«20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն». համաժողովի անցկացումը կլինի բացառիկ իրադարձություն

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը 2015 թվականի հուլիսի 8-12-ը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ համաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Հեղինակավոր այս համաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից: Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:

2015 թ. հուլիսին անցկացվելիք համաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: «Այս համաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում:Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ համաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշեց համաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:

1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից:

Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում: 

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *