ՀԱՅԵՐԸ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից և Թուրքիայի արևելյան հատվածներից (հիմնականում ոչ հայախոս) գաղթած հայերի:

Նրանց հոսքը Շվեդիա պայմանավորված է եղել Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակով և Շվեդիայում սոցիալական ապահովության բարձր մակարդակով: 1980 թվականին հայերի թիվը Շվեդիայում հասել է 500-ի: Հետագա տարիներին հայերի հոսքը Շվեդիա շարունակվել է հատկապես Իրանից: 1990-ական թվականներին Շվեդիայում հաստատվել են շուրջ 400 հայաստանցիներ:

Երկրում հայերի թվի ստվարացմանը զուգընթաց սկսել է ձևավորվել համայնքի ազգային կյանքը: 1974 թվականին հիմնվել է շվեդահայ առաջին կազմակերպությունը` Ստոկհոլմի Հայ մշակութային միությունը: Նույն ժամանակաշրջանում Շվեդիայում աշխուժացել է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը:

1989 թվականի դեկտեմբերին Սանդվիքեն քաղաքում գումարվել է Շվեդիայի հայկական միությունների և ընկերությունների I համագումարը, որն անհրաժեշտ է համարել Շվեդիայի հայ համայնքի ազգային և կրոնական կյանքը ղեկավարող մարմնի ստեղծումը: 1991 թվականին կայացած II համագումարի որոշմամբ Ուփսալա քաղաքում հիմնադրվել է «Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոն», որը համակարգում և ներկայացնում է անդամ կազմակերպությունների աշխատանքները, նպաստում Շվեդիայի հայերի և հայկական կազմակերպությունների սերտ համագործակցությունը, աջակցում Շվեդիայում բնակվող հայերին, մասնավորապես` հայ փախստականներին: Միությունը կազմակերպում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ համաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, պաշտպանում է Հայկական հարցը: Միությունը համագործակցում է շվեդական և արտասահմանյան կազմակերպությունների և շվեդական իշխանությունների հետ:

«Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոն»-ի ջանքերով Շվեդիայում հիմնվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասնաճյուղը: 1994 թվականից լույս է տեսնում Միության «Նոր հորիզոն» լրատվական մշակութային պաշտոնաթերթը, գործում է նաև www.armenica.org. կայքը` շվեդերեն և անգլերեն: 2001 թվականից գործունեություն է ծավալում Շվեդիայի «Հայ երիտասարդական կազմակերպությունը»:

2009 թվականի տվյալներով, Շվեդիայում բնակվում է 5-6 հազար հայ, որի շուրջ 50%` հայաստանցիներ: Շուրջ 4 000 հայ բնակվում է Ստոկհոլմում (արվարձաններում) և Ուփսալայում, մնացածը` Վեսթերոս, Սոդերթելիե, Գոթեբորգ, Սանդվիքեն, Մալմյո և Օրեբրո քաղաքներում:

Շվեդահայերի մեծ մասն աշխատում է գործարաններում, պետական կամ մասնավոր հաստատություններում, կան տեղական և մունիցիպալ գործիչներ, դասախոսներ, գիտնականներ, գործարարներ, արհեստավորներ, առևտրականներ: Շվեդիայի Խորհրդարանի պատգամավոր է ծագումով հայ Իսաբել Դինգիզյանը:

Ստոկհոլմում և արվարձաններում բնակվում է շուրջ 2500 հայ, գործում են` «Արարատ» միությունը, Ստոկհոլմի Եկեղեցական խորհուրդը, ՀՕՄ-ի և ՀՄԸՄ-ի Ստոկհոլմի մասնաճյուղերը: Այստեղ են գտնվում «Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոն»-ի և նրա «Նոր հորիզոն» պաշտոնաթերթի գրասենյակները:

Ուփսալայում բնակվում է շուրջ 1500 հայ, որոնց մեծ մասը ներգաղթել է Իրանից: Գործում են` Ուփսալայի «Արարատ» հայկական մարզական ակումբը, Հայ մշակութային միությունը, «Րաֆֆի» մշակութային միությունը, Ուփսալայի Եկեղեցական խորհուրդը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Շվեդիայի մասնաճյուղը: Վեսթերոս, Սանդվիքեն, Գոթեբորգ, Թրոլհեթթան, Մալմյո և Օրեբրո քաղաքներում նույնպես ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ, գործում են մշակութային միություններ:

2000 թվականին Շվեդիայի Խորհրդարանը հանդես է եկել Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ: հայ համայնքի լոբբիստական աշխատանքների կարևորագույն նվաճումներից է 2009 թվականի հոկտեմբերին Մեծ Եղեռնի ճանաչման փաստը Շվեդիայի խոշորագույն ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում:

hayernaysor.am

Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից։ Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով,Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ)։

Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են ՌուսաստանիցԹուրքիայիցՄերձավոր Արևելքից: Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ ԼիբանանիցՊաղեստինիցՍիրիայիցԻրանից գաղթած հայերով։ Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում մոտ 8 հզ. է, որից 5 հզ-ը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում: Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը։

1974 թ-ին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը։ Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն)։ Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ։ Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Գործում է Հայ Առաքելական երկու եկեղեցիներ և մեկ մատուռ :

Շվեդիայում գործող օրենքի համաձայն` երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն։ Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ։ 1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ։ 2000 թ-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը։

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *