի քիչ տխուր պատմություն է: Ռեժիսորը Զառա Նազարյանն է, տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանված են, մյուս մասն էլ նախատեսում ենք առաջիկայում նկարահանել»:

Քրիստինե Պեպելյանը

Երգչուհին ասել է նաեւ, թե ինչու էր այս շրջանում դադար վերցրել. «Ապրիլյան իրադարձությունների պատճառով հետաձգվեց Միացյալ Նահանգներում կայանալիք մենահամերգս: Դրանից հետո տեղին չէր այդ շրջանում որեւէ բան ներկայացնելը»:

Քրիստինեն նշել է, որ եթե աշխատանքային գրաֆիկի պատճառով չհասցնի ամառային արձակուրդը վայելել, չի տխրի. «Կարեւորը նպատակն է. եթե գիտեմ, որ պետք է աշխատեմ, ուրեմն այդպես էլ կանեմ: Ամեն դեպքում, հուսով եմ, հանգստի համար էլ ժամանակ կմնա:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *