4846092

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփեց կառավարության գործունեության 100 օրը

Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ հրավիրած մամլո ասուլիսն ավելի քան երկու ժամ տեւեց։ Մեկական հարց տալու հնարավորություն ունեցան բոլոր ցանկացողները։ Կարեն Կարապետյանն ամփոփեց նոր կառավարության գործունեության 100 օրը՝ պատասխանլով ոչ միայն տնտեսական հարցերի։
Կպաշտպանենք մեր հաղթանակը

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին՝ նա վստահություն հայտնեց. «Մենք կարող ենք պաշտպանել մեր հաղթանակը»։ Եվ հավելեց, որ Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը եւ անվտանգությունը, ինքնասիրությունը։ «Իսկ թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, ես այս պահին անտրամաբանական եմ համարում խոսել այդ թեմայով, բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»,–շեշտեց բանախոսը։
Կո՞ղմ է վարչապետը հարցի լուծման փոխզիջումային տարբերակին։ Վարչապետը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փոխզիջում ասվածը միայն տարածքը չէ, ապա եւ հստակեցրեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը։ Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը։ Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինի մեր ազգը, Հայաստանի քաղաքացիները, քանի որ սա շատ մեծ պատասխանատվություն է»։

Հաստատ է՝ գնում ենք առաջ

Քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ինչ մասնակցություն է ունենալու վարչապետը, ինչպե՞ս է ներկայանալու։ «Իմ աշխատանքով»,—համառոտեց նա։
Հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին Հայաստանում չի բնակվել, հարցեր հնչեցին ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։ «Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, բայց ապրել եմ Երեւանից դուրս։ Համապատասխանո՞ւմ է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»,–ասաց նա։
2018թ. մնալո՞ւ է վարչապետի պաշտոնում, այդ մասին կխոսի հենց այդ ժամանակ. «Այս հարցին պատասխանել եմ առավելագույնս պարզ՝ 2018 թվականը կգա՝ կխոսենք»։ Հետո վարչապետը լրագրողներին հարց ուղղեց. «Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ. ձեզ ամենաշատ հուզող հարցն այս պահին դա՞ է»։ Լրագրողները իրենց հերթին նկատեցին, որ պարզապես ուզում են ճշտել՝ հստակություն այս հարցում կա՞, թե՞ ոչ։ «Հստակեցում կա, գնում ենք առաջ,–ընդգծեց վարչապետը։–Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի. տրամադրվա՞ծ ենք էֆեկտիվ աշխատելու՝ այո։ Եթե էֆեկտիվ անցնենք, եթե ապրիլյան այս ընտրություններում ՀՀԿ—ն հաղթի…»։
Արդյունավետ աշխատանքի համար շատ վստահելի թիմ է պետք։ Կառավարության անդամների թվում կա՞ն այնպիսիք, որոնցից Կարեն Կարապետյանն ուզում է ազատվել, բայց չի կարողանում։ Գործադիր իշխանության ղեկավարը վստահեցրեց, որ ինքը ճարահատյալ որեւէ մեկի հետ չի աշխատում եւ նախորդ կառավարության անդամների գործող պաշտոնյաների թվում չկան այնպիսիք, որոնցից ցանկանում է ազատվել։ «Հասկանո՞ւմ եք, ստիպված լինելու խնդիր չկա,–ասաց նա։–Շատ դժվար է պատկերացնել, որ մեկը մյուսին ստիպում է։ Կան կոմպրոմիսային լուծումներ։ Եվ միանշանակ չէ, որ կոմպրոմիսային լուծումը միանշանակ վատագույն լուծումն է։ Այդպես չէ։ Բայց որ ես ճարահատյալ եմ այս պահին ինչ—որ մեկի հետ աշխատում, նման դեպք չկա»։
Կառաջարկե՞ն իրեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը։ Հարցի պատասխանը վարչապետը հակիրճ տվեց. «Կարծում եմ՝ չեն առաջարկի, իսկ եթե առաջարկեն, ես չեմ համաձայնի»։
Գործունեությունում վարչապետի ազատության աստիճանը պակասե՞լ է ՀՀԿ—ին անդամակցելուց հետո։ Այս հարցին Կարեն Կարապետյանի պատասխանը կրկին հակիրճ էր. «Ո՛չ, չի պակասել»։

Ակտիվությունը դեռ բավարար չէ

«Դուք մշտապես հավակնոտ ծրագրեր եք ուզում։ Երեկ էլ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում հավակնոտ ծրագրեր մաղթեցիք։ Եթե ծառայությունների ու ՓՄՁ ոլորտը մի կողմ թողնենք, քանզի դրանց համեմատության մեջ բավականաչափ ուշադրություն դարձվում է, առաջարկ ստացե՞լ եք մեզ համար մեծ՝ ասենք 2 հազար աշխատատեղ ունեցող արտադրական ձեռնարկության բացման». «ՀՀ»—ի հարցին ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանն անկեղծացավ. «Այո, ստացել ենք, կոնկրետ 2 հազարով չէ, բայց… չէ, ունենք եւ մի քանիսը, ստացել ենք։ Խնդիրն այլ է, բավարարո՞ւմ է մեզ գործարար աշխարհի այն ակտիվությունը, որ ակնկալում էինք։ Դեռ ոչ։ Բայց սայլը տեղից շարժվել է։ Մենք թեթեւ արդյունաբերությունում մեծ տեղաշարժեր ունենք։ Ես ցանկություն ունեմ, որ ամեն օր այդ ակտիվությունը շատանա։ Մենք հետաքրքիր դեպքեր ունենք։ Մոտ օրերս հասարակական հիմունքներով խորհրդական ենք նշանակել Ղազախստանից եկած մեր հայրենակցին, որ ուղղակի եկել եւ ասում է՝ ես այսպիսի առաջարկներ եւ լուծումներ ունեմ, առաջարկում եմ իմ ծառայությունները։ Երեկ էլ Ռուսաստանից ստացել ենք առաջարկներ… Կարծում եմ՝ կակտիվանա դաշտը»։
«Եթե տեսնեք, որ գործարարները տեղից չեն շարժվում, հնարավո՞ր է՝ դուք հավակնոտ ծրագրեր առաջարկեք նրանց». «ՀՀ»—ի մյուս հարցին ի պատասխան վարչապետը նկատեց. «Այո, մենք էլ ենք դա անում»։ «Դուք անձամբ, այլ ոչ թե կառավարությունը»,–«ՀՀ»—ն ճշտում մտցրեց։ «Այո»,–պատասխանեց վարչապետը։ Այնուհետեւ ծիծաղելով հավելեց, թե շատ հետաքրքիր ծրագրերի է սպասում եւ ամեն ինչ անելու է դրա համար, ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի քավորն էլ ինքն է լինելու։
Այս կենտրոնի ստեղծումը պետություն—մասնավոր հատվածի համագործակցության վառ օրինակ է։ Ըստ վարչապետի, սա մի հարթակ է, որտեղ մենք ցանկանում ենք ձեւավորել մեր տեսլականը, ֆիքսել ծրագրերը, թե ինչպես ենք առաջ տանելու մեր երկիրը։ Այդ հարթակի վրա մենք ունենալու ենք բազմաթիվ խորհրդատվություններ։ «Ձեւավորվել է բավականին պրոֆեսիոնալ թիմ՝ շատ հայրենասեր, պարկեշտ մարդիկ են»,–վստահեցրեց Կարեն Կարապետյանը՝ միաժամանակ հավելելով, թե այդ հարթակում ինքը պլանավորում է հանդիպումներ անցկացնել նախկին վարչապետների, տնտեսագետների, գործարարների հետ։
Խոշոր ծրագրերի համապատկերում հարց հնչեց «Նաիրիտ»—ի հետ կապված։ «Դուք այս հարցի պատասխանը հաստատ լսել եք։ Այն չի փոխվել։ Եթե լինի ծրագիր, մենք այն կնայենք, կքննարկենք»,—ասաց վարչապետը։
Իսկ եթե ծրագիր չլինի, կառավարությունը նախաձեռնությամբ հանդես չի՞ գալու։ «Կառավարությունը չի վերագործարկելու «Նաիրիտը»,–հնչեց պատասխանը,–որովհետեւ դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի»։ Այնուհետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ «Նաիրիտը» լուծարելու հանձնաժողով է ձեւավորվել։ Թե ինչպես տեղի կունենա ձեռնարկության լուծարման գործընթացը, հանձնաժողովը կորոշի քննարկումների արդյունքում։
«Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը անպայման կշարունակվի։ Եթե սկսել ենք, ապա պետք է գնանք մինչեւ վերջ. «Հյուսիս—հարավ ճանապարհը մեզ համար շատ կարեւոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք։ Սակայն դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն եղանակը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»։
Վարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված—պետություն փոխգործակցությամբ շարունակելու տարբերակներ։

Ազգային փոխադրող ունենալուն դեմ չէ

Հայաստանը ավիացիայի ոլորտում բաց երկնքի քաղաքականություն է հայտարարել, բայց ազգային ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է՝ համենայնդեպս մեր երկրի պարագայում։
Խնդրո առարկայի շուրջ վարչապետը հստակեցրեց իր տեսակետը. «Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու մի քանի առաջարկություն։ Ազգային ավիափոխադրող կարո՞ղ է ստեղծվել… Ինչո՞ւ ոչ, այս պահին օրակարգում ունենք նման առաջարկություններ, որքանո՞վ են հեռանկարային՝ չգիտեմ… Կցանկանայի, որպեսզի ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց չունենք, ուստի այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք։ Հատկապես որ գործուղումների ժամանակ առաջանում են ֆինանսական, ժամանակի խնդիրներ»։
Կարեն Կարապետյանը միաժամանակ հիշեցրեց, որ դիմել են 61 միջազգային ավիաընկերությունների, արդեն հինգից պատասխան է ստացվել։ Առաջիկայում բանակցություններ կսկսվեն։ Բայց արդեն իսկ երկու ավիաընկերություն՝ ռուսական եւ բելգիական, ստորագրել են հայկական շուկա մուտք գործելու պայմանագիր։

Ոչ թե մարդ բռնել, այլ արդյունավետ կառավարել

Լրագրողները հիշեցրին «պրիմիտիվ գողության» մասին վարչապետի հայտարարությունը, ի վերջո ի՞նչ դուրս եկավ, ի՞նչ վիճակ է։ Վարչապետը նկատեց, որ գուցե իր ասածը զգացմունքային է հնչել, բայց, միեւնույնն է, ինքը չի հրաժարվել դրանից։ Բայց խոսքը այդ տեղերում ոչ թե կոպիտ գողության, այլ՝ ոչ արդյունավետ կառավարման մասին է։
Ու որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չլինի, Կարեն Կարապետյանը հստակեցրեց, որ իր խնդիրը «ոչ թե մարդ բռնելն է», այլ այդ ֆինանսական միջոցները արդյունավետ կառավարելը. «Իմ խնդիրն է անել այնպես, որ գողության համար հարմար միջավայր չլինի»։

Գնում ենք ճիշտ ճանապարհով

Գործադիր իշխանության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ կառավարությունը գնում է երկրի տնտեսության զարգացման ճիշտ ուղով։ Գուցե այլ գնահատականներ հնչեն, բայց ընդամենը երեք ամիս է ինչ գործում են, իսկ երեք ամսում հնարավոր չէ ամբողջությամբ բարեփոխել տնտեսական մեծ համակարգը։ Իրենց գլխավոր խնդիրը եղել է այս ամիսներին ազդակներ տալը։ «Որպեսզի մեր քաղաքացիները հասկանան,–պարզաբանեց վարչապետը,–որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, այն փոփոխությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել։ Կարող եմ համոզված ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում եւ հաջողելու ենք»։
Բայց նախընտրական տարի է, դա չի՞ խանգարի տնտեսական աճին։ Ի պատասխան վարչապետը չհերքեց, որ ընտրություններն ընդհանրապես խանգարող հանգամանք են տնտեսական աճի համար։ «Պատկերացրեք՝ մարդը բիզնեսը ինչպե՞ս կնախատեսի, եթե նույնիսկ դժվար է որոշել ընտրություններից հետո իր տան բազմոցը փոխելու հարցը»,–նկատեց Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների մասով խնդիրներին։ Այդ ներդրումների ծավալներն ավելացնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ տրամաբանական, կանխատեսելի եւ հասկանալի գործընկեր է։ Ու առաջին հերթին, վարչապետի խոսքերով, կարեւոր է, որպեսզի մենք բարելավենք օրենսդրական դաշտը, որ ներդրողը հասկանա, որ այստեղ ներդրում կատարելը իր համար շահավետ է։ Միեւնույն ժամանակ, սխալ կլինի ընդամենը օրենսդրական դաշտը բարելավել եւ սպասել, որ ներդրողները գան, այլ հարկավոր է միաժամանակ լինել նաեւ, ինչու ոչ, նախաձեռնող։ «Մենք պետք է նախաձեռնող լինենք, խոսենք, համոզենք, որպեսզի ներդրողներին գրավենք։ Սակայն եթե լինում ենք նախաձեռնող, կարողանում ենք համոզել, բայց միեւնույն ժամանակ քարերից չենք մաքրում այն հողը, որտեղ ցանկանում ենք սերմը ցանել, այդ սերմը բերք չի կարող տալ»,–նշեց վարչապետը։
Ի դեպ, Կարեն Կարապետյանն արդեն բոլոր գերատեսչություններին հանձնարարականներ է տվել, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի, թե իր ոլորտում որքան ներդրում կարելի է ակնկալել եւ ինչ աշխատանքներ է պետք տանել այդ ուղղությամբ։
Խոսելով ՏՏ ոլորտի զարգացման մասին՝ վարչապետն ասաց, որ հունվարի 16—ին իր մոտ տեղի է ունենալու ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվելու է ոլորտի զարգացման մակրոծրագիր, ներկայացվելու են կառավարության կատարելիք քայլերը։

«Վտանգ չկա, անհոգ եղեք»

Քանի որ տնտեսության զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ արտաքին տնտեսական ու քաղաքական գործոններով, չի կարող չմտահոգել այն փաստը, որ վրացական գազամուղի 25 տոկոսն ուզում է ձեռք բերել ադրբեջանական ընկերությունը։ Վարչապետը փորձեց փարատել մտահոգությունը՝ հորդորելով չանհանգստանալ վրացական գազամուղի վաճառքի խնդրով, անգամ եթե դրա 25 տոկոսը ձեռք բերի ադրբեջանական ընկերությունը։
Նախ՝ մենք ունենք այլընտրանքային գազամուղ։ Բացի այդ, մեր էներգետիկ անվտանգության մակարդակը շատ ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներինը։ «Այս պահին որեւէ սպառնալիք չունենք, եթե անգամ ադրբեջանական ընկերությունն էլ ձեռք բերի՝ որեւէ վտանգ չունենք,–շարունակեց վարչապետը։–Իրենք չեն ունենալու վերահսկողություն, իրենք չեն հրաժարվելու այս գազամուղից, քանի որ ուզում են փող աշխատել, այնպես որ մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ուզում են 25 տոկոսը առնել, թող առնեն, միեւնույնն է, վերահսկողության փաթեթն իրենցը չէ։ Վտանգ չկա, անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնում»։

Կարեւորը՝ որ խոչընդոտ չլինի

Մինչ վարչապետը փորձում էր գազամուղի հարցով լրագրողներիս մտահոգությունը փարատել, լրագրողները նրան մեկ այլ «մտահոգություն» պատճառեցին՝ բանան ներկրողների հետ կապված հարցադրումներով. ներկրումը խոչընդոտելու դեպք է եղել, խոչընդոտողը պատժվե՞լ է, թե՞ ոչ, ո՞ւմ են խոչընդոտել։ Ի պատասխան այս եւ այս կարգի այլ հարցադրումների, վարչապետն անկեղծ զրույցի բռնվեց լրագրողների հետ։ «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն բանան ներկրողին իմանանք, մեկ ուրիշը կուզենա, որ բոլոր շաքար ներկրողներին իմանամ… Ո՞ւր կհասնի,–ասաց նա,–ինձ նույնիսկ հարց են տվել՝ բանան ներկրողն ո՞վ է, երբ ասել եմ՝ չգիտեմ, նեղացել են։ Իրենց պատկերացմամբ, իմ գործառույթը հենց այդ բանան ներկրողին իմանալն է»։
Իսկ տեղյա՞կ է վարչապետը, բանան ներկրողին խոչընդոտողը պատժվե՞լ է։ «Ինձ համար դա կարեւոր հարց չէ,–կրկին անկեղծացավ վարչապետը,– կարեւորն այն է, որ այլեւս չլինի խոչընդոտող։ Չեմ ցանկանում անդրադառնալ բամբասանքային խոսակցությանը, թե ինչու ոստիկանությունը չի արձանագրել՝ կա՞ դիմում, թե՞ չկա»։ Հետո վարչապետն ինքը հարց ուղղեց լրագորղներին. իսկ բանան ներկրողը բողոք ներկայացրե՞լ է, որ իրեն խոչընդոտել են։
Լրագրողների այն դիտարկմանը, թե մամուլում հրապարակումն արդեն իսկ դիմում է, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե ոստիկանությունը բոլոր հրապարակումներին արձագանքեր, ի՞նչ ապարատ պետք է պահեր։ Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին, ինչպե՞ս եք պատկերացնում՝ ամեն գրածով բոլորին կանչեն, ասեն՝ ապացուցի՞… Ես չգիտեմ՝ խոչընդոտե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ՝ խոչընդոտվողը դիմում տվե՞լ է, թե՞ ոչ»։

Ինչո՞ւ չունեցանք տնտեսական աճ

Վարչապետին այլ հարցեր էլ ուղղվեցին՝ կապված մենաշնորհների, ապօրինի հարստացման, 2016թ. տնտեսական աճը չապահովելու պատասխանատվության եւ այլ հարցերի հետ կապված։
Նախ՝ մենաշնորհների վերաբերյալ։ «Որեւիցե մեկին չես ասում՝ քեզ դա կարելի է, քեզ չի կարելի, այս պարագայում մեր շուկայի չափերից ելնելով հնարավոր է մեկը գերիշխող դեր ունենա իր էֆեկտիվ, օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ։ Դուք գիտե՞ք որեւէ մատակարարի, որ ասի՝ ես Հայաստան ինչ—որ ապրանք եմ ուզում բերել, ինձ սահմանին չեն թողնի»,–ասաց նա՝ միաժամանակ ամփոփելով, թե խնդիրն արդար, հավասար պայմաններ ստեղծելն է բոլորի համար։
Ինչպե՞ս է վարչապետը, այսպես ասած, լեզու գտնում օլիգարխների հետ։ «Շատ հանգիստ»,–եղավ հակիրճ պատասխանը։ Ըստ այդմ, կարո՞ղ է նրանց ասել՝ օրինակ շաքարավազն ու ալյուրը չթանկացնել։ «Կարծում եք դա իմ գործառու՞յթն է»,–հարցին հարցով պատասխանելուց հետո արագ պարզաբանեց, թե եթե շուկայում կա արձագանք, որ պետք է թանկանա, ապա պետք է թանկանա։ «Էկոնոմիկան արհեստական չեն պահում,–ասաց նա եւ ապա կրկին հարց տվեց լրագրողներին,–հապա ինչո՞ւ մի անգամ էլ չեք հարցնում, թե այսինչն ու այսինչը ինչո՞ւ էժանացան»։
2016 թվականին տնտեսական աճը չապահովելու պատասխանատվությունն ո՞վ է կրելու, ո՞վ է ստանձնելու, ո՞ւմ վրա է ընկնում՝ թիմի՞, կառավարությա՞ն։ Գործադիր իշխանության ղեկավարը նախ շեշտեց, որ տնտեսական աճ չլինելու համար օբյեկտիվ պատճառներ կան, ապա շարունակեց. «Ես շատ եմ ուզում, որ մեր միջեւ հարաբերություններն ու խոսակցությունները լինեն առարկայական, եթե մարդ սխալվել է, պետք է պատասխանատու լինի, սակայն շատ դեպքերում լրագրողները հարցնում են՝ ո՞ւմ եք պատժելու, ո՞ւմ եք նստեցնելու, սա՞ է ձեր գլխավոր խնդիրը։ Բյուջեն չի ապահովվել բազմաթիվ պատճառներով. մենք կգնահատենք այդ պատճառները, մակրոտնտեսական ցուցանիշները, վիճակագրական խնդիրները, կտեսնենք, թե որոնք են սխալ կառավարչական որոշումները եւ ըստ դրա էլ որոշումներ կկայացնենք, բայց մեր եւ ձեր խնդիրն է այնպես անել, որ այն, ինչ խանգարում է էֆեկտիվ կառավարմանը, վերացնենք, մենք հո իրավապահ չե՞նք, եկեք սաղին նստացնենք, լավ ա՞ լինելու, որ էդպես անենք»։

Բարձր աշխատավարձի համար՝ զարգացած տնտեսություն

Պետական կառավարման համակարգում ցածր աշխատավարձերի խնդրից խոսելիս գործադիր իշխանության ղեկավարը նկատեց, որ խնդրի լուծման հիմնական ելքը երկրի տնտեսությունը զարգացնելն է։ Եվ կարեւորվում է պետական կառավարման համակարգում այնպիսի պայմանների ստեղծումը, որի արդյունքում կառավարությունը կկարողանա վարձել լավագույն մասնագետներին։
«Պետական կառավարման համակարգում աշխատավարձերի հարցում մենք այս պահին լուծում չունենք։ Հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա, մեր մուտքերը եւ եկամուտները պետք է ավելանան, մեր շահույթները պետք է շատանան, որպեսզի վարձատրման համակարգն աճի»,–նշեց վարչապետը։ Ու նկատեց նաեւ, որ այս պահին բիզնեսն ունի առավելություն, քանի որ կարողանում է վարձել լավագույն մասնագետներին, իսկ կառավարությունը չունի այդ հնարավորությունը եւ այդ խնդիրը լուծելու վերջնական տարբերակ էլ չունի։ «Կրկնում եմ, այդ հարցը լուծելու հիմնական ճանապարհը երկրի տնտեսությունը զարգացնելն է, որպեսզի հնարավոր լինի հասնել տրամաբանական լուծման»,–ասաց Կարեն Կարապետյանը։
Իսկ տնտեսության դրական շարժն առանց մարզերի զարգացման հնարավոր չէ։ Դրա համար էլ գործադիր իշխանությունը չի անտեսել այս կարեւորագույն գործոնը։ Կառավարությունը բոլոր մարզերին տրամադրել է մեթոդաբանություն, թե ինչպես պետք է իրականացվի համայնքների զարգացման ծրագիրը, եւ ինչպես պետք է մարզպետը համայնքների զարգացման ծրագրի հիման վրա ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը։ «Կարեւորում եմ այն, որ մենք արդեն այս գործընթացը սկսել ենք, որ յուրաքանչյուր կառավարիչ, համայնքի ղեկավար պետք է ունենա տեսլական, հասկանա՝ ինչ է ուզում որ լինի իր գյուղում, իր քաղաքում, մարզում»,–հայտնեց Կարեն Կարապետյանը՝ հատուկ շեշտադրելով, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի ճիշտ ախտորոշել եւ լուծում տալ այն խնդիրներին, որ կան այս կամ այն համայնքում։

Գազի, էլէներգիայի էժանացումը շոու չէ

Վարչապետը համաձայն չէ այն տեսակետին, թե Հայաստանի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազումը նախընտրական ցուցադրանք է, շոու։ «Դա շոու չէ,–ասաց նա,–որովհետեւ ընտրություններ կան, թե՝ ոչ, ամեն օր լույս եւ գազ օգտագործում ենք։ Այդ պատճառով ոչ մի վատ բան չկա նրանում, որ պետությունը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սակագները նվազեցնելու միջոց է գտել։ Դա նաեւ բիզնեսին կօգնի ավելի էժան ապրանքներ արտադրել, ինչը նշանակում է՝ ավելի մրցունակ լինել»։
Եթե Կարեն Կարապետյանը վարչապետ չլիներ, «Գազպրոմը» կգնա՞ր նման քայլի (սակագների նվազեցման)։ Հարցին ի պատասխան վարչապետը երկրորդեց. «Կրկնում եմ, սա շոու չէ։ Ես ուզում եմ՝ տնտեսությունն ակտիվանա»։
Վարչապետի՝ տնտեսությունն ակտիվացնելու ցանկությանը չի՞ խանգարի նոր հարկային օրենսգիրքը։ Վարչապետը պարզաբանեց, որ այդ օրենսգիրքն ընդունվել է այն տրամաբանությամբ, «որով պետք է կոմպենսացնենք բյուջեի դեֆիցիտը»։

Իբրեւ վերջաբան

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսում հարցուպատասխանից առաջ ամփոփեց կառավարության գործունեության 100 օրը եւ ներկայացրեց ըստ ոլորտների ախտորոշված խնդիրները, դրանց լուծման տեսլականը եւ այդ ուղղությամբ 100 օրում կատարված աշխատանքները։ Մենք կփորձենք որոշ ընդհանուր գծերով ներկայացնել դա կոռուպցիայի դեմ պայքարի մասով՝ համարելով, որ կոռուպցիան դանդաղեցնում է մեր տնտեսության բոլոր դրական շարժերը։
Վարչապետի գնահատմամբ՝ կոռուպցիայի ցուցանիշների բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսության զարգացման վրա։ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի պաշտոնատար անձանց բարեվարքությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը թույլ չի տալիս կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալել։ Երկարաժամկետ լուծումն այն է, որ պետք է սահմանվի վարչական կամ քրեական պատասխանատվություն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացում թույլ տված խախտումների համար։ Պետք է ապահովել «ապօրինի հարստացման» հանցակազմի ներառումը ՀՀ քրեական օրենսգրքում, ապահովել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով։ Պետք է ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ եւ իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը, իրականացնել գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնում եւ փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցում, ներդնել ազդարարների պաշտպանության գործուն համակարգ։ Մինչ այս որոշ քայլեր արվել են։ Քրեականացվել է ապօրինի հարստացումը։ Հակակոռուպցիոն նախընտրելի մոդելի ստեղծման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ։ Իրականացվել է շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի վերաբերյալ վերլուծություն։

Ի՞նչ ախտորոշում է տրվել տնտեսական զարգացման հետ կապված։ Ինչպես ներկայացրեց Կարեն Կարապետյանը, Հայաստանը, լինելով փոքր ներքին շուկայով երկիր եւ ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա։ Սակայն հարկ է նշել, որ արտահանումը ՀՆԱ—ի կազմում դեռեւս ունի փոքր տեսակարար կշիռ. 2015 թ. ապրանքների արտահանումը ՀՆԱ—ի նկատմամբ կազմել է 15.4 տոկոս, իսկ ապրանքների եւ ծառայությունների արտահանումը՝ 29.8 տոկոս։ Չնայած 2016թ. արտահանման կանխատեսվող զգալի աճին, ՀՆԱ—ի նկատմամբ ապրանքների արտահանման հարաբերակցության ցուցանիշը կմնա ցածր՝ մոտավորապես 18 տոկոս։ Շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն ինչպես շուկաների, այնպես էլ արտահանվող ապրանքատեսականու մասով։ Անբավարար է դեպի հարեւան պետություններ ապրանքների արտահանման ծավալը։
Եթե խոսենք երկարաժամկետ լուծումներից, ապա տեսլականը սա է. նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցում դեպի տարատեսակացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված, արտաքին, առաջին հերթին՝ հարեւան շուկաների պահանջարկին արագ արձագանքող տնտեսության։
Վարչապետը նկատեց, որ այս տարի Հայաստանից արտահանման աճը ռեկորդային է եղել՝ շուրջ 21 տոկոս, իսկ 4—րդ եռամսյակում նախկին տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ մոտավորապես 25 տոկոս։ Եվ սա՝ չնայած մեր արտահանման խոշոր ճյուղերից մեկի համար բացասական ազդեցություն ունեցող մետաղների միջազգային գների նվազմանը։

2016թ. արտահանման ծավալների նման աճը անցնող տարվա թերեւս ամենակարեւոր տնտեսական ձեռքբերումն է, եւ հարկ է ջանքեր գործադրել, որպեսզի այդ տեմպը պահպանվի։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ արտահանման առաջընթացիկ աճը պետք է դառնա տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժ։ Որպես առաջնային նպատակադրում անհրաժեշտ է սահմանել ՀՆԱ—ի կառուցվածքում արտահանման առնվազն 40—45 տոկոս կշռի ապահովումը։ Նախանշված խնդիրների լուծման եւ արտահանմանն աջակցելու նպատակով աշխատանքներ են տարվում մինչ այժմ չօգտագործված կամ ոչ բավարար օգտագործված գործիքակազմի բացահայտման եւ դրանք կիրառելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով անհրաժեշտ հիմքեր ստեղծել արտահանման նոր շուկաներ ներթափանցման եւ առկա շուկաներում դիրքերի ամրապնդման համար։

Մի խոսքով, կառավարության ծրագրով նախանշված խնդիրների լուծման նպատակով 5 գլխավոր քայլ պիտի արվի.
1. Հայաստանի համար արտոնյալ առեւտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի հնարավորությունների առավել լայն օգտագործում։ Այս տեսանկյունից առաջին հերթին կարեւորվում է ԵԱՏՄ երկրներ արտահանման ներուժի օգտագործման ցածր մակարդակով պայմանավորված՝ հայրենական արտադրանքի խմբաքանակների սահմանափակությունը, բեռնափոխադրումների անկայունությունը եւ շուկաներ մուտքի խոչընդոտների առկայությունը։
2. Տարածաշրջանային երկրների շուկաներում հայկական ապրանքների մուտքի ապահովում եւ արտահանման զգալի ավելացում՝ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները ճանաչելի դարձնելու, տարածաշրջանային հատուկ առեւտրի գոտիների ստեղծման եւ մասնակցության միջոցով։
3. Վերազգային կորպորացիաների ցանցերի կողմից հայաստանյան կազմակերպությունների արժեստեղծման շղթայում դիրքավորմանը նպաստող համապատասխան միջավայրի ձեւավորում։
4. Գործարար կապերի խթանում, արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացում, արտահանման նոր շուկաների բացահայտում, այդ թվում՝ վերլուծելով արաբական երկրների շուկաների պահանջները։
5. Արտահանման պետական աջակցության գործիքների ավելի լայն կիրառում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *