ԿԱՐԵՎՈՐ
Search
images (4)

​Սիրիայի տագնապալի օրերը ե՞րբ կվերջանան

Սիրիայում արդեն 5 տարի է` պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 200 հազար մարդ է զոհվել, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն-ը ներքին տեղահանված անձինք են: Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:  

Ankakh.com-ը գրում է՝ հավելելով, որ վերջին տարիներին Սիրիայում կատարվածը թարմացրեց հայ ժողովրդի դեռևս չսպիացած վերքերը, իսկ օր օրի հայկական համայնքների ռմբակոծությունների թիրախ դառնալու գործոնն ավելի ու ավելի սրեց առանց այդ էլ հոգու ցավ ապրած հայ ժողովրդի հիշողությունները:

Հայաշատ Հալեպը սիրիական պատերազմի հետևանքով արդեն 4 տարի է` կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում է: Մեր հայրենակիցները ստիպված եղան տանջանքներ կրել և ահ ու սարսափի մեջ ապրել: Մինչ արհավիրքը Սիրիայում բնակվում էր շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում (շուրջ 70 հազար), մնացածը` Կամիշլիում (շուրջ 10 հազար), Դամասկոսում (շուրջ 8 հազար), Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար): Նրանց մեծ մասը ստիպված եղավ գաղթել, ոմանք մեկնեցին եվրոպական երկրներ, ոմանք հայրենիք եկան: Հայաստան վերադարձած շատ սիրիահայեր էլ հայրենիքն ընտրեցին զուտ որպես տարանցիկ երկիր:

Սիրիայում արմատականների կողմից ոչնչացվեցին քրիստոնեական հին եկեղեցիներ, որոնք պատկանում են հայերին: Գրեթե ամբողջությամբ այրվեց Հալեպի Սուրբ Երրորդություն կաթոլիկ եկեղեցին` գրադարանը, խորանը, եկեղեցու ողջ ունեցվածքը։ Ողբերգական վիճակում հայտնված, Քեսաբի հայ ազգաբնակչության դեմ իրականացված անմարդկային ջարդերի հետևանքով շուրջ 2500 հայ գաղթեց։ Այնուհետև զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծեցին Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ. Ռիտա եկեղեցին: Բազմիցս հրթիռակոծման են ենթարկվել հայերի առևտրի կենտրոնները, աշխատավայրերն և բնակարանները: Շատերը ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքային գործունեությունը, փակել խանութները:

Օրեր առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ դարձավ մեծամասնությամբ հայաբնակ Գափրիի շրջանը, որտեղ հայ առևտրականները խանութներ ունեին: Պայթյունը տեղի է ունեցել անմիջապես առևտրային կենտրոնների մայթեզրին: Սիրիահայերը հուսով սպասում են, որ մի օր կավարտվեն իրենց կյանքի տագնապալի օրերը: Հալեպահայ Ռոբերտ Սուլահյանն ասում է. «Հալեպի ազատագրման պայքարը շուտով կավարտվի, և Հալեպի տագնապալի օրերը կվերջանան…Մայր գաղութը կրկին կծաղկի: Հալեպի գաղութն այս պատերազմի ընթացքում շատ նահատակներ ու հերոսներ ունեցավ, որոնց առջև խոնարհվում ենք ու հայտնում մեր երախտագիտությունը»:

Հալեպահայ ընտանիքները նյութական նեղության մեջ են

Հրայր Ակուլյանը, որ երկու տարի է` բնակվում է Հայաստանում, դժգոհություն է հայտնում, որ մինչ օրս հալեպահայության անվտանգության ապահովման խնդիրը մնում է առկախ: Արդեն չորս ամիս է` ոչ մի քայլ, ոչ մի նախաձեռնություն կյանքի չի կոչվել:

– Չորս ամիս առաջ կայացած սփյուռքահայության համագումարի ժամանակ առաջարկներ ներկայացրեցի Հալեպի վերին մարմինների ներկայացուցիչներին, ՀԿ-ներին, որոնք գլխավորում է Բերիո Հայոց թեմի առաջնորդ գերշ. տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը: Եվ ահա մի քանի ամիս է` չկա ոչ մի դրական տեղաշարժ, փոխարենը անընդհատ լսում ենք մեր հայրենակիցների մահվան լուրերն ու մտահոգիչ տեղեկությունները,- ասում է Ակուլյանը:

– Իմ ներկայացրած առաջարկները մասնավորապես վերաբերում էին հետևյալ խնդիրներին Առաջին` ինչպես որ մեր համայնքը և կուսակցությունները Հալեպի և Սիրիայի տարբեր շրջաններում ծրագրեր ունեին շենքեր կառուցելու, աշխատավայրեր բացելու, նմանատիպ նախաձեռնություններ պետք է մեկնարկեն նաև Հայաստանում, որպեսզի սփյուռքահայերը հասկանան, որ հայրենիքում իրենց ապագայով մտահոգված են, և ցանկանան բռնել ներգաղթի ճամփան:

Երկրորդ` առաջարկել էի անձեռնմխելի պահել որոշակի գումար, որպեսզի Մուսուլի նման խնդիրներ ծագելու պարագայում հալեպահայերը մի քանի ժամվա ընթացքում կարողանային ապահով վայրեր տեղափոխվել: Եվ երրորդ. կամաց կամաց մարդիկ սկսեցին հասկանալ, որ Հալեպում մնալը վտանգավոր է:

Հալեպահայ ընտանիքները, որոնք տարիներով պահպանել են հայկական գաղութը, նյութական սղության մեջ են: Կարծում եմ` սպասվելիք փորձություններից զերծ մնալու մասին պետք է լրջորեն խորհենք և քայլեր ձեռնարկենք, որպեսզի չկրկնվի 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը: Հալեպաբնակ Ջորջ Ամբարջյանն էլ ասում է, որ դեռևս 2013 թ. զանազան առիթներով անդրադարձ է արվել սիրիահայության խնդիրներին, տարբեր լրատվամիջոցներում հոդվածներ են տպագրվել, որպեսզի ուշադրության կենտրոնում պահվեն բնակչության շրջանում առկա խնդիրներն ու դժվարությունները. «Ուստի խնդրեցի, որ 2014 թվականը հռչակվի «Սիրիահայությանը նվիրված տարի»:Սակայն, դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի հետո թուրքը նորից ծրագրված շարունակեց բնաջնջել մեր պատմական մայր գաղութի հայկական հետքերը, Քեսաբի տեղահանումը և քանդումը, Նոր Գյուղի մեջ հայերը ժամերի և վայրկյանների ընթացքում կորցրեցին իրենց բնօրրանը, իսկ Դեյր Զորի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցին հրթիռակոծվեց»:

Այս օրերին Դամասկոսում ապրող հայ ժողովուրդը ևս վախի ու դաժան ապրումների մեջ է: Դամասկոսցի Մուրադ Սանոսեանը պատմում է. «Ողջ հայությունը վախի մեջ է, չի համարձակվում տնից դուրս գալ, քանի որ ոչ մեկի կյանքը ապահովագրված չէ, ու չի բացառվում, որ պատահական փողոցով քայլելիս հրթիռակոծման թիրախ դառնաս: Շատերն արդեն գաղթել են, ցավալի է, որ ցիրուցան եղան նաև երիտասարդները: Յուրաքանչյուրի նպատակն ընդամենը իր կյանքը փրկելն է` այլ ապահով երկիր տեղափոխվելը: Ինչքա՞ն կարող է մարդը սարսափի մեջ գիշերել ու արթնանալ: Բացի այդ, սուղ պայմաններ են, ապրելու պայմաններ չկան, ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ վառելանյութ, ժողովուրդը մի կերպ կյանքի գոյության համար է դիմադրում, մանավանդ ձմռան այս ցրտին: Ամենուր հրթիռակոծություններ են, որոնց հետևանքով վնասվում են առևտրի կենտրոններն ու բնակատեղիները»:

Սիրիահայության, հալեպահայության կյանքին այս օրերին քաղաքական անցուդարձի պատճառով այնքան էլ անդրադարձ չի արվում, սակայն յուրաքանչյուր ողբերգություն սրտի մեծ ցավով ու հուսալքվածությամբ է ընդունում յուրաքանչյուր հայ:

Հուսանք, որ մի օր սիրիաբնակ մեր հայրենակիցները կվերագտնեն խաղաղ կյանքով ապրելու իրավունքը և տեր կկանգնեն իրենց տանն ու ունեցվածքին:

 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *