Օքլենդի պատկերասրահում ցուցադրվում են Սերժ Թանկյանի գործերից 22 աշխատանք՝ նկարներ, կոլաժներ, քանդակներ

Աշխարահռչակ ռոք-երաժիշտ և արվեստագետ Սերժ Թանկյանը շարունակում է իր Disarming Time (Զինաթափվելու Ժամանակը) յուրօրինակ ինտերակտիվ արտ-ցուցահանդեսների շարքը:

Հերթական ցուցահանդեսը բացվել է Օքլենդում: Պատկերասրահում ցուցադրվում են Թանկյանի գործերից 22 աշխատանք՝ նկարներ, կոլաժներ, քանդակներ: Յուրաքանչյուր  արվեստի նմուշ Թանկյանը զուգորդում է իր կողմից գրված հատուկ երաժշտությամբ: Նորամուծության յուրահատկությունը նրանում է, որ ցուցադրված նմուշների երաժշտական ուղեկցությունը կարելի է լսել Eye For Sound հավելվածի միջոցով:

Պարզապես հարկավոր է ներբեռնել ծրագրային հավելվածը, սմարթֆոնի էկրանը պահել կտավներից որևէ մեկի վրա, ու հավելվածը կներկայացնի այդ ստեղծագործության համար գրված երաժշտությունը:

«Այս նոր գաղափարը ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ հասկացա, որ այսօր երաժշտությունը գուցե որոշ չափով արժեզրկվել է և դարձել չափազանց նյութական: Այդ իսկ պատճառով ես ցանկացա ստեղծել մի բացառիկ երևույթ, որ երբ ինչ-որ մեկը շփման մեջ մտնի այդ երևույթի հետ` դառնա այն միակ մարդը, որն այդ պահին ապրում է այդ փորձառությունը: Իմ նպատակն է, որ մարդիկ այս համադրման միջոցով “տեսնեն” երաժշտությունն ու “լսեն” արվեստը: Օգտագործելով ժամանակակից ծրագրերը՝ կարծում եմ, մենք կարողացանք նոր մակարդակի հասցնել 20-րդ դարասկզբի տաղանդաշատ նկարիչ Կանդինսկու Synaesthesia գաղափարը` գույները “լսելու” և կտավի վրա դա վերարտադրելու հատկությունը», – ասում է Թանկյանը:

Ռուբեն Շուխյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *