59210

2017 թվականը մեր ժողովրդի եւ պետության համար հագեցած է լինելու կարեւոր իրադարձություններով. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:

Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2016 թվականին, տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք ազգովի կառուցել ու շենացնել մեր հայրենիքը, արձանագրեցինք հաջողություններ ու ձեռքբերումներ, հաղթահարեցինք փորձություններն ու դժվարությունները:

Բոլորիս մոտ թարմ են ապրիլյան թեժ օրերի հիշողությունները, թարմ են կորստի ցավն ու կսկիծը եւ մեր հերոս զավակների ու եղբայրների սխրանքը: Օրհասական պահին հայ ժողովուրդը կրկին դրսեւորեց անօրինակ միասնություն` շատ կարճ ժամանակում համախմբվելով եւ պաշտպանելով իր արժանապատվությունը: Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու եւ բազկի ուժը` հետ շպրտելով սանձազերծ հակառակորդին: Հայրենիքը պաշտպանելիս ծնվեցին նոր հերոսներ, ում անունները ոսկե տառերով փորագրվեցին մեր ժողովրդի պատմության մեջ: Նրանց անձնվիրությունն ու հայրենասիրությունը միշտ ընդօրինակման ու ոգեշնչման աղբյուր կլինեն ներկա եւ ապագա սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թող նրանց ընտանիքներում այսուհետ միշտ տիրի միայն ուրախություն ու բարօրություն, թող նրանց երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ եւ իրենց հայրերի երազած ազատ, անկախ ու զարգացած հայրենիքում:

Թանկագի՛ն բարեկամներ,

Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի ու ակնկալիքների տոն է: Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաեւ մեր կյանքը, այն կդառնա ավելի լավ ու բարեկեցիկ, ջերմությամբ ու բարությամբ կլցվեն մեր օջախները, ավելի կզորանա ու կբարգավաճի մեր հայրենիքը: 2017 թվականը մեր ժողովրդի եւ պետության համար հագեցած է լինելու կարեւոր իրադարձություններով: Ազգովի տոնելու ենք մեր բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը՝ հաղթանակներ, որոնք շրջադարձային եղան Արցախի կյանքում եւ մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ: Ինչպես այդ հաղթանակները, այնպես էլ անկախության տարիների մեր բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, համայն հայության ջանքերով: Մենք եղել ենք միասին ու միակամ թե՛ հաղթանակի եւ թե՛ փորձության ժամին: Այդպես եղել է, կա եւ կլինի ընդմիշտ: Դա՛ է մեր հաջողության ճանապարհը:

Սիրելի՛ արցախցիներ,

Այս ջերմ ու տոնական օրը նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, այն քաջ տղաներին, ովքեր խրամատներում կդիմավորեն Ամանորը` աչալուրջ հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինվորները պատվով իրականացնեն իրենց ծառայությունը եւ ողջ ու առողջ վերադառնան տուն:

Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ողջ հայ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի նվիրական իղձերի եւ նպատակների իրականացման տարի Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *