1916-ին Էրզրումի գրավման գինը և պատմության դասերը.

1916-ին Էրզրումի գրավման գինը և պատմության դասերը… 1-ին համաշխարհային պատերազմն իր ծայրաստիճան աղետալի ազդեցությունն ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի պատմական ապագայի վրա, քանզի պատերազմի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայկական էթնոսի բնաջնջումը և դրա հետևանքով էլ՝ պատմական բնակության տարածքի անդառնալի կորուստը: Իր բնույթով այդ պատերազմը զավթողական էր, և նրա գլխավոր մասնակիցները հետապնդում էին միայն տարածամոլական նպատակներ, իսկ արդյունքում տուժեց իր բնօրրանում ապրող հայ ժողովուրդը:

1916 թ. փետրվարի 16-ին ռուսական զորքերը վերջապես գրավեցին Արևմտյան Հայաստանի վարչական կենտրոնը՝ Էրզրումը, որտեղ սակայն հայեր արդեն չկային, և հենց դա դարձավ, ցավոք, Արևմտյան Հայաստանի գրաման գինը: Պոլսի Հայոց պատրիարքության 1912-ի տվյալներով, ցեղասպանության նախօրեին հայերի թիվը Էրզրումի վիլայեթում կազմում էր 202 հազար 391 հոգի: Հայերը բնակվում էին վիլայեթի 425 բնակավայրերում, ունեին 406 եկեղեցի, 76 վանք, 322 դպրոց` 21 հազար 348 աշակերտներով: Ամբողջ այդ մարդկային և նյութական ռեսուրսը հոշոտվեց, ողջակիզվեց ու ոչնչացվեց 1915 թ. մի քանի ամիսների ընթացքում թուրքական կառավարության հրահանգով՝ ռուսական զորքերի սպասվելիք հարձակման և հայերի կողմից ռուսներին աջակցելու պատճառաբանությամբ:

1915 թ. օգոստոս ամսվանից սկսած պատերազմին մասնակցող ռուսական զորքերը ոչ մի մարտական գործողություն Կովկասյան ճակատում չիրականացրեցին՝ մինչև 1916 թ. հունվարը: Դա հնարավորություն տվեց թուրքերին առանց ոչ մի արտաքին խոչնդոտի ի կատար ածել հայերին բնաջնջելու իրենց հրեշավոր ծրագիրը: Եվ միայն 1916 թ. հունվարին, երբ հայկական վիլայեթների հայ բնակչության տեղահանումն ու ոչնչացումը թուրքերի կողմից ավարտված էր, ռուսական ռազմական հրամանատարությունը ձեռնամուխ եղավ վերջապես իրականացնելու Էրզրումի գրավման օպերացիան: Հիմա արդեն ոչ մի բան չէր խանգարում երկու իմպերիալիստական կայսրություններին դուրս գալ դեմ առ դեմ՝ առանց “գլխացավանք” դարձած հայկական գործոնի, իսկ Էրզրումը բացառիկ կարևոր էր՝ Արևմտյան Հայաստանի ողջ տարածքին տիրանալու համար: Ռուսական կայսրությունը կուտակեց Էրզրումի ուղղությամբ աննախադեպ զինուժ. 180 հազար զինվոր ու սպա, 375 դաշտային հրանոթ, 450 գնդացիր:

Թուրքերի ուժերն էին. 134 հազար զինվոր ու սպա, 122 դաշտային հրանոթ և 400 ամրոցային հրանոթներ: Ձմեռային կատաղի մարտերից հետո փետրվարի 16-ին Էրզրումը ռուսների կողմից գրավված էր արդեն: Սակայն ինչպես գրավեցին, այնպես էլ 1917 թվականի նոյեմբերին՝ նրանք անսպասելի հեռացան, իսկ այդ պատերազմական արկածախնդրության ծանրագույն գինը եղավ մեզ համար՝ ամայացած ու կործանված Արևմտյան Հայաստանը:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *