794864

«100 տարի առաջ մեզ ոչ միայն հայրենազրկեցին այլեւ սպանեցին մեր լեզուն ». Մեկնարկեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը

«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… »

Ավետիք Իսահակյան. 

Հայ ժողովուրդը  փետրվարի 21-ին նշում է Հայերենի օրը, իսկ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  այդ օրը ճանաչվել է Մայրենիի օր: Հայաստանում ես մայրենիի օրը  նշվում է ու կարեւորվում: Որպես հորդոր կոչ է արվում հայ ազգին՝ լինել մայրենիի պահապանը յուրաքչյուր ժամ: 

Մայրենիի օրվան նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումները ազդարարվեցին այսօր ՀՀ ԳԱԱ-ում բացվեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովով, որը կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության  նախաձեռնությամբ: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը եւ այլ նշանավոր գիտնականներ:

Գիտաժողովը նպատակ ունի բարձրացնել մայրենի լեզվի առջև ծառացած խնդիրները և փնտրել դրանք լուծելու ուղիները: «Մայրենիի օրը, կարծում եմ, մեր տոնացույցում ամենափայլուն, ամենապայծառ, ամենաընդունելի ազգային տոներից մեկն է: Այն որոշակի խորհուրդ է բերում, և այդ տոնի կրողները փորձում են ի մի բերել կատարվածը, նախանշել հետագա քայլերն ու մայրենին պահպանելու, մաքրանաքուր դարձնելու կատարելագործելու եւ փոխանցելու սերունդներին: Միակ բանը որ մեզ է պատկանում եւ ոչ մեկ չի կարող իրեն վերագրել դա հայրենիքն է, հայոց լեզուն: Մայրենիով հպարտալը, այն առավել զարգացնելը շատ կարեւոր է հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, մենք պետք է քննարկենք վերհանենք մայրենիի կորուստները: Մենք պետք է մայրենիի պահապանն ու պաշտպանը լինենք ամեն ժամ, ոչ թե միայն տարվա մեջ մեկ անգամ: 2015 թվականին հատկապես կարևոր է խոսել մայրենիի մասին, քանի որ ուղիղ 100 տարի առաջ մեզ ոչ միայն կոտորեցին, հայրենազրկեցին, այլև սպանեցին մեր լեզուն», – գիտաժողովի բացմանը իր ելույթում նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մատնանշեց  լեզվասպանության գործոնը, մասնավորապես ցավով խոսեց կորսված տասնյակ բարբառների մասին:

«Մեր արմտահայերենն այսօր տարբեր երկրներում տարբեր մշակույթների ազդեցության ներքո անընդահատ ուծացման վտանգի տակ է»,-ասաց նախարարը, ում վստահեցմամբ հենց ցեղասպանության պատճառով է, որ այսօր մեր երիտասարդ հայրենակիցներից շատերը մայրենին չեն գործածում: 

Տարբեր զեկույցներով հանդես եկան նաեւ  ակադեմիայի անդամները, այդ թվում, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւ ուրիշներ: 

Միջոցառումների շրջանակներում այսօր՝ 18-30 -ին Առնո Բաբաջանյան համերգասրահում  տեղի կունենա տոնական համերգ: «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումները կշարունակվեն նաեւ վաղը՝ փետրվարի 21-ին: 

Առավոտյան Սփյուռքի նախարարության աշխատակիցները Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայցելեն  Օշական և ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին: Օշական գյուղի դպրոցի աշակերտների և սիրիահայ երեխաների մասնակցությամբ եկեղեցու դպրատանը կցուցադրվի բեմականացվեց հանդես: Այնուհետեւ ելույթներով հանդես կգան այլազգի ուսանողներ:

Ավելի ուշ, միջոցառման մասնակիցներն արդեն Երևանում կայցելեն Մատենադարան եւ ծաղիկներ կդնեն Մաշտոցի հուշարձանին:Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան Մայրենիին նվիրված հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *