ԿԱՐԵՎՈՐ
Search
timthumb

«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»՝ Հայաստանում . ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանում մարտի 15—30—ը Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շարքը։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ միջոցառումների շարքը նախատեսված է ողջ երկրում, անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։ Ֆրանսիայի դեսպանության հետ միասին, գործընկեր հինգ դիվանագիտական կազմակերություն՝ Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա, Լիբանան, միացել է այս նախաձեռնությանը՝ նշելու Ֆրանկոֆոնիայի տոնը։
2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին տոնական միջոցառումներին մասնակցում է յոթ երկիր՝ արտացոլելով այս միջազգային հաստատության մշակույթների բազմազանությունը, որն իր շուրջ համախմբել է 84 երկիր։
«Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ստանձնել է հանձնառությունը՝ փորձել այսօր աշխարհով մեկ ընթացող գլոբալացման միալեզու տարբերակին առաջարկել երկընտրանք, այսինքն՝ ֆրանսերեն լեզվի խթանում։ Բացի կազմակերպությանն անդամակցելուց, Հայաստանը, հայկական իշխանությունները ցուցաբերել են մեկ այլ կարեւոր պատասխանատվություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը 2018 թվականին կազմակերպվելու է այստեղ։ Ես ապավինում եմ հայաստանյան իշխանությունների ստանձնած հանձնառությանը, լիահույս եմ դրա հաջող կազմակերպման գործում։ Նման որոշում կայացնելով՝ հայաստանյան իշխանությունները ստանձնել են նաեւ ֆրանսերենի խթանման գործընթացը»,–ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանը։

«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ կինո, հրատարակչություն, էկոնոմիկա, խոհանոց, երաժշտություն, թատրոն։ Դեսպանն ասաց, որ այս տարվա առանցքային թեմա է ընտրվել նորագույն եւ թվային տեխնոլոգիաները, թեմային նվիրված հինգ միջոցառում է անցկացվելու՝ ՏՏ ոլորտին նվիրված համաժողով, «Թվային գրքի տարածման հեռանկարները Հայաստանում եւ Ֆրանսիայում» թեմայով կլոր—սեղան, համացանցի բառապաշարին նվիրված ֆրանսերենի մրցույթ, թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում, սմարթֆոնների համերգ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա ՀՀ—ում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանը գնահատեց փայլուն, գերազանց։
Դեսպանի խոսքով, թեեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները քաղաքական առումով բավականին բարձր են, առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտում կան անելիքներ։
«Երկու կողմն էլ ցանկություն են հայտնել զարգացնել այդ ոլորտը՝ հասցնելով քաղաքական ոլորտում ձեռք բերված բարձրագույն մակարդակին»,– նշեց Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Նա պատահական չհամարեց, որ ՀՀ նախագահն այցի ընթացքում հանդիպեց նաեւ ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային շարժման ներկայացուցիչների հետ, նպատակն էր ներկայացնել ֆրանսիական գործարար աշխարհին Հայաստանի գրավչությունները, առավելությունները։
Նշենք, որ դեսպանը նախընտրական այս շրջանում հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ղեկավարների հետ։ «Նորմալ երեւույթ է, որ ես, որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանում, հանդիպում եմ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նկատի ունենալով այն ժամանակաշրջանը, որ ապրում է ձեր երկիրը։ Բնականաբար, հետաքրքրված եմ»,–ասաց Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Դեսպանն ասաց, որ ի թիվս այլ թեմաների, հանդիպումների ժամանակ արծարծվում են նաեւ հայաստանյան իրավիճակին վերաբերող, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմաները։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, նա նշեց. «Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է իր որդեգրած դիրքորոշումը, որ կողմնակից է ղարաբաղյան հակամարտության բանակցված, խաղաղ տարբերակի առաջքաշմանը, Ֆրանսիան կողմնակից է ցանկացած միջոց ձեռնարկելուն, որը զերծ կպահի բռնությունների նոր ալիքներից, դրսեւորումներից»։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *