Ֆիլմեր, որոնք նկարահանվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Հայերի ցեղասպանության թեմային գուցե շատ ռեժիսորներ են ցանկացել անդրադարձ անել, սակայն նրանցից քչերին է հաջողվել ոճրագործության փաստին էկրանային մարմնավորում տալ։ Վերջին տասնամյակներում հայ ռեժիսորների նկարահանած ամենահաջողված ֆիլմերը, անշուշտ, Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկը» (1991) եւ Ատոմ Էգոյանի «Արարատն» (2002) էին։ Այնուհետեւ նկարահանվեց Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը՝ հայկական ծագումով իտալացի գրող եւ գրականագետ Անտոնիա Արսլանի վեպի հիման վրա։ 100-ամյակին ընդառաջ հայ ժողովրդի ցեղասպանությունը էկրանավորվեց նաեւ այլազգի, ինչու չէ, ազգությամբ թուրք ռեժիսորների կողմից։ 1915թ. ընդառաջ նկարահանված ֆիլմերն ու անդրադարձները ներկայացնում ենք ստորեւ։ Հեռուստադիտողի դատին է հանձնվելու «Փրկության քարտեզ» ֆիլմը։ «Ման Փիքչրս» ստուդիան (Հայաստան), Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ, նկարահանում է պայմանական անվանումով խաղարկային դրվագներ պարունակող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ։

13.filmi-ashxat.foto_

Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, որոնք տեսել են հայերի կոտորածները։ Ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգի պատուհասած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով։ Այն ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին։ Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ։ Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող եւ խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է ե՛ւ աշխարհում սփռված հայությանը, ե՛ւ նրանց բախտակից մյուս ազգերին, ե՛ւ, իհարկե, նրանց, ովքեր դեռ երկմտում են Հայոց ցեղասպանություն ձեւակերպման շուրջ։ Կինոնկարի հերոսները հինգ հումանիստ կանայք են՝ Քարեն Եփփեն եւ Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա)։ Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են եւ մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրները։ Խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել։ Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, գալով հայոց հող՝ նվիրվել են այդ ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց։

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանել նաեւ համբուրգցի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը։ Ֆիլմը կոչվում է «Սպի»։ «Սպի» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարվա Վենետիկի կինոփառատոնում։ Ֆիլմը նկարագրում է 1915թ., թե ինչպես թուրքական ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ձերբակալում է բոլոր հայ տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանին։ Տարիներ անց, կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր զույգ դուստրերը դեռ ողջ են։ Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը աշխարհով մեկ։ Այդ դժվարին ճամփորդությունը նրան Միջագետքի անապատներից հասցնում է Կուբա, այնուհետեւ՝ Հյուսիսային Դակոտա։ Նազարեթի դերը կատարում է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում։ «Սպի»-ում նկարահանվել են նաեւ Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին։ Սցենարը գրել են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը եւ Մարտիկ Մարդինը։

default

Վենետիկի կինոփառատոնի ընթացքում կայանալու է «Սպի» ֆիլմի միջազգային պրեմիերան։ Ֆիլմի բյուջեն կազմել է 15.5 միլիոն եվրո։ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված եւս մեկ ֆիլմ է նկարահանվել։ Այս տարվա գարնանը հանրությանը կներկայացվի նոր՝ «1915» անվամբ ֆիլմը, որն իր տեսակով հոգեբանական թրիլլեր է։ Ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը։ Երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) եւ Անժելա Սարաֆյանը (Անժելա)։ Ֆիլմը ներկայացնում է ժամանակակից պատմության սարսափելի իրադարձությունները, նկարագրում մի մարդու, ով ցանկություն է հայտնում կյանք վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին։ «1915» ֆիլմը կոչ է անում յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը եւ խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին։ Վերջերս բավական մեծ աղմուկ հանեց աշխարհահռչակ դերասան Ռասել Քրոուի նոր ֆիլմը, որն ըստ ընդվզողների՝ աղավաղում է պատմությունն ու վիրավորում Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին։

image-20150220-28212-cs8une-540x360

 «Ջուր փնտրողը» (The Water Diviner) վիրավորել է ինչպես հույներին, այնպես էլ հայերին՝ ֆիլմում ներկայացվող ժամանակաշրջանի իրադարձությունների սխալ պատկերման պատճառով։ Ռասել Քրոուի ֆիլմը պատմության աղավաղում է, այն միայն ծառայում է Թուրքիային եւ նրա ժխտողականության շարունակական օրակարգի բավարարմանը։

Թուրքիայում հայերի դեմ իրագործած ոճրագործությունները տեղ են գտել նաեւ «Ավրորա» առաջին վավերագրական պաշտոնական թրեյլերում։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ)։Այն նկարահանվել է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) ու նրա հուշերի հիման վրա։ Արշալույսը Մարտիկյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր. անհոգ մանկություն, անխռով ընտանեկան կյանք, ջութակահար դառնալու մանկական երազանք… Գործի դրվեց հայերի բնաջնջման հրեշավոր նախագիծը… 1915 թվական, հունիս… Արշալույսը 14 տարեկան էր։ Բռնագաղթ, կոտորածներ, բռնի թրքացում… Արշալույսն ու մանկահասակ այլ աղջիկներ առեւանգվեցին գաղթի ճանապարհին։ Արշալույսին հաջողվեց փախչել հարեմից։ Երկու տարվա ընթացքում նա անցավ շուրջ 600 կմ, 85 ցենտով վաճառվեց Մալաթիայի, Ուրֆայի եւ Մուշի ստրկավաճառների շուկաներում, անցավ սարսափներով լի երկար ճանապահ, եւ… 1917 թ. նոյեմբեր, Նյու Յորք։ Նա չլռեց, չընկճվեց իր ողբերգությունից, քանի որ կարեւոր առաքելություն ուներ՝ աշխարհին հաղորդակից դարձնել Թուրքիայում հայերի դեմ իրագործված ոճրագործություններին։ Արշալույսը փայլուն կերպով իրականացրեց ճակատագրի կողմից իր համար նախախնամված այդ առաքելությունը, որը հանձնառություն էր զորավար Անդրանիկից։ Նրա պատմածների հիման վրա 1918թ. ԱՄՆ-ում հրատարակվել է «Հոշոտված Հայաստան» գիրքը։

maxresdefault

1918 թ. նոյեմբեր, Հոլիվուդ, Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարը, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը՝ Արշալույս Մարտիկյանն էր՝ Ավրորա Մարդիգանյանը։ Նա մահացավ մենության մեջ՝ մերժված բոլորի կողմից։ Բայց նա պիտի հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով։ Եվս մեկ ֆիլմ չեխ ռեժիսոր Մարտին Մահդալի կողմից։ Նկարահան՜ում է «Ցեղասպանության հավերժական վիշտը», որը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի աշխատությունները։

Հայոց ցեղասպանությունը պատմող եւս մեկ ֆիլմ՝ «Ծղոտե տիկնիկներ» անվամբ, նկարահանել է արդեն ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Միլանոն։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այս թեման շատ սրտամոտ է իրեն, քանի որ մեծացել է Նյու Ջերսիում՝ հեղինակավոր հայկական սփյուռքի շրջապատում։ «Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց մեր բարեկամները միշտ էլ շատ ուժեղ ազդեցություն են թողնում մեզ վրա։ Եվ չնայած ես այդ մշակույթի կրողը չեմ, հասկանում եւ ընդունում եմ այն, ինչպես իմը։ …Մենք այդ կինոնկարը նկարահանել ենք ոչ որպես ընդվզում Թուրքիայի կառավարության դեմ, այլ որպեսզի ներկայացնենք այն պատմությունը, որը Հոլիվուդը հրաժարվում է ցույց տալ»,–ասել է Միլանոն։

Straw-Dolls

Գլխավոր դերերում նկարահանվել են մրցանակակիր Մերի Էփիկը, որ հայկական ծագումով իրանցի դերասանուհի է, Մարկո Խան(յան)ը եւ մի խումբ երիտասարդ հայ դերասաններ։ Պրեմիերան նախատեսված է 2015 թ. ապրիլի 24-ին Լոս Անջելեսում եւ Երեւանում։ Ցեղասպանության թեմային անդրադարձել են նաեւ մեր սփյուռքահայ ռեժիսորները, Սյուզան Խարտալյանը, Սերժ Ավետիքյանը, Արթուր Սուքիասյանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2015 թվականին պատրաստ կլինեն համատեղ արտադրությամբ նկարահանվող 7-8 ֆիլմ։

Ներկայումս Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանվում են մի քանի գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *