13895

25 տարի առաջ ադրբեջանական բանակը կոտորեց սեփական ժողովրդին

Այն, որ Ադրբեջանում իշխանությունը, անկախ նրանից, թե ով է եղել դրա ղեկավարը, երբեք էլ չի գնահատել սեփական քաղաքացու կյանքը, նորություն չէ։ Այսօրվա ղեկավար Իլհամ Ալիեւը հետեւողականորեն սեփական բանակը զոհաբերում է սեփական իշխանությանը, սեփական երկրի քաղաքացի զինվորներին՝ այդ իշխանությունն ամեն կերպ պահելուն։ Բայց Ալիեւը այդ առումով մի փոքր հրեշտականման է դառնում, երբ փորձում ենք նրան համեմատել 25 տարի առաջվա ժամանակահատվածի հետ, երբ Խոջալուի ադրբեջանցի բնակիչները բառացիորեն զոհաբերվեցին ադրբեջանական քաղաքական գործիչներին։

25 տարի առաջ, 1992թ. փետրվարին ադրբեջանցի բնակիչները լքում էին Խոջալուն, որն այն կրակակետերից մեկն էր, որտեղից գնդակոծվում էր Ստեփանակերտը։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը նրանց համար մարդասիրական միջանցք էին բացել, սակայն ադրբեջանական կողմը գերադասեց ինքնադատաստան տեսնել սեփական բնակչության հետ՝ կոտորելով նրանց։ Այն տարածքը, որտեղ զոհվեցին Խոջալուի ադրբեջանցի բնակիչները, գտնվում էր հենց ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երկրի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի եւ ընդդիմադիր ժողովրդական ճակատի միջեւ հակասությունն այն աստիճանի էր հասել, որ խոջալուի բնակիչները, որպես ինքնասպանդի զոհ ու խաղաքար, դարձան Ադրբեջանի ներքաղաքական ստորության բարձրագույն ցուցիչը։ Որքան էլ Իլհամ Ալիեւն այսօր ձգտում է գերազանցել սեփական ժողովրդի հանդեպ այդ անմարդկային վերաբերմունքի ու արյունահեղության ցուցանիշը, դա առայժմ նրան ամբողջությամբ չի հաջողվում, թեպետ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն իր անխոհեմությամբ ու մոլագարությամբ մոտենում է այդ բարձրակետին։

Ինչ վերաբերում է Խոջալուի ինքնասպանդին, ապա Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անձամբ խոստովանելով, որ դա հենց ադրբեջանցիների ձեռքի գործն է, ստիպված էր անկեղծ խոստովանության համար փախչել երկրից, թողնելով նույնիսկ ընտանիքը։ 20 տարի Մութալիբովը պարտակվում էր Ռուսաստանում, սակայն երբ համաձայնեց ղազագրվել Իլհամ Ալիեւի իշխանությանը, 2012թ. նրան թույլատրվեց վերադառնալ Ադրբեջան, ուր եւ ներկայումս տնավորվել է 79—ամյա «պանդուխտը», ով այժմ արդեն սպասարկում է Իլհամ Ալիեւին։ Մութալիբովը ալիեւյան վարչակազմին է նվիրվել այնքան հավատարմորեն, որ քծնանքի ծանրությունից արդեն իսկ մոռացել է իր՝ 1992թ. Ադրբեջանը ղեկավարած նախագահի օրոք սեփական բանակի կողմից թափված սեփական ժողովրդի արյունը։
Երբ Մութալիբովը Մոսկվայում էր, Հեյդար Ալիեւի, ապա Իլհամ Ալիեւի վարչակարգերը ազդարարում էին, որ եթե նա մտնի Ադրբեջան՝ անմիջապես կձերբակալվի։

Բայց Բաքու վերադառնալով՝ Մութալիբովն առանց ժամանակ կորցնելու այցելել էր Հեյդար Ալիեւի շիրմին եւ այնտեղ իսկ օճառվել հայր Ալիեւին։ Մութալիբովն այսօր էլ վայելում է իր քծնանքի պտուղներն ու Խոջալուի դեպքերին, այսինքն՝ սեփական բանակի կողմից սեփական ժողովրդին կոտորելուն վերաբերվում արդեն որպես Ալիեւի գալարափող, մոռանալով, որ 25 տարի առաջ ինքն էր խոստովանել, որ ադրբեջանցիներն իրենք են կոտորել ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ ծերության անվան տակ կարելի է «մոռանալ» իրականությունը, բայց անբարոյական է, երբ օր ծերության մոռանում, ավելի ճիշտ՝ ուրանում են նաեւ սեփական ժողովրդի արյունը, այն արյունը, որը ծանրացած է Խոջալուի դեպքերի ժամանակ Ադրբեջանի նախագահ Մութալիբովի, ադրբեջանական բանակի ղեկավարության, Ադրբեջանի քաղաքական ուժերի խղճին։
Խոջալուի դեպքերը՝ ադրբեջանցի բնակիչների սպանդը ադրբեջանական զորքերի կողմից, Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակարգերի խեղված հոգեբանության ու մարդկային ստորության ուղղակի հետեւանքն են։ Դրան նախորդած Սումգայիթի դեպքերը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված՝ քաղաքի հայ բնակչության եղեռնը եւ զանգվածային տեղահանությունը, ազգային խտրականության եւ թշնամանքի ակնառու արտահայտությունն էին, ու նաեւ՝ կրկին խեղված հոգեբանության ու մարդկային ստորության ուղղակի հետեւանք։

Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *