70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրության օրվա առիթով։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:

Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:

70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում և հաղթանակի կերտման գործում: Հայրենասիրության նույն անվեհեր ոգով ծնունդ առավ և հաղթանակով պսակվեց նաև Արցախի ազատամարտը` դառնալով հերոսական ու փառապանծ հաղթանակի նոր էջը մեր պատմության:

Տոնական այս օրը Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղության Իր շնորհների ներքո անվրդով պահպանի հայրենի մեր երկիրը և օրհնի աստվածասեր մեր ժողովրդին` պարգևելով ապահով ու բարօր կյանք:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ: Ամեն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *