7590_medium

​Անսպասելի առաջարկը փոխեց սիրիահայերի ճակատագիրը. մի ընտանիքի պատմություն

Ankakh.com. 2014-ի սեպտեմբերի 23-ն էր: Երիտասարդ սիրիահայ ընտանիքը, որն արդեն մեկուկես տարի էր՝ սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվել էր Հայաստան, պատրաստվում էր վերադառնալ ծննդավայր՝ Սիրիա, ուր, սակայն, պատերազմն ավարտված չէր, և իրենք էլ ապահովագրված չէին մահացու գնդակից: Պարզապես նրանք սպառել էին բոլոր խնայողությունները, իսկ երևանյան թանկ պայմաններում, այն էլ՝ վարձով բնակարանով և առանց աշխատանքի, այլևս հնարավոր չէր ապրել: Նրանք ստիպված էին դիմել ռիսկի՝ իրենց ու երեխաների կյանքը հանձնելով ճակատագրի քմահաճույքին:

 8-ամյա Գառնին, որը դպրոցական ուղին սկսել էր Հայաստանում և ընտանիքում միակն էր, որ գրեթե լիովին ինտեգրվել էր հայկական միջավայրին, ձեռք բերել ընկերներ, ամենածանրն էր տանում Հայաստանից հեռանալու որոշումը: Եվ երբ օդանավակայան մեկնելուց առաջ գնացել էր հրաժեշտ տալու մտերիմ ընկերուհուն, չկարողացավ զսպել արցունքները, գրկեց նրան ու լաց լինելով խոստովանեց, որ չի ուզում Սիրիա վերադառնալ: Փոքրիկ ընկերուհիները, երկար ժամանակ իրար գրկած, լալիս էին ու խոստանում իրար չմոռանալ, ամեն օր շփվել «Սկայպի» միջոցով, մինչև նորից կհանդիպեն: Բայց ո՞վ գիտեր, կհանդիպեի՞ն նրանք երբևէ, թե՞ ոչ… Սակայն ճակատագիրն այս ընտանիքի համար այլ որոշում էր կայացրել:7777_medium

Օդանավակայան գնալուց երկու ժամ առաջ շատ անսպասելիորեն նրանք աշխատանքի առաջարկ են ստանում: Ուրախությունն այնքան մեծ էր, որ անգամ չեն մտածում տոմսերի գումարը կորցնելու մասին: Որոշում են մնալ Հայաստանում: «Ճիշտ է, աշխատանքը ծանր է, երեխաներիս ողջ օրը չեմ տեսնում, առավոտյան գնում եմ, երեկոյան տուն վերադառնում, բայց ստացած գումարով գոնե կարողանում ենք տան վարձը տալ, հոսանքի և այլ ծախսերը հոգալ»,- ասում է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Դալարը, որը մասնագիտությամբ տնտեսագետ է և արդեն աշխատում է «Արտ մոդա» խանութների ցանցում որպես հաշվապահ: Խանութի սեփականատերը նույնպես սիրիահայ է, որն ապրել է Ֆրանսիայում և 10 տարի առաջ վերադարձել Հայաստան ու սեփական բիզնեսը հիմնել: Ի դեպ, Դալարն ասում է, որ Հայաստանում եղած տարիների մեկուկես-երկու տարվա ընթացքում ինքն ու ամուսինը բազմիցս են փորձել աշխատանք գտնել, սակայն չի հաջողվել: Ամուսինը՝ Հակոբը, ոսկերիչ է, Հալեպում սեփական գործն ուներ ու լավ վաստակում էր, բայց հայաստանյան ոսկու շուկայում իր տեղն այդպես էլ չի կարողանում գտնել:

Մասնագիտությունից դուրս գործ անելու անհաջող փորձն էլ նրան ընդհանրապես հիասթափեցրել է հայկական աշխատաշուկայից. ջեռուցման համակարգերի տեղադրմամբ է զբաղվել, սակայն խաբել են և աշխատավարձը չեն տվել: «Երբ որոշեցինք վերադառնալ Սիրիա, սպառված էինք և՛ հոգեպես, և՛ նյութապես, այլևս ճար չունեինք, ուղղակի գնում էինք պատերազմին ընդառաջ՝ մտածելով, որ ինչ լինելու է, կլինի»: Ճակատագրի անսպասելի շրջադարձը և վերջին պահին աշխատանքի առաջարկը մեծ փոփոխություն էր նրանց կյանքում: Ճիշտ է, Դալարի վաստակածն առայժմ օգնում է ծայրը ծայրին հասցնել, բայց գոհ են, որ երեխաները գոնե խաղաղ երկնքի տակ են ապրում: Սիրիայում ծնված, այնտեղ հաջողությունների հասած, բարեկեցիկ կյանք ստեղծած, բայց պատերազմի պատճառով ամեն ինչից զրկված այս ընտանիքը լավ գիտի խաղաղության գինը, քանի որ մեկ անգամ չէ, որ մազից է կախված եղել իրենց կյանքը:

 Դալարը խոստովանում է, որ սկզբում Հայաստան են տեղափոխվել այստեղից Եվրոպա մեկնելու նպատակով, սակայն Եվրոպա մեկնած իրենց ծանոթ-բարեկամների անհաջող փորձը տեսնելով՝ հետ են կանգնել այդ մտքից: Նրանք իրենց երեխաների ապահով մանկությունը տեսնում են միայն հայրենիքում, շատ են սիրում Երևանը և այստեղից ոչ մի տեղ չեն գնա, միայն թե հնարավորություն ունենան աշխատելու և ապրելու: «Հիմա, երբ դոլարն այսպես բարձրացել է, մեր ծախսերն ավելի են շատացել, քանի որ դոլարով ենք տան վարձը վճարում: Այնպես որ, հազիվ ենք կարողանում ապրել: Մյուս կողմից` մեզ հանգիստ չի տալիս այն, որ մեր ապրուստը, մեր ամեն ինչը Սիրիայում է: Եթե այնտեղ վիճակը հանդարտվի, գնանք ու կարողանանք գոնե որոշ բան վաճառել, այստեղ մի բան ստեղծել, ավելի վճռական կորոշենք մնալ»,- ասում է Դալարը:

Շուտով Ամանոր է, և սիրիահայ ընտանիքը նույնպես պատրաստվում է տոնին, բայց ոչ տեղացիների պես: «Դաժան է ձեր Նոր տարին, ձեր օրենքները,- ծիծաղելով ասում է նա,-10 օր անընդհատ սեղան եք գցում ու վերցնում, հյուր եք ընդունում, հյուր եք գնում, հազար տեսակ ուտելիք եք պատրաստում, իրար նվերներ տալիս, մի խոսքով՝ խանութները դատարկվում են, գրպաններն էլ հետը: Եթե մենք այդքան գումար տրամադրենք Նոր տարվան, հետո ինչպե՞ս կարող ենք ապրել»:

 Դալարն ասում է, որ շատ համեստ ձևով են դիմավորելու Նոր տարին, ինչպես Սիրիայում: Հիշում է՝ այնտեղ ամեն ընտանիք այդ գիշեր սեղան էր նստում, համտեսում տանտիրուհու պատրաստած տոնական ուտելիքը, որն ամենևին էլ պարտադիր չէր, որ ճոխ լիներ, բաժակ բարձրացնում, շնորհավորում Նոր տարին, համբուրվում, իսկ եթե ընտանիքում երիտասարդ կար, Ձմեռ պապի հագուստ էր հագնում, բերում երեխաների նվերները, որից հետո թուղթ էին խաղում, պարում, ուրախանում և այդքանով ավարտում տոնը: Ամսին 6-ին՝ Սուրբ Զատիկի օրը, անպայման գնում էին եկեղեցի, ապա կրկին ընտանեկան սեղանի շուրջ տոնական ճաշկերույթ կազմակերպում: «Մեր միակ ճոխությունն այն էր, որ 7 տեսակի միրգ պետք է սեղանին դրվեր,- ասում է Դալարը,- այսպիսի օրենքներ չկան, որ պետք է այս ճաշը լինի, այն ճաշը լինի:

Մեկը մյուսի տուն չէր գնում, չէր տեսնում, թե մյուսն ինչ է պատրաստել, և եթե ես միայն քաղցրավենիք դնեի իմ սեղանին, որևէ մեկը չէր էլ իմանա: Այստեղ մարդիկ աշխատավարձը ստանում են և ամբողջը ծախսում Նոր տարվա ուտելիքի վրա, իսկ հետո մնում դատարկ նստած: Արդեն սնունդ գնելու համար էլ են վարկ տալիս, դա ուղղակի ծիծաղելի է»:

Սիրիահայ ընտանիքն արդեն երկրորդ Նոր տարին է դիմավորում Հայաստանում և հույս ունի, որ 2015-ն առավել բարենպաստ կլինի և հնարավորություն կտա իրենց վերջնականապես հաստատվելու Հայաստանում՝ սկսելով նոր կյանք հայրենի հողի վրա և մեկընդմիշտ մոռանալով պատերազմն ու դրա պատճառած փորձությունները:

Անի Գասպարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *